HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռեկորդային անկման համար պետք է պատասխան տալ»

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն անդրադարձան Հայաստանի տնտեսությանը ճգնաժամի պայմաններում: Գ. Մինասյանը նշեց, որ նախորդ տարին տնտեսական առումով չափազանց ծանր էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: «Մենք կանխատեսել էինք, որ նախորդ տարվա ընթացքում պետք է ունենայինք 9.2 տոկոս աճ, սակայն ունեցանք 14.4 անկում»: Ըստ պատգամավորի` Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, դեռ չեն սովորել ճիշտ կանխատեսումներ անել տնտեսական ճգնաժամի պայմաններում: «Ճգնաժամը լուրջ մարտահրավեր էր մեր իշխանություններին, թե ինչպիսի քաղաքականություն է պետք վարել այս պայմաններում: Մշակված հակաճգնաժամային ծրագիրը հաջող իրականացվեց: Արդյունքում որևէ սոցիալական ծրագիր չկրճատվեց, և մեր հասարակության ճնշող մասը շատ ավելի մեղմ տարավ ճգնաժամի ազդեցությունը»: Նախորդ տարվա հիմանական դասը, ըստ Գ. Մինասյանի, այն էր, որ մեր տնտեսությունը բավական խոցելի է այսպիսի պայմաններում, և դրա հիմնական պատճառը մեր տնտեսության պակաս դիվերսիֆիկացումն է: Նա տեղեկացրեց նաև, որ օրերս որոշում է կայացվել լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել և փորձել աշխուժացնել ադամանդագործության ոլորտը, որը տարիներ առաջ փորձում էր ապահովել մեր համախառն ներքին արդյունքի բավականին էական մի հատված: Ա. Նռանյանն էլ նշեց, որ ճգնաժամի սկզբնական ամիսներին կառավարությունը մատնանշում էր խնդիրները և ցանկանում էր լուծել դրանք: Սակայն երբ կառավարությունը ստացավ արտաքին միջոցները` վարկերը, կարծես թե նրա քաղաքականությունը փոխվեց: «Վերջերս շեշտադրումները բավականաչափ փոխվել են, և ակնհայտ է, որ կառավարությունը ժամանակ է ձգում, մինչև ամբողջ աշխարհում ճգնաժամն անցնի, ինչը նաև իր դրական հետևանքը կունենա մեր տնտեսության վրա: Մենք պարզապես ժամանակ ենք շահում` ունենալով այդ վարկային միջոցները»,- ասաց նա: Ըստ Ա. Նռանյանի` 2010-ին կտեսնենք, որ կառուցվածքային փոփոխություններ չեն կատարվում, և մենք ունենալու ենք ներմուծումներ-արտահանում նույն հարաբերությունը. «Տեղական արտադրությունների ուղղությամբ ոչինչ չի արվում, ծրագրված միջոցառումները որևէ կապ չունեն հակաճգնաժամային միջոցառումների հետ»: Կառավարությունը հաջողացրեց շատ կարճ ժամանակահատվածում տապալել գործունեությունը բոլոր ոլորտներում: Եվ ասել, թե` եթե մենք գործ չանեինք, անկումը շատ ավելի մեծ կլիներ, այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, ռեկորդային անկման համար պետք է պատասխան տալ»,- ասաց նա: Փոխնախարար Վ. Արամյանն էլ ներկայացրեց, թե ինչ են արել իրենք` ճգնաժամին դիմակայելու համար: Ըստ նրա` իրենք ուշադրութամբ հետևել են, թե ինչ էր անում ամբողջ աշխարհը. «Իսկ նա անում էր հակացիկլիկ քաղաքականություն: Մենք այդ գաղափարախոսությունն ենք իրականացրել: Ծախսերը ՀՆԱ-ի մեջ վերջին հինգ տարիների ընթացքում եղել են 20-22 տոկոս, իսկ այս տարի մենք ունեցանք 28.6 տոկոս ծախս: Սա նշանակում է, մենք  լիկվիդայնություն ենք մտցրել, որպեսզի տնտեսությունը կարողանա առողջանալ: Եթե դա չանեինք, ավելի վատ իրավիճակ կլիներ»: 2010-ի համար կանխատեսված 1.2 տոկոս տնտեսական աճը, փոխնախարարի խոսքով, որոշ չափով պահպանողական էր. այն կարող է շատ ավելի բարձր լինել: 2010-ին բյուջեն էլ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շարունակությունն է: «Կառավարությունները չպետք է կտրուկ հետ քաշվեն իրենց ընդլայնողական քաղաքականությունից»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանը վերջերս հայտարարել էր, որ մեր պետությունն արտաքին պարտքը վերցնում է` օլիգարխներին բաժանելու համար և ոչ թե տնտեսության աճին զարկ տալու: Գ. Մինասյանն ի պատասխան ասաց, որ չի կարող համաձայնել այդ գնահատականի  հետ: «Եթե դուք այդ հարցը տաք Գյումրիի մի քանի հազար բնակիչներին, որոնք 20 տարուց ավելի ապրել են տնակներում և այդ ծրագրի շնորհիվ մարդավայել կյանք պետք է վարեն, պատասխանը ձեզ և այդ կարծիքն արտահայտողի համար չափազանց հստակ կլինի»,- ասաց նա: Վ. Արամյանն էլ նշեց, որ իրենք պարտքային քաղաքականությունը շատ թափանցիկ են վարում, ռուսական պարտքի ծախսման ուղղություններն էլ նշել են: «Եթե նման հարցեր կան, թող կոնկրետ նշեն, թե որ օլիգարխին է գնացել, ինչ է արվել: Ես էլ կարող եմ նմանատիպ բարձրագոչ հայտարարություններ անել, բայց պետք է կոնկրետացնել»: Նա նշեց նաև, որ այն միջոցները, որոնք վերցվում են Համաշխարհային բանկից, կապակցված վարկեր են: Իսկ դա նշանակում է, որ դրանք հատուկ ուղղվում են որոշակի պրոյեկտների իրականացմանը: Ա. Նռանյանի խոսքով էլ` ճգնաժամի պայմաններում վարկեր վերցնել պետք է. խնդիրն այն է, թե ինչպես են այդ վարկերը ծախսվում: «Դա էր պատճառը, որ մենք ունեինք վերապահումներ դրանց վերաբերյալ: Ինչ վերաբերում է նրան, թե կառավարությունը այդ վարկերը կոնկրետ ուր է ուղղորդում, ապա կառավարության քաղաքականությունը նպաստում է մենաշնորհների ձևավորմանն ու զարգացմանը: Կառավարությունն իր քաղաքականությամբ պաշտպանում և աջակցում է ներմուծողներին: Եվ ասել, թե վարկով այս վիճակը ձևավորվեց, ճիշտ չէ. դա կառավարության քաղաքականությունն էր»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter