HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում «Տեղական ինքնակառավարման մարմինների հանրության հետ կապերը» թեմայով

«Ոչ պակաս կարեւոր հանգամանք է, որ մեր կատարած աշխատանքների մասին հանրությունը տեղեկացված լինի, փոխադարձ կապ հաստատվի, որ նաեւ մենք տեղեկացված լինենք մեր կատարած աշխատանքների մասին, հանրության կարծիքին եւ վերաբերմունքին»,- ասաց Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանն իր բացման խոսքում այսօր քաղաքապետարանում, «Ուրբան» ինստիտուտի ծրագրի շրջանակներում անցկացված «Տեղական ինքնակառավարման մարմինների հանրության հետ կապերը» թեմայով քննարկմանը: Նա նշեց, որ այդ դերակատարությունը իրականացվում է լրատվամիջոցների, ՀԿ-ների, միջոցով, այդ պատճառով էլ քննարկմանը հրավիրվել են հենց այդ բնագավառի մարդիկ. «Մեր քաղաքում քաղաքացիները մեծ ուշադրությամբ հետեւում են լրատվամիջոցների աշխատանքին` թե տեղական հեռուստատեսության, թե մամուլի, հատկապես այն մամուլի, որոնք տեղում ունեն սեփական թղթակիցներ. «Մասնավորապես «Հետք» թերթը, որ երեւի օր չկա, որ յուրաքանչյուրս եւ մեզ նման շատ շատերն այդ թերթը չընթերցեն` փնտրելով, Ալավերդու մասին նյութերի: Նույնը վերաբերում է նաեւ «Անկյուն+3» հեռուստաընկերության աշխատանքներին»: Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Սոսո Սիրադեղյանը հարցրեց քաղաքապետի տեղակալին, թե ինչպես է նա գնահատում քաղաքապետարանի եւ հանրության կապերը: «Մենք հնարավոր բոլոր տարբերակները օգտագործում ենք թե մամուլի, թե հեռուստատեսության միջոցով հանրությանը տեղեկատվություն հաղորդելու համար, տեղեկատվություն ենք հաղորդում նաև մեր` «Alaverdi.am» կայքի միջոցով: Բայց ամեն դեպքում մեր աշխատանքի գնահատողը մենք չենք լինելու, ավելի շուտ հենց լրատվամիջոցները, որոնք մեծ լսարանի հետ են աշխատում, եւ ամբողջ ինֆորմացիան հանրությանը հասնում է նրանց միջոցով: Կա՞ որեւէ արգելք քաղաքապետարանից տեղեկատվություն ստանալու եւ բնակչությանը իրազեկելու գործում, սրա հետ կապված նոր մեխանիզմներ դուք կարող եք մեզ հուշել, այդ ուղղությամբ եկեք մտածենք»,- առաջարկեց քաղաքապետի տեղակալը: Քաղաքապետարանի հարկահավաքության բաժնի պետ, «Երիտասարդ Ալավերդի» ՀԿ-ի նախագահ Վահե Պարանյանը խնդրեց «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Սոսո Սիրադեղյանին տեղեկացնել, թե ինչ պետք է արվի, որպեսզի  քաղաքի Սանահին կայարանային եւ Շահումյան թաղամասերի բնակչությունը կարողանա դիտել «Անկյուն+3» հեռուստաընկերության հաղորդումները, որին էլ Ս. Սիրադեղյանը պատասխանեց. «Դա այսօրվա դրությամբ տեխնիկապես անհնար է, անօրինական ձեւով հնարավոր է կարճ ժամանակով խնդիրը  լուծել, բայց ահագին ծախսերով: Միակ ճանապարհը 2010թ.-ից` Կառավարության որոշում եւ հայեցակարգ կա թվային եթերի անցնելու մասին: Այսինքն` սկսում ենք անցնել: Երբ թվայինը մտցվի, էդ ժամանակ ոչ միայն Սանահին կայարանում, եթե ֆինանս ների` Ղափանում էլ կարող են «Անկյուն +3» հեռուստաընկերությանը լսել»: Պարզվեց Սանահին կայարանայի եւ Շահումյան թաղամասերի բնակիչներին  ամբողջովին   հասանելի չէ  նաեւ ինտերնետային ծառայությունը: Այս կապակցությամբ «Բետանետ» ընկերության տնօրեն Սամվել Բեկթաշյանը հայտնեց. «Կոնկրետ  Սանահին կայարան թաղամաս հասնելու համար մենք բարձր ռելիեֆի հաղթահարման նպատակով  պետք է տեղադրենք թանկ եւ նոր սարքավորումներ, սակայն չկա համոզվածություն, որ այդ գումարները ետ կբերենք: Մենք երբ  շուկան ուսումնասիրում ենք, նկատում ենք, որ այդ թաղամասերում կապի տարածումը մեզ համար ռիսկային է»: «Վահագնի 21» ՀԿ-ի նախագահ Գոռ Հովվյանն էլ կարեւորեց ինչպես Սանահին կայարանային ու Շահումյան, այնպես էլ քաղաքի մյուս թաղամասերում տեղեկատվական տախտակների տեղադրումը: «Ժամանակին քննարկվում էր նաեւ, որ այս նույն դահլիճում ավագանու անդամներն ունենան քաղաքացիների ընդունելության ժամ, այդպես էլ այդ հարցը չլուծվեց, ոչ մի ավագանի բնակիչների ընդունելության ժամ չունի: Չնայած բոլոր ավագանիները ասում են. «Մենք ժողովրդի հետ ենք, մենք ժողովրդին հանդիպում ենք եւ այլն, բայց շատ քաղաքացիներ կան, որոնք  թեկուզ դեմքով չեն ճանաչում իրենց ընտրած ավագանու անդամին»»,- ասաց Գոռ Հովվյանը: Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը, ի պատասխան Գոռ Հովվյանի հարցադրումներիմ, հայտնեց, որ այս տարվա բյուջեով արդեն նախատեսված է բոլոր թաղամասերում քաղաքապետարանի կողմից տեղադրել տեղեկատվական տախտակներ: «Եթե չինովնիկն է խուսափում լրատվամիջոցների հետ ակտիվ համագործակցությունից, թեեւ էլի ընդունելի չէ, բայց մեկնաբանություն կարող է ունենալ: Երբ ընտրովի մարմնի անդամն է պասիվանում լրատվամիջոցների հետ աշխատելու գործում եւ զլանում է տեղեկացնել, որ ավագանին կամ պատգամավորը գործում է, կամ սա նրանք պետք է անեն, գոնե անձնական PR-ի շահերից ելնելով: Ցավոք ավագանիների պասիվությունը կա, որեւէ մեկս դեպք չի հիշի, որ բնակչության հետ հանդիպման նախաձեռնություն ցուցաբերեն ավագանու անդամները»,-ասաց Ա. Վարոսյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների մասին իմ դիտարկումները հայտնեցի նաև ես, որպես «Հետքի» Ալավերդու թղթակից. «Ոչ վաղ անցյալում «Հետք» -ում հրապարակում էր եղել Ալավերդու նորակառույց գերեզմանոցում տեղի ունեցած չարաշահումների մասին: Հոդվածի հրապարակումից հետո Լոռու մարզային դատախազը մեծ լսարանի առաջ, լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարել էր այդ գերեզմանոցի նույն կոռուպցիոն ռիսկերի մասին: Հարցին անդրադարձել էր Կառավարության վերահսկողական ծառայությունը:Ալավերդու ավագանին հոդվածի հեղինակի բացակայությամբ քննարկել եւ իր ընդունած որոշման մեջ  հրապարակման համար դատապարտել էր հոդվածի հեղինակին: Սա ավագանու կենսագրության մեջ թերթի հրապարակման եզակի քննարկում էր, ցավոք հարցումները պարզեցին, որ նրանց մեծ մասը ոչ միայն չէին կարդացել հոդվածը, այլ անտեղյակ էին գերեզմանոցի վիճակին: Նրանք հարկ չհամարեցին թերթի այլ հրապարակումների անդրադառնալ, այն դեպքում, երբ  «Հետք»-ի շատ հրապարակումներ ուղղակի պահանջում են քաղաքապետարանի կողմից բացատրություններ: Թերթը բնակիչների պահանջով երբեմն անդրադառնում է  քաղաքապետի բիզնեսին, նրա կողմից իր հարկային պարտավորությունների չկատարմանը, բնակչության շրջանում դժգոհություն առաջացնող ավագանու առանձին որոշումներին, որոնց համար քաղաքապետարանը եւ ավագանին պարտավոր են թերթի միջոցով բացատրություն տալ բնակիչներին, որը չի կատարվում: Իսկ դա նշանակում է, որ Ալավերդու քաղաքապետարանը դեռևս պատշաճ չի աշխատում  լրատվամիջոցի հետ»: «Որպես «Հետք» թերթի ամենօրյա ընթերցող, ես կարդում եմ «Հետք»-ի բոլոր հոդվածները, ոչ միայն Ալավերդուն վերաբերող հոդվածները, ու մի էսպիսի բան եմ դիտարկել. թերթի գրեթե բոլոր հոդվածներում սկսում են մեղադրել ինչ որ կողմի, ու մարդ ենք էլի, որ մի քիչ օրենքը տիրապետում ենք, նկատում ենք,  որ քննադատվող մարդու կողմից իրավական խախտում չկա, թերթը բարոյական հիմքի վրա մարդուն իրավական խախտման մեջ մեղադրում է: Ես բարոյապես սխալ եմ համարում այս տարբերակը»,- ասաց քաղաքապետարանի հարկահավաքության բաժնի պետ  Վահե Պարանյանը: «Այո, ճիշտ եք ասում, օրինակ Ալավերդու քաղաքապետը մեծածախ վաճառք իրականացնող իր հզոր «Կատա» խանութների ցանցի  ծխախոտի և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար, խղճուկ ապրանքաշրջանառություն ունեցող մանր խանութներին հավասար տարեկան 32 հազար դրամ լիցենզիայի տուրք է վճարում, որի որոշումը կայացրել է նրա ազդեցության շրջանակներում  գտնվող ավագանին: Իրավական առումով քաղաքապետի «Կատան» վճարում է ավագանու որոշմամբ սահմանված տուրքը, բայց բարոյական առումով, այդ որոշումը կայացնելիս, քաղաքապետը չարաշահել է իր պաշտոնական դիրքը եւ շրջանցել է փոքր խանութպանների շահերը: Եթե այդպես չէ, ինչու ավագանին չի քննարկում մանր խանութների տերերի այս կապակցությամբ թերթին ուղղված դժգոհությունը: Ձեր ասելով այս պարագայում չպետք է քննադատել քաղաքապետի՞ն»,-Վահեի Պարանյանին էլ հարցրեցի ես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter