Ն. Երիցյանը հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալին
Այսօր էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը:
Իտալական պատվիրակության կազմում էին հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության և փոստային ծառայությունների փորձագետներ:
Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են այցի շրջանակում նախատեսվող հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները:
Քննարկվել են նաև հունվարի 27-ին իտալական պատվիրակության Գյումրի կատարելիք այցելության հետ կապված հարցեր: Գյումրիում նախատեսված շրջայցից հետո նրանց կներկայացվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այդ թվում լայնաշերտ ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, ինչպես նաև կտրվի Գյումրու տեխնոպարկի ծրագրի նկարագրությունը:
Իտալական պատվիրակության անդամները այցի շրջանակում հանդիպումներ կունենան նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, ՀՀ հանրային ծառայություևնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:
Հունվարին 27-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Մամուլի ասուլիս` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում կամփոփվեն հունվարի 26-ին և 27-ին իտալական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համագործակցության հեռանկարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել