Նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: Նա Երեւանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր` Ս. Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մեզ ուղղակի պարտավորեցնում է աշխատանքային կարգով ամեն օր անդրադառնալ այդ հարցերին:
Մենք Վրաստանը համարում ենք եղբայրական, բարեկամական երկիր եւ պատրաստ ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները»:
Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի լավագույն բարեմաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը: «Մենք հիմա լավագույն` եղբայրական հարաբերություններ ունենք»,- ընդգծել է վարչապետ Գիլաուրին:
Հանրապետության ղեկավարը հետաքրքրվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքով: Նշելով, որ միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստն անցել է բավականին արդյունավետ` Վրաստանի վարչապետն ասել է. «Մենք քննարկել ենք բազմաթիվ խնդիրներ. ենթակառուցվածքային, մշակութային, սոցիալական եւ այլ բնույթի ծրագրեր եւ քննարկված գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ եկել ենք պայմանավորվածությունների»: Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Վրաստանում:
Համաձայնելով, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես ներառել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ` կողմերն անդրադարձել են օրակարգային խնդիրներին:
Ս. Սարգսյանը եւ Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում տնտեսական վիճակի, ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Նրանք խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել