Համաշխարհային բանկը մինչեւ տարվա կեսը կհստակեցնի իր մոտեցումները
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի հետ քննարկել է ջրային համակարգում կառուցվածքային բարեփոխումների հեռանկարները, ռազմավարական հիմնադրույթները եւ առաջիկա համագործակցության հնարավորությունները:
Ա. Գեւորգյանը նշել է, որ ջրային ոլորտի կառավարումն իրականացվում է օտարերկրյա երեք օպերատորների (5 ընկերություններ) միջոցով, որոնք սակագնային տարբեր քաղաքականություն են իրականացնում: Կառավարման գործող պայմանագրերի ավարտից հետո դաշտում միասնական մոտեցում ձեւավորելու խնդիր է դրվել, ինչը դժվար կլինի իրականացնել սեփական ուժերով: Այս հարցում ակնկալվում է ՀԲ-ի խորհրդատվական աջակցությունը:
Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռեւս խնդիր է որեւէ օպերատորի կողմից չսպասարկվող 500 համայնքների հարցը: Նա կարեւորել է նաեւ գերնորմատիվային պահանջ ունեցող հողատարածքներում պետության դերակատարության հստակեցումը: Այս ուղղությամբ ՀԲ-ի փորձագետը նախնական ուսումնասիրություն է կատարել եւ համապատասխան եզրակացություն ներկայացրել:
ՏԿՆ մամլո ծառայության փոխանցմամբ` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել, որ առաջիկա օրերին բանկը կհստակեցնի իր մասնակցությունն այս ուղղությամբ: Պայմանավորվել են նաեւ, որ Հայաստանում համատիրությունների համակարգի բարեփոխման ուղղությամբ ՀԲ-ի ամփոփ առաջարկությունները կքննարկվեն մարտի 2-րդ տասնօրյակում: Իսկ ընդհանուր առմամբ, քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Համաշխարհային բանկը մինչեւ այս տարվա կեսը պետք է կատարի ուսումնասիրություններ եւ հստակեցնի իր մոտեցումները:
Փոխվարչապետին տեղեկացվել է, որ Վաշինգտոնում կայացած քննարկումների ժամանակ Համաշխարհային բանկի ղեկավարությունն արձանագրել է Հայաստանի կառավարության հաջողությունները ջրային ոլորտում մասնավոր օպերատորների հետ համագործակցության գործում:
Այդ փորձը ներկայացնելու նպատակով որոշվել է այս տարվա աշնանը Հայաստանում կազմակերպել միջազգային մեծ համաժողով, որին կմասնակցեն տարբեր երկրների պատվիրակություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել