HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը...»

Հովհաննես Գրիգորյանը 20-րդ դարի 60-ական թվականների վերջին հրապարակ եկած բանաստեղծական սերնդի նշանակալից անուններից մեկն է: Իր սկզբնավորման շրջանից սկսած՝ Գրիգորյանի պոեզիայի գլխավոր յուրահատկությունը «օրինազանցություն է», որ նոր ժամանակ է ստեղծում, այնուհետև՝ անհատական սուր ներքին տեսողությունը, որ, սահմանազանցելով «կարգը», նոր կարգ է սահմանում...

Սա գրական անվանիներին (որպեսզի ուրիշ բառ չասենք) վերուստ տրված ճակատագիր է, որ Պարույր Սևակը իբրև կտակ սահմանում է՝ ասելով «Ամենից առաջ ես հայր եմ եղել»: Հովհ. Գրիգորյանն էլ, հետսևակյան սերնդի անունից կարող է նույնն ասել, թեև իր նոր հրապարակած գրքում հոր խորհրդով հորդորում է և կտակում. «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ»:

Հովհ. Գրիգորյանը քառասնամյա գրական ճանապարհ է անցել արդեն, և անցած ճանապարհի վայրկյաններն անգամ ապրված են նրա պոեզիայում, ժամանակի նշաններն արտահայտված՝ նրա գրքերում:

Բանաստեղծությունների առաջին՝ «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրապարակվել է 1975-ին, որին հաջորդել են «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր առիթով» (1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), «Կես ժամանակ» (2002) ժողովածուները, «Գիշերահավասար» հատընտիրը (2005), մանկական բանաստեղծությունների գրքերը, թարգմանություններ իսպանալեզու գրականությունից, որոնցից նշանակալից են Կառլոս Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի մահը» (1979), Խուլիո Կորտասարի «Վիճակախաղ» (1983) վեպերը, Ֆ. դե Ռոխասի «Սելեստինա» (2007) դրաման, Խ. Օրտեգա-ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայությունը» (1999):

Հովհ. Գրիգորյանի բանաստեղծություները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, պարսկերեն, արաբերեն, չեխերեն, ռումիներեն, լեհերեն... Արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների: 1998-ին պարգևատրվել է Մ. Խորենացու անվան մեդալով, 2002-ին նրան շնորհվել է «Վահագն» մրցանակի դափնեկրի կոչում:

Հովհ. Գրիգորյանի պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը... Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը: Պոետի այն նոր կերպարը, որ ստեղծել է Հովհ. Գրիգորյանը դեռևս «Աշուն» (1967) բանաստեղծությամբ, ոչ թե ժամանակի կեղծ երկվորյակն է, այլև կրում է իր էության մեջ ժամանակի ամբողջությունը՝ իրական-անհերքելի, պարոդիկ-երգիծական և ոբերգական...

Այնպես որ, Հովհ. Գրիգորյանի պոեզիայում աշխարհը, կյանքը ունի քնարական, դրամատիկ, ողբերգական երանգներ, որոնք այնքան միասնական են ու անանջատելի: Ուստի, «անժամանակ» մեր ժամանակում (ինչպես բանաստեղծն է ասում, «կես ժամանակում») նրա պոեզիայի արժեքը ճանաչողական բացառիկ նշանակություն ունի, ներքին էներգիա, ինչպիսին մեր ապրած դարը և վայրկյանը՝ «դանդաղ ժամերը», դարը՝ հայտնված «երկու ջրհեղեղի արանքում»...

Հովհաննես Գրիգորյանի պոեզիան ունի իր ճանապարհը, ներքին վիթխարի էներգիան, բացահայտվելու լիցք և նոր շերտեր, որի ներկայությունը ամենանշանակալիներից մեկն է արդի հայ պոեզիայում:

Սուրեն Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter