
Ազգային բանակի կազմավորման 19-րդ ամյակի կապակցությամբ մի խումբ զինվորականներ հյուընկալվել էին Շիրակի թեմի առաջնորդին: Շնորհավորելով ներկաներին` Սրբազանը նկատեց, որ տոնը միայն զինվորականներինը չէ, այլ համայն հայությանը:
«Գովելի է, որ ի վերջո մենք ունեցանք մերը, ազգային բանակի տոնը, ու նշվում է ոչ թե փետրվարի 23-ը, այլ հունվարի 28-ը, որ մեր բանակի ծննդյան օրն է: Ես ինքս ծառայել եմ, երկու տարի շինգումարտակում եմ եղել, այնտեղ ուղարկեցին որպես ճեմարանականի, որպես անվստահելի անձի: Դա Ղազախստանում էր, այնտեղ էին ուղարկում բոլոր ճեմարականներին: Բայց ասեմ, որ երբեք դժգոհ չեմ եղել, որ ծառայել եմ: Այդ երկու տարին երբեք կորուստ չեմ համարել եւ ինչքան տարիները հեռանում են, այնքան կարեւորում եմ ծառայության ժամանակաշրջանը: Ես հիմա ափսոսում եմ, որ ճեմարականներն ազատվում են զինվորական ծառայությունից: Իհարկե հոգեւոր ծառայությունն էլ է ծառայություն, առանց ուսադիրների, բայց լավ կլիներ, որպեսզի այդ երկու տարին նույն հոգեւորականը նաեւ զինվորական ծառայություն անցներ: Դա կոփում է տղամարդուն»,-նկատեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Սրբազանի համոզմամբ, հայոց բանակն այսօր հաղթանակած բանակների թվում է: «Հաղթանակած բանակ լինելու հասկացությունը սերունդների մեջ մշտապես պիտի լինի: Մենք պարտադրված ենք ունենալու հզոր բանակ, որ այսօր աշխարհին ներկայանում է հաղթանակի դափնիներով: Եթե նայենք մեր հարեւաններին` նույն վրացիները, որ այդքան զենք զինամթերք ստացան Ամերիկայից, ամերիկյան ձեւով զինեցին, հագնվեցին, սակայն ընդամենն երկու օրում ինչ ապտակ կերան: Թուրքական բանակի մասին էսքան խոսում ենք, թե հզոր, մեկ միլիոնանոց բանակ են, բայց քրդական ապստամբներից ամեն անգամ ապտակ են ուտում: Ուրեմն էդքան էլ հզոր չեն: Ադրբեջանցիներն արդեն մեզնից ծեծ կերած են: Իրաքի բանակը, որ այդքան հոխորտում էր, էլի ծնկի բերեցին, Իրանի բանակն էլ չկտրած ձմերուկ է: Մի խոսքով, այս համեմատության մեջ որ նայում ես, մեր բանակով հպարտանալու տեղ կա»,-կարծիք հայտնեց թեմի առաջնորդը:
Միքայել Սրբազանը ներկաներից հետաքրքրվեց զորակոչի վիճակով, խուսափողների ու այլընտրանքային զինծառայության դիմողների թվով: «Վերջին երկու տարում այլընտրանքային զինծառայողներ չենք ունեցել», -վստահեցրին ներկաները:
«Նշանակում է` աղանդավորներ էլ չկան»,-նկատեց Սրբազանը:
Ըստ թեմի առաջնորդի` եթե այլընտրանքային զինծառայության համար դիմողներ չկան, ուրեմն այդ սերնդի աղանդավորներ չկան: Սրբազան հայրն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում ընդունված չէ աղջիկների ծառայությունն, ինչպես Իսրայելում է. «Կարծում եմ, որ մեր բանակը դրանից կշահեր, կշահեր նաեւ պետությունը, որտեղ բոլորն են ծառայում»:
Ախուրյանի զինկոմիսար, փոխգնդապետ Գրիգորյանը, օգտվելով առիթից, խնդրեց Միքայել Սրբազանից, որպեսզի եկեղեցին մի փոքր ավելի աչալուրջ լինի զինծառայողների ծնողներին` նրանց հարազատների ամուսնության մասին ծանուցող տեղեկանքներ տրամադրելիս:
«Եղել են դեպքեր, որ նման փաստաթութ են ներկայացրել, մենք արձակուրդ ենք տվել, սակայն պարզվել է, որ տվյալ զինծառայողը խաբել է: Ասում են` քույրս կամ եղբայրս ամուսնանում է: Մենք պահանջում ենք դա հաստատող փաստաթուղթ, եկեղեցուց բերում են պահանջած փաստաթուղթը, հետո պարզում ենք, որ ոչ մի հարասանիք էլ չի եղել»,-պարզաբանեց փոխգնդապետ Գրիգորյանը:
Թեմի առաջնորդն ասաց, որ տեղյակ է խնդրին, եւ ինքն արդեն արգելել է նման փաստաթղթի տրամադրումը, քանի որ, երբ սկսել են տրամադրել, պահանջարկը անչափ մեծ է եղել: Այնուհետեւ աչք է ծակել վաղօրոք գրանցած պսակադրությունների եւ իրականում պսակադրվածների թվային տարբերությունը, որն էլ ստիպել է Սրբազանին զգուշանալ եւ արգելել նման փաստաթղթի տրամադրումը:
Հյուրընկալված զինվորականներն առաջնորդարանից հեռացան` իրենց հետ տանելով Սրբազանի մակագրությամբ եկեղեցական օրացույցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել