
Ընդդիմադիր «Հիմա» երիտասարդական շարժման անդամ 18-ամյա Վահագն Գեւորգյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանների վճիռների, որոնց համաձայն նա մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Երիտասարդ ակտիվիստին դապարտել են 1 տարի ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի, սակայն նա ազատվել է պատժի կրումից` համաներման միջոցով: Չնայած դրան` երիտասարդ ընդդիմադիրը ցանկանում է հասնել արդարացման դատավճռի, քանի որ համոզված է, որ ինքն անմեղ է:
Վահագն Գեւորգյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք սահմանված ժամկետում բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել` գործն ընդունվել է վարույթ, թե ոչ:
Նշենք, որ Վահագն Գեւորգյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու լրագրող Հայկ Գեւորգյանի որդին է եւ կարծում է, որ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը կապված է նաեւ հոր մասնագիտական գործունեության հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել