HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրամիության խորհրդատվական խմբի ներկայացուցիչը` «Ժառանգությունում»

«Ժառանգություն» կուսակցությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է,որ «երեկ երեկոյան «Ժառանգություն» խմբակցությունում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ խորհրդատվական խմբի անդամ, Ազգային ժողովի խորհրդատու Էդուարդո դե Լորենցո Օչոան: Հյուրը ներկայացրել է խմբի առաքելությունը Հայաստանում, հիմնական նպատականերն ու անելիքները, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ իր հերթին` կուսակցության եւ խմբակցության հետեւողական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու օրինականության հաստատման, Հայաստանի եվրաինտեգրման գործում: Ս. Սաֆարյանը նաեւ համառոտ անդրադարձ է կատարել ընտրողների հետ կապի, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության` «Ժառանգության» փորձառությանը, ինչպես նաեւ` Հայաստանում քաղաքական իրավիճակին, ընդդիմության գործունեությանն ու դրա խոչընդոտներին: Պարոն Էդուարդո դե Լորենցո Օչոան «Ժառանգության» հետ սերտորեն աշխատելու  պատրաստակամություն է հայտնել եւ հույս հայտնել, որ առաջիկայում խմբակցությունը կներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները` Ազգային ժողովի դերի ու աշխատանքի արդյունավետության բարձրացման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում չի շրջանցվել օրվա կարեւոր զարգացումը` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մանդատների կասկածի տակ դնելը, որի պատճառ էին հանդիսացել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մեքենայություններն ու ձեռնածությունները` այդ հեղինակավոր կառույցում հայկական պատվիրակության նոր կազմ ձեւավորելիս: Ս. Սաֆարյանը ներկայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. հունվարի 13-ի կարգադրությունը, որով ՀՀ օրենքներին ու ԵԽԽՎ կանոնակարգին խստիվ հակասող մեթոդներով ու ձեւով փոփոխություն էր կատարվել Վեհաժողովում` հայկական խորհրդարանական պատվիրակության մշտական անդամների կազմում, եւ «Ժառանգության» ներկայացուցիչը «հաստատվել» էր իբրեւ փոխարինող անդամ: Դրանից հետո խորհրդարանի ղեկավարությունն ու մեծամասնությունը «ֆինանսական միջոցների սղության» պատճառաբանությամբ հանձնարարել էին չֆինանսավորել ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ, ԵԽԽՎ ժողովրդական կուսակցության խմբի Բյուրոյի, Մոնիթորինգի հանձնաժողովի ու 3 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստանջյանի գործուղումն այդ հանձնաժողովների` այս օրերին տեղի ունեցող նիստերին: Չնայած այդ խոչընդոտներին` ԵԽԽՎ «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբի անհապաղ աջակցությամբ ու հրավերով Զարուհի Փոստանջյանը մեկնեց Ստրասբուրգ` իր պատգամավորական պարտականությունները կատարելու: Իսկ ԵԽԽՎ այդ հեղիանակավոր խմբակցությունն էլ կասկածի տակ դրեց հայկական պատվիրակության մանդատները, քանի որ այն կազմավորվել է ԵԽԽՎ կանոնակարգով պարտադիր համարվող արդարության ու խորհրդարանում առկա բոլոր տեսակետների ներկայացվածության սկզբունքների խախտմամբ: Ս. Սաֆարյանը խորհրդարանի խոսնակի նման որոշումները լուրջ մարտահրավեր է համարել եւ հույս հայտնել, որ նման հարցերը նույնպես կներառվեն ԵՄ-Հայաստան օրակարգում, որպեսզի հետագայում էլ  խորհրդարանի խոսնակի անխոհեմ քայլերը հարվածի տակ չդնեն ու վատթարացնեն եվրոպական հեղինակավոր կառույցում Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը եւ անգամ` իրավունքները: Մինչ «Ժառանգություն» այցելելը, հյուրն ինքն էլ ականատես էր եղել Հայաստանում ԵԽ գրասենյակի առջեւ այս խնդրի կապակցությամբ ընդվզող ցուցարարների բողոքի ակցիային: Նրան են հանձնվել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում սպանված ՀՀ քաղաքացիների հարազատների եւ այդ իրադարձությունների արդյունքում ազատազրկված քաղաքական բանտարկյալների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ` կուսակցությանը փոխանցված բազմաթիվ բողոք-դիմումները, եվրոպական կառույցների ղեկավարությունից պահանջվում է կասեցնել ԱԺ նախագահի հակաօրինական եւ հակաժողովրդավարական կարգադրություն-ակտը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter