Տեղյակ չէ, բայց գիտի
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով նույն պահին Սոչիում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները, ասել է, թե տեղյակ չէ` դրանց ընթացքում ինչ է նախատեսված:
Իսկ այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում ԼՂՀ կարգավորման, մասնավորապես` ազատագրված երեք շրջանները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին լուրերին, ասել է. «Չեմ կարծում, թե այնտեղ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի` տարածքների կամ շրջանների հանձնման վերաբերյալ»:

Ուշ երեկոյան արդեն Ս. Սարգսյանի վերադարձից հետո Սեյրան Օհանյանը, ըստ որոշ տեղեկությունների, հրավիրվել է նրա մոտ և բնականաբար, շատ բաների մասին տեղեկացվել: Մինչ այդ, պաշտպանության նախարարը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է «ՀԺ»-ի այս տարվա հունվարի 20-ի համարի «Բողոքի գիրք» խորագրում հրապարակված նամակում բերված տվյալները: Նամակում մի քաղաքացի մատնանշել էր, թե Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման մոտ երկու տարիների ընթացքում ինչպիսի հարստություն է հասցրել կուտակել:
«Այդքան բան որ ունենայի, էլ ինչու էի աշխատում, հենա հանգիստ կապրեի, ես այդ բնույթի մարդ չեմ»,- ասել է Օհանյանը:
Երեք կարծիք
Հայաստանի ընդդիմադիր կամ այդպես ներկայացող երեք ուժերը երեք տարբեր կարծիք ունեն ՀՀ ՍԴ վճռի հետ կապված ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարության մասին: Հիշեցնենք, որ Ֆ. Գորդոնը «դրական» էր գնահատել ՍԴ որոշումը:
«Գորդոնի հայտարարությունը միայն նշանակում է, թե ԱՄՆ-ը չի ցանկանա, որ Թուրքիան օգտվի առիթից ու փորձի տորպեդահարել հաշտեցման գործընթացը: Իսկ ՀՀ-ի հետ կապված կարևոր մեսիջ չեմ տեսնում»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Դա ճնշում է Հայաստանի վրա: Բայց Թուրքիայի մասին բան չի ասում»,- իր հերթին ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
«ՍԴ որոշումը ծուղակ էր, և այդ ծուղակն օգտագործվում է»,- ավելացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Էթնիկ անհամատեղելիության սկզբունքով
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն:
«ՉԻ» - Եթե հաշվի առնելու լինենք «էթնիկ անհամատեղելիության մասին» պնդումները և «թուրքը մնում է թուրք» հանրահայտ կարգախոսը, ապա այս իրադարձությունն, անկասկած, ազդելու է Հայաստան-Եվրախորհուրդ հարաբերությունների վրա: Զարմանալին այն է, սակայն, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարել է, թե հայկական պատվիրակությունը կսկսի աշխատել Չավուշօղլուի հետ: Փաստորեն, մերոնք Չավուշօղլուին չեն ծեծելու: Սա, նկատենք, արդեն իսկ մեծ առաջընթաց է:
Մյուս կողմից էլ, այս իրադարձությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Փաստորեն, սրանից հետո ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ ինչ որոշում ընդունի, դա ընկալվելու է որպես դարավոր ոսոխի կողմից իրականացված թշնամական քայլ: Այնպես որ` վերջ եվրոպական արժեքների արմատավորմանը: Ճիշտ հակառակը` ժամանակն է, որ խնդրին նայենք ազգային գերակա շահերի տեսանկյունից, կուլ չտանք կեղծ ժողովրդավարության խայծը և առաջնորդվենք «Ստրասբուրգը պիտի դառնա արյան ծով» գաղափարախոսությամբ:
Լեռնային Ղարաբաղը կմասնակցի՞ հետագա բանակցային գործընթացին
Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի` Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնեցրած ներգործական մասը, փաստորեն, իսկապես կարող է նորություն պարունակել, քանի որ իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` այս նախաբանում խոսք կա հետագա բանակցություններում ԼՂՀ մասնակցության մասին:
Քննարկված նախաբանում նշվել է ԼՂ մասնակցության անհրաժեշտությունը` բանակցությունների հետագա փուլերում, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը: Փաստորեն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն բնորոշումը, թե բանակցություններն աբստրակտ դաշտից տեղափոխվել են կոնկրետության դաշտ, իսկապես կարող է շատ կոնկրետ բան նշանակել հայկական կողմի համար: Ընդհանուր առմամբ` համաձայնեցված նախաբանը միայն ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարներն է մատնանշում, սակայն կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը` դեռևս հստակություն չկա:
Շարքային քաղաքացու առաջարկը
«Առաջարկում եմ, որ մեր ամենաբարձր ղեկավարներից որևէ մեկը` կլինի վարչապետը, թե մեկ ուրիշը, մեկ ամիս փորձի ապրել 39 հազար դրամ աշխատավարձով, մի այդքան էլ թող այդ բարձրաստիճանի կինը ստանա, և այդ գումարով թող փորձեն վճարել գազի, լույսի, աղբի, այլ կոմունալ վճարները, հետն էլ ապրեն, շոր հագնեն, հյուր գնան և այլն: Թող փորձեն անել, եթե ստացվի, ուրեմն թող գազը 40 չէ, 50 տոկոսով թանկացնեն»,- երեկ, լսելով, որ գազը հավանական է` կթանկանա 41 տոկոսով, նման առաջարկ արեց ՀՀ շարքային քաղաքացի, Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, ամեն ամիս իր հինգ հոգանոց ընտանիքը 39 հազար դրամ աշխատավարձով պահող տիկին Անահիտը:
Խոսելով հարցը չի լուծվում
«Ջուղայի գերեզմանատան ավերումից հետո հանցագործ կողմը պատասխանատվության չենթարկվեց: Պետք է դատ հարուցվեր:
Այս դեպքը ցույց է տալիս, որ մեր պասիվությունը նույնպես իր դերը կատարում է: Տարին մեկ-երկու անգամ խոսելով հարցը չի լուծվում, հետևողականություն է պետք: Հենց Ջուղայի նախադեպը ցույց է տալիս, որ շատ բան մեզանից է կախված: Իսկ հանցագործ կողմը նույն ոճով շարունակում է գործել: Միջազգային ոչ մի կազմակերպություն մեր դարդով չի ապրում»,- համոզված է Սամվել Կարապետյանը:
«Կմոտենանք վերահսկվող տպագիր լրատվամիջոցներին»
«Հեռուստատեսային դաշտն ամբողջությամբ վերահսկվում է, որևէ չվերահսկվող տեղեկատվություն հեռուստատեսությամբ չի գնում: Առայժմ չվերահսկվող տեղեկատվություն կա տպագիր լրատվամիջոցներում: Եթե ընդունվեն փոփոխությունները, 2012-ին մենք կմոտենանք վերահսկվող տպագիր լրատվամիջոցներին»,- ասել է Խոսքի ազատության պաշտպանության փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել