Արտգործնախարարությունը ամփոփել է 2009 թ. իր գործունեությունը
ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է իր 2009 թ. գործունեության հաշվետվությունը: «Նախարարության աշխատանքներն ուղղված են եղել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանը այն երկրների հետ, որոնց հետ գոյություն ունեն խնդիրներ»,- նշվում է հաշվետվության մեջ:
Ըստ հաշվետվության` արտաքին քաղաքական կարևոր ձեռքբերումներից է ՀՀ միջազգային հեղինակության բարձրացումը և միջազգային հանրության կողմից ՀՀ դիրքորոշումների ընկալումն ու աջակցությունը: Վերջինը, ըստ հաշվետվության, դրսևորվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող համանախագահող երկրների և ԵԱՀԿ բոլոր 56 երկրների կողմից աթենքյան հայտարարություններում, որտեղ առաջին անգամ ամրագրվեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և բազմաթիվ փաստաթղթերում առավել շեշտվեց ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարևորությունը: Միջազգային հանրության կողմից ՀՀ դիրքորոշումների ընկալումն ու աջակցությունը դրսևորվել են նաև Հայաստանի նախաձեռնությամբ սկզբնավորված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, որն արժանացավ միջազգային հանրության ամենալայն հավանությանը:
2009 թ. կնքվել է շուրջ 100 միջազգային պայմանագիր: ՀՀ նախագահը կատարել է 22 օտարերկրյա այցելություն, Հայաստան է այցելել այլ երկրների 8 ղեկավար:
Արտգործնախարարությունը կազմակերպել է շուրջ 100 հարցազրույց աշխարհի առաջատար լրատվամիջոցներին, ելույթներ բազմաթիվ միջազգային համաժողովներում, քաղաքագիտական կենտրոններում: Հայաստանի վերաբերյալ հոդվածներ, հատուկ թողարկումներ եւ ներդիրներ են հրապարակվել աշխարհի հեղինակավոր պարբերականներում:
Երևանում և արտասահմանյան ուղևորությունների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 40 մամուլի ասուլիսի, 20-ից ավելի ավելի հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին:
Արտգործնախարարության հաշվետվության` Լեռնային Ղարաբաղին նվիրված մասում մասնավորապես նշվում է. «2009-ի հուլիսին Իտալիայի լ'Աքուիլա քաղաքում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլա Սարկոզին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեցին կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով և իրենց աջակցությունը հայտնեցին կարգավորման հիմնական սկզբունքների մշակմանն ուղղված կողմերի ջանքերին: ... Տարվա ընթացքում ոչ մի միջազգային կազմակերպություն, բացի Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից, չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հայկական կողմի դիրքորոշմանը հակասող որևէ բանաձև»:
Արտգործնախարարության հաշվետվության մեջ անդրադարձ կա է նաև Եվրամիության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Եվրոպայի խորհրդի, Անկախ պետությունների համագործակցության, Միավորված Ազգերի Կազմակերպություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն հետ համագործակցության մասին:
Հաշվետվության մեջ ներկայացված է նաև Հայաստանի անմիջական հարևանների` Իրանի, Վրաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական երկրների, Արաբական երկրների, Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների, Ասիական տարածաշրջանի երկրների հետ կատարված աշխատանքը:
«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախաձեռնողական քայլերը արժանացան միջազգային հանրության անվերապահ աջակցությանը: Արձանագրությունների շուրջ Հայաստանում ընթացան քննարկումներ, նույն նպատակով Հանրապետության Նախագահը աննախադեպ համասփյուռքյան ուղևորություն կատարեց դեպի աշխարհի հայաշատ գաղթօջախներ (Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Ռոստով)»,- նշված է հաշվետվության մեջ:
Հաշվետվության «Ռազմաքաղաքական համագործակցության» բաժնում անդրադարձ կա ՀՀ-ի`
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն հետ համագործակցությանը, սովորական սպառազինությունների վերահսկման, գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ խնդիրներին, միջազգային տնտեսական համագործակցությանը և այլն:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: ...Ապրիլին աշխարհի տասնյակ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ, մի շարք երկրներում` բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տարվա ընթացքում ցեղասպանության հարցը ավելի լայն տարածում գտավ միջազգային լրատվական դաշտում»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հաշվետվության` «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում» մասում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել