HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Արտակ Դավթյանի` ուսուցիչների աշխատավարձերի հարցը շատ արագ լուծում կստանա

Տարբեր դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ ահազանգում են այն մասին, որ դեկտեմբերի հարկադիր պարապուրդից հետո աշխատավարձ կամ կիսով չափ են ստացել, կամ չեն ստացել: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանին ասաց լրագրողներց մեկը: Լրագրողը հարցրեց, թե ինչպե՞ս է լուծվելու խնդիրը: Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ինքն իր ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը, և բնական է, որ այն ուսուցիչները, ովքեր կատարում են իրենց պարտքը, պետք է ստանան իրենց աշխատավարձը: «Կոնկրետ կան դեպքեր, երբ, ասենք, քարտային վճարումներ են կատարվում, և այդ քարտային վճարումներով չեն ստուգել: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր հանձնաժողովի կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի պարզվի, թե ինչու մարդիկ կիսով չափ են ստացել կամ ուշացել են այդ աշխատավարձերը: Համոզված եմ, որ նմանատիպ տեսակետ կա նաև մեր կառավարությունում, հանձին Կրթության և գիտության նախարարության: Եվ ես իմ գործընկերոջ հետ ամեն ինչ կանեմ, որպեսզի եթե մեղավոր անձինք կան, այդ մեղավորները իրենց պատիժը ստանան: Միանշանակ լուծումը մեկն է. մարդիկ պիտի իրենց վաստակած աշխատավարձը ստանան և ստանան ժամանակին»,- ասաց Արտակ Դավթյանը: Լրագրողը հարցրեց, թե արդյոք ԱԺ գիտության և կրթության մշտական հանձնաժողովը ունի՞ լծակներ, որոնց կիրառումով կկարողանա հասնել նրան, որ կոնկրետ մեղավորները պատասխանատվության կանչվեն: Արտակ Դավթյանը պատասխանեց, որ բնականաբար նման լծակներ հանձնաժողովն ունի: «Եկեք չսրենք այդ հարցը, որովհետև ես կարծում եմ, որ հարցը ուղղակի շատ արագ իր լուծումը կստանա: Ուղղակի խնդիրը այստեղ այն է, որ այն մարդիկ, ովքեր թերացել են իրենց պարտականությունները կատարելիս, պիտի պատասխանատվության ենթարկվեն: Սա միանշանակ է: Ես կարծում եմ, որ որևիցե բան չի կարող օգնել այն մարդկանց, այն պաշտոնատար անձանց, ովքեր նման աշխատաոճ ու գործելաոճ են որդեգրել»,- ասաց Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter