«Մարտի 1-ի» զոհերի հարազատները դիմում են ԵԽԽՎ ղեկավարությանը
Մենք` «Մարտի 1-ի» զոհերի հարազատներս, խորը վրդովմունքով տեղեկացանք ՀՀ իշխանությունների եւ անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անօրինական եւ հակամարդկային հերթական որոշման մասին, որով նրանք փաստացի փորձում են լռեցնել մեր ու ՀՀ լայն հասարակության ձայնի հնչեցումը ԵԽԽՎ բարձր ամբիոնից, որը խղճի մտոք ու համարձակորեն իրականացնում է Հայաստանի պատվիրակության միակ իրական ընդդիմադիր անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Միայն նա է, որ մինչ օրս հետեւողականորեն հետամուտ է լինում ոչ միայն մեր` 2008թ. «Մարտի 1-ի» ոճրագործության հետեւանքով որդեկորույս դարձած ծնողներիս արդար պահանջին, այն է` համակողմանի բացահայտել «Մարտի 1-ի» հանցագործության բոլոր մեղավորներին եւ խստագույն պատժի ենթարկել նրանց, այլեւ շարունակաբար բարձրաձայնում է Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած եւ առայսօր չկատարված 4 բանաձեւերի կատարման անհրաժեշտությունն ու հրատապությունը, ինչը, համոզված ենք, մեծապես կնպաստի, որ ԵԽ անդամ այլ երկրների իշխանությունները ձգտեն գործել միմիայն օրենքի ու արդարության տիրույթում:
Վստահ ենք, որ Զարուհի Փոստանջյանի հենց նման անվախ սկզբունքայնությունն է պատճառը, որ մեր երկրի հանցածին իշխանությանը դրդեց դիմելու նոր աճպարարության` Զարուհուն հայաստանյան պատվիրակության հիմնական կազմից տեղափոխել փոխարինող` դրանով ցանկանալով ինչ-որ կերպ հեռու պահել նրան ԵԽԽՎ-ից, այսինքն, փաստորեն` լռեցնելու մեր բողոքի ձայնն ու արդար պահանջը:
«Մարտի 1-ի» էջը փակված համարող այս իշխանությունը բնավ չի խորշում նման ապօրինի եւ անբարո քայլերից. մենք եւ Հայաստանի ժողովուրդը այդ մասին քաջ գիտենք: Մնում է, որ ԵԽԽՎ ղեկավարությունն էլ ի վերջո գիտակցի դա: Իսկ եթե դուք եւս համամիտ եք այդ աներկբա ճշմարտությանը, ապա մեզ մնում է միայն մեկ հարց ուղղել ձեզ` ազատ խոսքը ճնշող, պետության քաղաքացիներին հալածելով ու այլախոհության համար բանտարկելով` «քաղբանտարկյալ» տերմինը կենդանացնող, հայրենակիցների վրա թիկունքից եւ դիմահար կրակելու հրաման տվող իշխանություններին պաշտպանելն ու նրանց չդադարող ապօրինությունները հանդուրժե՞լն եք համարում եվրոպական մարդասիրական առաջադեմ արժեքներ կամ եվրոպական բազմազգ ընտանիքի համերաշխության ու խաղաղ գոյակցության առանցքային պայման:
Մի՞թե` ԱՅՈ, եւ կամ` ձեր ժողովուրդները դրա՞ համար են ձեզ լիազորել այդ հեղինակավոր կառույցում…
ԵԽԽՎ ղեկավարներ, դիմում ենք ձեզ` պահանջելով չեղյալ համարել եւ չընդունել ՀՀ իշխանությունների` «Ժառանգության՚» ներկայացուցչի հանդեպ վերջերս կայացրած ապօրինի որոշումը եւ վերականգնել մեր ու ՀՀ բազմահազար քաղաքացիների իրավունքների աննկուն պաշտպան Զարուհի Փոստանջյանի բոլոր լիազորությունները ՀՀ պատվիրակության կազմում:
Սպասում ենք ձեր արձագանքին եւ պահանջում դրական պատասխան:
«Մարտի 1-ի» զոհերի հարազատներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել