Բագրատ Ասատրյան. «Պետք է օրենքով սահմանափակել իշխանության քայլերը
«ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3.5 մլրդ դոլար: Հայաստանը, լինելով փոքր երկիր եւ չունենալով մեծ հնարավորություններ, արտաքին պարտքի սպասարկման առումով երբեւէ չի համարվել ոչ հուսալի երկիր»,- այսօրվա ասուլիսում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով` սա ազդեցիկ թիվ է, բայց ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում մենք խնդիր չենք ունենա արտաքին պարտքի սպասարկման հարցում:
Այս առումով ավելի հոռետես է տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բարգրատ Ասատրյանը. «Անցյալ տարվա ընթացքում մեր արտաքին պարտքն աճեց` 2 միլիարդից հասնելով 3.5 միլիարդի: Մեր անկումն ավելի մեծ էր, քան ԱՊՀ բոլոր երկրներում: Այդքան մեծ փոխառություններ վերցնելով` մեր իշխանությունները չկարողացան առողջացնել տնտեսությունը: Անցյալ տարվա մեր արտաքին պարտքը 5 անգամ գերազանցեց արտահանման ցուցանիշը, այսինքն` եթե մեր արտերկրի բարեկամները մեզ փող չուղարկեն, մենք մեր ամբողջ էքսպորտը պետք է ուղղենք արտաքին սպասարկմանը եւ ոչ մի կոպեկ` իմպորտին»:
Ըստ նրա` այս տեմպերով շարունակելու դեպքում հետագա սերունդները չեն կարողանա մարել այդ պարտքը: «Պետք է օրենքով սահմանափակել իշխանության քայլերն առհասարակ: Ով ուզում է` գա իշխանության: Մեր արտաքին պարտքը գնալով աճում է. դրա համար ուղղակի չպետք է բիզնեսմենին դարձնել պետական մարմին ու տալ հնարավորություն, որ կազմակերպի թալան, որ արտաքին պարտք վերցնելով` այդ փողն իրենց գրպաններն ուղարկեն»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել