HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Տեքստով և նմանությամբ Ըստ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի` անհայտ «խակերները» հարձակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի վրա և «որոշ փոփոխություններ» արել, ինչի արդյունքոմ կայքէջում բոլորովին այլ քարտեզ է հայտնվել (Ղարաբաղը` առանց ազատագրված տարածքների և Շահումյանի շրջանի): «ՉԻ» - Դա իսկապես զավեշտ է: Եթե հավատալու լինենք Սամվել Ֆարմանյանին, ստացվում է, որ ադրբեջանցի «խակերները» ջարդել են Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջը և իրենց ձեռքով քարտեզի վրա հայերեն գրել են «ԼՂՀ»: Բացի դրանից` հարց է ծագում` եթե դա իսկապես ադրբեջանցիների ձեռքի գործն է, ինչո՞ւ այդ «հարձակման» հետևանքները չեն վերացվում, և ինչո՞ւ է «դեպքից» մի քանի օր անց էլ կայքէջում տեղադրված նույն խայտառակ քարտեզը: Իրողությունն այն է, որ ադրբեջանցի «խակերներն» այս ամենի հետ հազիվ թե կապ ունենան: Պարզապես Սերժ Սարգսյանի կայքէջում տեղադրված է այնպիսի քարտեզ, որը լիովին համապատասխանում է ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատկերացումներին: Զենք են գտել «ՉԻ» տեղեկություններով` մոտ երեք օր առաջ Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեծաքանակ զենք-զինամթերք է առգրավել: Խոշոր խմբաքանակը պետք է մտներ Հայաստան, սակայն «տեղ չի հասել»` ընկել է օրինապահների ձեռքը: Թե ինչ զենքեր են, ով է դրանք փորձել բերել կամ անցկացնել Հայաստանով, երեկ մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց: ՊԵԿ լրատվական ծառայությունից ասացին, թե իրենք նման տեղեկություն չունեն: Ընդդիմության հանրահավաքների օրերին ևս այսպիսի տեղեկություն տարածվեց, և շատ չանցած` ընդդիմադիր շատ ակտիվիստներ կալանավորվեցին, որոնցից շատերը ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Այնպես որ, բացառված չէ, որ այս դեպքից հետո ևս ինչ-որ անակնկալ զարգացումներ ծավալվեն` հատկապես որ սրացումները ամենևին բացառված չեն: Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձեց Երեկ ադրբեջանական «Day.az»-ին տված հարցազրույցում այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ էլհան Խոլուխովը, մեկնաբանելով տեղեկությունները, թե ԼՂ-ն կարող է ներգրավվել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցություններում, հայտարարել է. «Ղարաբաղի հարցով բանակցությունները վարում են հակամարտության կողմերը, որոնք են Հայաստանն ու Ադրբեջանը, և այդ բանակցություններին ԼՂ հայկական համայնքի ներգրավման մասին տեղեկությունները անհիմն են: Բանակցություններին ԼՂ երկու համայնքների` հայերի և ադրբեջանցիների ներգրավման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն հակամարտության հարցում փոխադարձաբար ընդունելի համաձայնության հասնելուց հետո: Այս փուլում այդ հարցի քննարկումը որևէ հիմք չունի»: Ադրբեջանը կկորցնի ինքնիշխանությունը ԱԺ պաշպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին, ասել է. «Շատ են վարկաբեկել սրանով իրենց Ադրբեջանի իշխանությունները: Այնուամենայնիվ, վտանգը կա, և մենք պետք է պատրաստ լինենք: Բայց եթե առաջին պատերազմի ժամանակ հարձակվող կողմը կորցրեց 7 շրջան, այս անգամ կկորցնի իր ինքնիշխանությունը: Համեմատած առաջին պատերազմի` Հայոց բանակն այսօր առավել հզոր է, և շատ ավելի հուժկու կլինի հակահարվածը, քան առաջին անգամ էր»: Կեցցես, Նաիրա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽ ԽՎ նորընտիր նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մեվլյութ Չավուշօղլուն է նվիրել Սամվել Կարապետյանի «Ղարաբաղի հայկական հուշակոթողները» ստվարածավալ գիրքը` «Ճշմարտությունը վեր է քաղաքական շահերից» մակագրությամբ: Ն.Զոհրաբյանը նույն գրքի մեկ օրինակ էլ հանձնել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և նրան ևս կոչ արել իր պաշտոնավարման ընթացքում երբևէ զոհ չդառնալ քաղաքական շահերին: «Քանի որ նախորդ նստաշրջանում ինձ մեղադրեցին, թե կանոնակարգ եմ խախտում` ադրբեջանցիների դեմ հակաքարոզչական նյութեր տարածելով, այս անգամ ինձ հետ վերցրած նյութերը, մասնավորապես 1990 թ. Բաքվի ջարդերին վերաբերող «Իրական ողբերգություն» և Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի ոչնչացման մասին պատմող «21-րդ դարի վանդալները» ֆիլմերի DVD-ները դրել եմ ծրարի մեջ և պաշտոնապես հանձնել ԵԽ ԽՎ-ում ներկայացված եկրների պատվիրակություններին»,- ասել է Ն.Զոհրաբյանը: Պատգամավորը նշված DVD-ները երեկ պաշտոնապես հանձնել է նաև ադրբեջանական պատվիրակությանը` «Սովորեք նայել ճշմարտության աչքերին» մակագրությամբ: Նիկոլայ Հովհաննիսյանի «The Armenian Genocide» գիրքը` 10 լեզուներով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների, ի մասնավորի հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների բարդ համապատկերում կարևորագույն ներդրում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արևելագետ Նիկոլայ Հավհաննիսյանի «The Armenian Genocide» գրքի լույս ընծայումը` միաժամանակ 10 լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, ճապոներեն, արաբերեն, գերմաներեն, հունգարերեն, ռուսերեն, հայերեն): Գրքի տպագրությունն իրականացվել է «Զանգակ 97» հրատարակչատանը` տնօրեն Սոկրատ Մկրտչյանի անմիջական աջակցությամբ: Պատասխան տվեք Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանի Եվրոպական դատարանին ներկայացրած դիմումի առնչությամբ ԵԴ-ն ՀՀ կառավարությանն է ուղարկել հարցերի իր ցանկը: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանը: Երբ ԵԴ դիմումի հետ կապված կոմունիկացիան սկսվում է, նշանակում է, որ մի քանի ամսից դատարանը կարող է նաև վճիռ կայացնել: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը ձերբակալվեց 2006-ի դեկտեմբերի 9-ին` հակասահմանադրական կոչեր անելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Վերջին մեղադրանքով էլ նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման: Իսկ իբրև ապօրինի զենք ներկայացվեց նրան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին, որպես պարգև տրված ատրճանակը: ՀՀ կառավարությանն ուղարկված հարցերը ստացվել են հունվարի 23-ին: Դրանք Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործի քննության ժամանակ տեղի ունեցած իրավախախտման փաստերի վերաբերյալ են, որոնց առնչությամբ ԵԴ-ն կառավարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել: Կադրային զտումներ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը սկսել է կադրային զտումներ անել: Երեկ նա աշխատանքից ազատել էր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության մի քանի աշխատակիցների, որոնց վերջերս բռնել են կաշառք վերցնելիս: Այս վարչությունն է հսկում ապօրինի շինարարությունները և դրանք կանխելու փոխարեն երբեմն աչք է փակում: Իսկ երբ շինությունն արդեն կանգնեցված է, այն քանդելն արդեն դժվար է, օրինականացնում են: Սակայն այս վարչության աշխատակիցները համոզված են, որ իրենց ազատելը պայմանավորված չէ կաշառքով. Բեգլարյանն ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց աշխատանք է խոստացել, հիմա կատարում է իր խոստումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter