HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գրանդ Քենդի»-ի առաքման բաժնի պետը սխալ տեղեկություններ է հաղորդել

«Հետքի» հունվարի 15-ի «Գրանդ Քենդի»-ն արդարանում է, իսկ հարկային մարմինները անխնա տուգանում են» հրապարակման մեջ «Գրանդ Քենդի»-ի առաքման բաժնի պետ Արսեն Ասատրյանը «Հետքին» փոխանցել էր, որ իրենք Ալավերդի քաղաքում մատակարարում են իրականացնում մեկ խանութի համար. «Այդ խանութատիրոջ հետ շատ դժվար է աշխատել: Նա անընհատ ինչ որ բանից դժգոհում է: Սուտ է ասում, որ մենք ապրանքագիր չենք տալիս»,- ասել է Արսեն Ասատրյանը: Իրականում «Գրանդ Քենդի»-ի ավտոմեքենաները Ալավերդիում ապրանք են մատակարարում գրեթե բոլոր խանութներին` յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը:  Խանութների վաճառողներին կատարված մեր հարցումներից պարզվել է, որ «Գրանդ Քենդի»-ն քաղաքի Ս./Սարահարթ թաղամասում ապրանք է մատակարարում 7, Էնգելս թաղամասում 4, Կախոյան թաղամասում 2, «Հայպետշին» թաղամասի շուկային հարող տարածքում 4 եւ այլն: Այդ հարցումների ընթացքում քաղաքի փոքր խանութների տերերը կրկին փաստեցին, որ «Գրանդ Քենդի»-ի ավտոմեքենայի վարորդները իրենց ապրանքագիր չեն տալիս: «Հայպետշին» թաղամասի խանութների տերերը խուսափեցին այդ թեմայով մեզ հետ զրուցելուց: Ս./Սարահարթ թաղամասի մեր կողմից հարցված գրեթե բոլոր խանութների վաճառողները հայտնեցին. ««Գրանդ Քենդի»-ի վարորդները մեզ ապրանքագիր տալիս են, երբ մենք պահանջում ենք»: Երբ վաճառողներին խնդրում էինք ցույց տալ գոնե մեկ ապրանքագիր, նրանք տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էին ցույց տալ այն: Այսօր չորեքշաբթի է եւ Ալավերդու խանութներին «Գրանդ Քենդի»-ի ավտոմեքենաների կողմից ապրանքների առաքման օրն էր: Որոշեցինք օգտվել հնարավորությունից եւ ապրանքագրի հարցով հանդիպել վարորդներից մեկին: Քաղաքի Թումանյան փողոցի գլխավոր մայրուղուն հարող խանութներից մեկի բակում, ապրանք մատակարարելիս հանդիպեցինք այս ավտոմեքենային ու նրա վարորդին: Երբ նկարում էի ավտոմեքենան, վարորդը դուրս եկավ խանութից եւ ի պատասխան մեր հարցմանը ներկայացավ, որ իր ազգանունը Արամ Սաֆարյան է: Թե ինչու Ալավերդու խանութներին ապրանք մատակարարելիս, ապրանքագիր չի տալիս, որից էլ դժգոհում են խանութների տերերը, Արամը Սաֆարյանը նախ զարմացավ. «Ո՞վ ա ասում», ապա «հավաքավեց» եւ պատասխանեց. «Իրանք` խանութպանները պետռեգիստրի եւ հարկային կոդի պատճեներ չեն տալիս, մենք էլ իրենց ապրանքագիր չենք տալիս: Երբ տալիս են, մենք էլ ապրանքագիր ենք տալիս»: Վարորդ Սաֆարյանի մեզ կատարած հայտարարությունը հազիվ թե համապատասխանի իրականությանը, նա պատասխանելիս հաշվի չէր առնում այն հանգամանքը, որ ապրանքագիր ստանալու գործում խիստ շահագրգիռ խանութպանները հազիվ թե խուսափեն պետռեգիստրի եւ հարկային կոդ ներկայացնելուց, չէ որ առանց ապրանքագիր առեւտուր անելու դեպքում նրանց հարկային պարտավորությունը 2 տոկոսից բարձրանում է 11 տոկոսի, որն էլ ձեռք չի տալիս խանութպաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter