Նարինե Գրիգորյան. «Ես կամ իմ մարմնավորած բոլոր կերպարներում...».
«Մի մարդ հոգնած քնում է մի ծառի տակ, իսկ ծառը ցանկությունների ծառ է լինում, բայց ինքը չի իմանում այդ մասին: Արթնանում է, ասում է. «Վա՜յ, էս ինչ սոված եմ», հանկարծ ուտելիք է հայտնվում, հետո ջուր է ուզում, դա էլ է հայտնվում, հետո մտածում է. «Հաստատ չարքերն են», չարքեր են հայտնվում, «Վա՜յ, հեսա ինձ կուտեն», ու չարքերը նրան ուտում են: Կյանքում ամեն ինչ լինում է այնպես, ինչպես մենք ակնկալում ենք: Ես աշխատում եմ միայն դրական տրամադրվածությամբ նայել կյանքին, որովհետեւ միշտ կատարվում է այն, ինչին հավատում ես»,-ասում է դերասանուհի, բեմադրող-ռեժիսոր Նարինե Գրիգորյանը:
Նրա խոսքերով` ինքը մանկուց ունեցել է բեմի մարդ դառնալու տեսիլը եւ դեռ այն ժամանակվանից իմացել է` իր կոչումը դերասանուհի դառնալն է. «Ամեն տարի ամռանը գնում էինք Ղարաբաղ: Բոլոր թոռներով հավաքվում էինք տատիկի տանը, ու ես ներկայացում էի բեմադրում: Հիշում եմ` երկար, փոռիկներով գիշերազգեստը հագիս աստիճաններով ներքեւ վազեցի, դարպասից դուրս եկա. Մոխրոտ էի խաղում... Մի անգամ էլ մայրս մեզ` երեխաներիս հետ ներկայացում բեմադրեց. «Չիբուրաշկան», որտեղ մի վաճառող կար. ես նրա դերն էի խաղում: Ամենափոքրիկ դերը, որ խաղացել եմ երբեւէ»:
Նարինեն հավաստիացնում է, որ իր` ամենավաղ տարիներից մարմնավորած բոլոր կերպարներն ինքն է` տարբեր իրավիճակներում, ժամանակահատվածներում. «Էդ ամեն ինչը կա բոլորիս մեջ: Ինչո՞ւ առաջացավ թատրոնը: Մարդն ուզեցավ ավելի լավ ճանաչել իրեն: Թատրոնի միջոցով մարդը ճանաչեց իրեն: Ամեն մի կերպարը մի Նարինե է: Նարինեն մեկը չէ: Նարինեն շատ է. ես կամ իմ մարմանավորած բոլոր կերպարներում, եւ բոլոր կերպարները կան իմ մեջ»:
Դերասանուհին ասում է, որ ինքը սիրում է նոր բացահայտումներ անել, նորը փորձել, թեեւ երբեմն այդ ճանապարհին հանդիպում են խոչընդոտներ. «Մի կին նստած է սրճարանում, մյուսը մոտենում է, ու սկսում են ներկայացումը: 4 կողմից հանդիսատես է, չկան կուլիսներ: Մարդիկ անակնկալի են գալիս: Սկսվում է շփումը: Շատերը սա չեն հասկանում: Ասում են` լավ դերասանին հարիր չեն նման բաները, նույնիսկ չեն ընդունում դա իբրեւ արվեստ: Բայց, ի վերջո, կյանքն էլ է իմպրովիզացիա, եւ ասել, թե ներկայացումը պետք է անպայման բեմի վրա լինի եւ սցենարային, սահմանափակում է... Մարդիկ չեն գալիս ներկայացման, մենք ենք գնում, որ հետո նրանք գան, ու կայանա հանդիսատես-դերասան շփումը»,-նորի որոնման իր փորձն է պատմում դերասանուհին:
Նման փորձերից է նաեւ Մնջախաղի թատրոնում մարտին կայանլիք «Շրջանակից դուրս» ներկայացումը. «Մարդը լսում է հրեշտակի ձայնը, բայց չի տեսնում նրան: Նա եւ հրեշտակը ուրախանում են միեւնույն իրերով, բայց մարդը նրան չի տեսնում: Եւ միայն մաքուր ապրումի շնորհիվ մարդը տեսնում է նրան. նա դուրս է գալիս իր շրջանակից, տեսնում նրան, բացում է իրեն: Մի օր շրջանակը շրջանակ է, մի օր` ակվարիում, հեռուստացույց, լրիվ իմպրովիզացիա է: Ասեմ, որ մնջախաղ չի ենթադրում լռություն, որովհետեւ ձայնը մարմնի շարունակությունն է, ու սահմանափակել, ասել` չէ’, մնջախաղ է, պետք է ձայն չլինի, սխալ է»:
Սահմանափակումներն, ըստ դերասանուհու, գալիս են ծուլությունից, արդեն ընդունվածի մեջ տեղավորվելուց. «Երբ մարդ սովորում է մի բան անել, արդեն դառնում է արհեստ: Անընդհատ նույն խաղընկերը, նույն ռեժիսորը, նույն գլխավոր հերոսը, նույնը, նույը, նույնը: Նույնությունը սպանում է: Ամեն արվեստագետի համար դժբախտությունը հենց դա է: Վատ է նաեւ, երբ ուզում ես մարդուն հասկացնել անպայմանորեն քո հասկացածը: Ամեն մարդ էլ սիրում է իր ձեռքբերումը, պետք է թողնել, որ քո ստեղծածի վրա հանդիսատեսը իրենը ստեղծի, իր ձեւով ընկալի»:
Նարինեին ամենաշատն անհանգստացնում է արժեքային համակարգի մակերեսային ձեւավորումը. «Մի անգամ մի ներկայացման վերջում մի աղջիկ մոտեցավ ու ասաց. «Ամենաշատը ինձ դուր եկավ Վարդանի մատանին ու Նարինկայի պլաստկան»: Դիմակավորում: Սա է մեր ամենամեծ թերությունը: Առանց շպարի, վարսահարդարման մեր աղջիկները դուրս չեն գալիս, տղաներն էլ իրենց հերթին` «լավ տղու» ֆորման պիտի անպայման պահեն: Իսկ թատրոնը հասարակությունն է անդրադարձնում, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Ստացվում է` մարդիկ կյանքում ավելի շատ են խաղում, քան բեմում: Ֆորմայի գերին ենք: Էդ է փչացնում, լճացնում»:
Դերասանուհու կարծիքով` թատերական արվեստը կարող է մարդուն դարձնել ավելի լավը, հանել նրա դիմակը, ուստի դերասանները եւ ռեժիսորները ստանձնում են նաեւ ուսուցչությունը, եւ 1 անգամ լավ բեմադրած ներկայացման հաճախողը ցանկանում է նորից գնալ ու դիտել ներկայացում. «Մարդիկ ծիծաղում են կամ արտասվում: 2 դեպքում էլ լուսամուտ է բացվում, սկսում են լսել, բացվում են, ու էդ շպարված դիմակը կամ «լավ տղու» կերպարը մի պահ կորում են, ու էդ պահին է, որ նրանք պատրաստ են լսել քեզ:
Ես ոչ թե ծիծաղ եմ ուզում կորզել, այլ` ժպիտ: Ու եթե կորզում ես դա, ուրեմն կարող ես նրան ասել այլը, փոխել նրա մեջ ինչ-որ բան, արթնացնել նրա միջի մանուկին»:
Ն. Գրիգորյանը դասավանդում է ԵԹԿՊԻ-ում, բեմադրություններ անում Տիկնիկային թատրոնում, խաղում Համազգային թատրոնում, Մնջախաղի թատրոնում, եւ սա նրան ոչ միայն չի հոգնեցնում, այլեւ ավելի է ոգեւորում. «Երբ Համազգայինից հեւիհեւ հասնում եմ Տիկնիկային, Տիկնկիայինից` Պատանի հանդիսատես, հետո էլի` Համազգային, ճանապարհին շատ բան եմ սովորում, քայլող բոլոր անցորդների մեջ տեսնում եմ բոլոր կերպարներին, նրանց մեջ` ինձ, ու ես քայլում եմ` գնալու բացահայտելու նոր կերպարներ, որովհետեւ քանի դեռ խաղում եմ, զբաղվում իմ սիրած գործով, անսպառ են լինելու իմ բացահայտումները եւ նոր բան փորձելու ձգտումը»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել