HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի օմբուդսմանը նույնպես ապատեղեկատվություն է տարածում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: Ըստ ru.trend.az լրատվամիջոցի` հունվարի 25-ին Ադրբեջանի օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «հայկական կողմի այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը»: Ըստ Ադրբեջանի օմբուդսմանի` իրենք շարունակում են ուսումնասիրել խնդիրը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը: «Նշված խնդրի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ 2009 թ. օգոստոսի 31-ին Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել է Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ»,- նշվում է ՀՀ ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: ՀՀ ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրությանը կից ներկայացրել է ԵՕԻ-ի գործադիր մարմնի որոշման օրինակը` ԼՂՀ Մարդու իրավունքների Պաշտպանի հաստատությանը ԵՕԻ-ի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ շնորհելու մասին: Ավելին,  2009 թ. հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել ԵՕԻ-ի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է ԵՕԻ-ի կառավարման խորհրդի անդամ: Այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրի ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաև ԼՂՀ Օմբուդսման Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ` մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին: «Կարծում ենք` ԼՂՀ Օմբուդսմանի հաստատության այս միջազգային ճամաչումը և Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter