«Դժվար օրերի բարեկամը նաեւ հեշտ օրերի լավ բարեկամ է»
«Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,- այսօր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,:
Մանուչեհր Մոթթաքին Հայաստանում է, որպեսզի մասնակից հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության եւ անցկացվող խորհրդատվությունների կարեւորությունը: «Ուզում եմ առանձնացնել արտաքին գործերի գերատեսչությունների շատ անհրաժեշտ եւ կարեւոր աշխատանքը: Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցելությունը եւ տպավորված եմ այնտեղ ունեցած հանդիպումներով»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նախագահ Սարգսյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջեւ նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:
Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը եւ նշվել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժվար օրերի բարեկամը նաեւ հեշտ օրերի լավ բարեկամ է»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար: «Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը» ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել