«Չեմ կարծում, որ ցանկացած հարց նախ պիտի դրվի համաժողովրդական քննարկման»
«Ինչո՞վ է բացատրվում «ներածական մաս» ասվածի գաղտնիությունը, ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ է այն: Այդ մասին լռում են թե նախագահականում, թե արտգործնախարարությունում: Ասացիք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների երեկվա հանդիպման մասին տեղեկացել եք կայքերից: Ինչո՞ւ ոչ հենց ՀՀ նախագահի կայքից, ինչո՞ւ ոչ պետական լրատվամիջոցներից: Կամ ինչո՞ւ պետք է հենց ադրբեջանական կայքերից տեղեկանանք, թե ինչ է երեկ տեղի ունեցել»: Այս հարցը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողերից մեկն ուղղեց Ազգային ժողովի գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանին:
Նա պատասխանեց, որ ինքն առաջին հերթին տեղեկատվություն է ստանում հայկական կայքերից:
«Ցանկացած բանակցություն, եթե գաղտնիության ռեժիմ չի պարունակում, ապա իր իմաստը ամբողջովին կորցնում է: Ես չեմ կարծում, որ ցանկացած հարց նախ պիտի դրվի համաժողովրդական քննարկման, և այդ համաժողովրդական քննարկումից հետո 2 երկրների նախագահներ (կամ 3-րդ նախագահի, կամ համանախագահների միջնորդությամբ) փորձեն ինչ-որ դրական հանգրվանի հասնել: Սա ընդհանրապես ոչ մի դրական արդյունքի չի բերի: Սա իմ համոզմունքն է, և զուտ պարզ տրամաբանությունն էլ է հուշում այդ մասին»,- ասաց Արտակ Դավթյանը:
Նա օրինակ բերեց «մադրիդյան սկզբունքները», որոնք, իր խոսքերով, ողջամիտ ժամանակահատված գաղտնի պահվելուց հետո գաղտնազերծվեցին: Արտակ Դավթյանի կարծիքով` ոչ «բավականաչափ մեծ ժամանակահատված» անց կգաղտնազերծվի նաև «ներածական մասը», և բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պաշտոնական պատասխաններն ու մեկնաբանությունները: «Այնպես որ, մի փոքր համբերենք»,- ասաց նա:
Արտակ Դավթյանի խոսքերով` հազիվ թե 2010 թ. Արցախի խնդրի ոչ տեսական, այլ գործնական լուծումների տարբերակներ, իրական, շոշափելի արդյունքներ լինեն: Նա համամիտ է ՌԴ նախագահի և վարչապետի այն տեսակետին, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը և հայ-թուրքական արձանագրությունները այնքան բարդ ու տարողունակ գործընթացներ են, որ առանձին են ընթանում, և հնարավոր չէ միաժամանակյա առաջընթաց:
«Եթե Սոչիում նորից նշվում է բանակցությունների հետագա շարունակումը, սա իհարկե առաջընթաց է: Ադրբեջանական կողմի հիասթափություններին գումարվում են ավելի նոր հիասթափությունները` կոնկրետ կապված այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական կողմը անընդհատ ցանկանում է միակողմանի զիջումներ կորզել: Ես կարծում եմ, որ ուղղակի հին տհաճություններին փոխարինելու են գալիս նոր տհաճությունները, այսինքն` այն, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի այն մտքի հետ, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմից դուրս», արդեն բավականին հին արտահայտություն է և իր տեղը աստիճանաբար պիտի զիջի ավելի կառուցողական դիրքորոշումների»,- ասաց Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` նա նշեց, որ 2010 քաղաքական տարին սկսվեց հունվարի 12-ին: Այդ օրը, Արտակ Դավթյանի կարծիքով, «Սահմանադրական դատարանը ընդունեց իր անցած պատմության մեջ լավագույն որոշումներից մեկը, և փաստորեն հստակ իրավական դիրքորոշում արտահայտեց հայ թուրքական արձանագրությունների կապակցությամբ»:
«Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները ևս արտահայտվեցին մեր Սահմանադրական դատարանի որոշման դրական լինելու կապակցությամբ, և որ իհարկե հայ-թուրքական արձանագրությունները հնարավորինս արագ վավերացվեն»,- ասաց Արտակ Դավթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել