Սպորտի նախարարը հեռանու՞մ է
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը լքում է պաշտոնը: Համենայնդեպս, ըստ շրջանառվող լուրերի, երեկ նա դատարկում էր աշխատասենյակը:
Սերժ Սարգսյանը հրավիրել է «Շանթ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` Բանակի օրվա առիթով, Սերժ Սարգսյանը «Շանթ» ռեստորանում կերուխում է կազմակերպել, որին հրավիրված են ոչ միայն բանակի ներկայացուցիչհներն ու ԵԿՄ-ականները, այլեւ այն երկրապահները, որոնց ջուրը Սերժ Սարգսյանի առվով չի գնում, եւ որոնք նրա վարած քաղաքականության մոլի քննադատներն են:
Գարնան հետ շատերն են հույսեր կապում
Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարծիք հայտնեց, թե նախկին նախագահ Քոչարյանը իր 10 տարվա պաշտոնավարման ընթացքում այս հիմնախնդրի լուծումը ձգձգելու ռեսուրսն ամբողջությամբ մսխեց և Սերժ Սարգսյանին նման հնարավորության հիմնական պաշարից զրկեց: Նա նաև ասաց. «Առավել ևս, վերջին շրջանում մեր տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերն ու զարգացումները նկատի առնելով` «դրսի» ճնշումները մեծացել են և Հայաստանի, և Ադրբեջանի վրա: Վստահաբար ասում եմ, որ Ռ.Քոչարյանի վրա երբեք այնչափ ճնշումներ չեն եղել, որքան հիմա կան Ս. Սարգսյանի վրա: Ես կիսում եմ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կարծիքը, թե` հնարավոր է, որ այս գարնանը ԼՂ հարցով ամբողջական համաձայնագիրը ստորագրվի»:
ՍԴ-ն օրենք է խախտում
Երեկ ՀՀ ՍԴ-ն որոշել է մարտի 5-ին քննարկել «ՀԺ» գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:
«ՍԴ մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ կետը սահմանում է, որ մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների վերաբերյալ դիմումները ՍԴ-ն քննում եւ որոշում է կայացնում մեկամսյա ժամկետում: Այսինքն, ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի դիմում քննարկումը իրավունք ուներ հետաձգել առավելագույնը մինչեւ փետրվարի 21-ը: Սակայն ՍԴ-ն նիստը նշանակել է Նիկոլ Փաշինյանի դիմումի մուտքագրման օրվան հաջորդող 43-րդ օրը:
Ենթադրվում է, որ ՍԴ-ն առաջնորդվել է «ՍԴ մասին» օրենքի այն դրույթով, որի հիման վրա` մեծամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների վերաբերյալ դիմումներով շանրաբռնված լինելու դեպքում ՍԴ-ն կարող է դիմումների վերաբերյալ որոշումները կայացնել 50-օրյա ժամկետում: Մինչդեռ ներկայումս ՍԴ-ում ԱԺ ընտրությունների վերաբերյալ միայն մեկ դիմում կա, եւ դա Նիկոլ Փաշինյանի դիմումն է:
Իրավաբանական խորհրդակցություններ Թուրքիայում
Անկարան ՀՀ Սահմանադրական դատարանի հայ-թուրական արձանագրությունների վերաբերյալ կայացած որոշման առնչությամբ իրավական երաշխիքներ ստանալու նպատակով սկսել է իրավաբանական խորհրդակցություններ: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ խորհրդակցություններին մասնակից կդարձնեն նաեւ ԱՄՆ-ին, հայ-թուրքական բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Շվեցարիային: Դրա մասին տեղեկացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Եվրամիությանը: Այս մասին «Զամանին» հայտնել են անանուն դիվանագիտական աղբյուրներ:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ հակառակ Երեւանի ուղերձին, թե ՍԴ որոշումն ազդեցցություն չի ունենա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, Անկարան համառում է այդ մոտեցումը իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով ամրագրելու հարցում: Նա նշում է նաեւ, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ընդգրկված կողմերին իրազեկել է, թե որեւէ քայլ չի անի արձանագրությունների վավերացման ուղղութամբ` առանց գրավոր երաշխիքներ ստանալու:
Մահացել է Շամիրամ Աղաբեկյանը
Երեկ առավոտյան անակնկալորեն կյաքից հեռացավ հանրապետության լավագույն լրագրող-քաղաքական մեկնաբաններից` կուսակցական գործիչ եւ մանկավարժ, դասախոս Շամիրամ Աղաբեկյանը: 1992թ.-ից նա եղել է Ռամկավար ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության ակտիվ անդամ, վարել պատասխանատու պաշտոններ հիշյալ կազմակերպություններում, հանդիսացել է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրի առաջին տեղակալ, «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Ազգ» կայքէջի խմբագիր, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ, իսկ մինչեւ իր վաղաժամ մահը` Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի լրագրության բաժնի դասախոս, Արմենական-ՌԱԿ «Զապել Եսայան» ակումբի ատենապետ:
Արդեն ոչինչ կախված չէ մեզանից
«Սա առաջին ապրիլի 24-ն է լինելու, որտեղ հայերիս որոշումները նվազագույն ազդեցություն են ունենալու: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ինչ կբանակցեն իրենց խնդիրները լուծելու համար»,- թերթի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով ԼՂՀ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներին վերաբերող հարցերին:
«Թուրքիան արդեն ստացել է այն նվազագույնը, ինչին ձգտում էր` թե´ փաստաթղթերի բովանդակության, թե' ողջ գործընթացն իր օգտին շահարկելու առումով: ԵՎ հիմա փորձում էստանալ առավելագույնը` Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանը»,-ասել է Վ. Օսկայնանը:
Թաղապետ առանց թաղապետարանի
«ՉԻ» իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ավագանու որոշմամբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը օտարել է Կենտրոնի թաղապետարանի տարածքը: Երեկ թերթին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունը: Իսկ ավագանիներից մեկն էլ պարզապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվել վերջին մի քանի օրվա ընթացքում: Բայց մենք հետամուտ կլինենք` պարզելու, թե ինչպես է Գագիկ Բեգլարյանին հաջողվել պետական նման կարեւոր նշանակություն ունեցող տարածքը եւս ծառայեցնել անձնական շահերին:
Թեեւ մյուս կողմից էլ միանգամայն հասկանալի է այս քայլը, քանի որ մի քանի անգամ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Երեւանում այլեւս վաճառքի հողեր չկան: Մնացել են պետական մի քանի շենք-շինություններ` հատկապես, որ այս դեպքում թաղապետը Բեգլարյանի պրոտեժեն է:
Իրանացավ են կպել
«ՉԻ» հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ մոտ օրերս դաշնակցական մի քանի գործիչներ, որոնց թվում նաև պատգամավորներ, մեկնելու են Իրան: Ընդ որում` այցը բավականին երկարատև է: Թե ինչ կապ ունի դաշնակցականների այցը Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ նա ևս մի քանի օր մեկնել էր Իրան, կփորձենք պարզել առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել