Գյումրու Օրհուսը չէ՞ր փակվել
Շիրակի մարզպետի հանձնարարականով` 2010 թ. հունվարի 13-ից դադարեցվել էր Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը` պատճառաբանությամբ, որ ավարտվել է կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանի պայմանագրի ժամկետը եւ «ըստ եռակողմ հուշագրի` ՀՀ Շիրակի մարզպետարանը պատասխանատվություն է կրում Կենտրոնի գույքի համար, ի պահ է վերցնում այն` մինչեւ նոր պայմանագրի կնքումը»:
Վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում` Գյումրիում, բացվել են 14 հանրային տեղեկատվական` Օրհուս կենտրոններ: Վերջիններս աշխատում են ԵԱՀԿ-ի, ՀՀ բնապահպանական նախարարության եւ տեղական իշխանությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա եւ իրենց դրական ներդրումն են ունեցել բնակչության իրազեկման, շրջակա միջավայրի խնդիրների լուծման եւ հասարարակական ու պետական կառույցների միջեւ համագործակցության խթանման հարցերում:
Սովորաբար կենտրոնների համադասողների հետ պայմանգիր կնքվում է մեկ տարով, եւ ժամկետի ավարտից հետո մինչ նոր պայմանագրի կնքումը որոշակի ժամանակ է անցնում, որի ընթացքում կազմակերպությունները հաստատում են իրենց բյուջեները, լուծվում են ֆինանսական խնդիրները եւ այլն: Գյումրու Օրհուս կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ` 2008 թ.-ին կենտրոնի գործունեության ժամանակավոր դադարեցման խնդիր չի եղել, իսկ 2009-ին առաջացել է, որովհետեւ կենտրոնը 2 անգամ անդրադարձել է մարզպետարանի կատարած ապօրինի գործողություններին: Կենտրոնի փորձագետների խորհուրդը նամակով դիմել էր Շիրակի մարզպետին կենտրոնի գործունեությունը վերականգնելու համար: Հունվարի 27-ին Օրհուս կենտրոնում հրավիրված խորհրդի նիստին մարզպետարանի ներկայացուցիչները հրապարակեցին մարզպետ Լիդա Նանյանի պատասխան նամակը, որտեղ, անդրադառնալով Գեւորգ Պետրոսյանին աշխատանքից ազատելու հարցին, նշվում է, որ դա կաատրվել է աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ, եւ խնդիրը սոսկ «ՀՀ աշխատանքային» օրենսգրքի պահանջներից բխող աշխատանքային հարաբերությունների մեջ է, ինչը չի պարունակում որեւէ այլ միտում: Նիստին ներկա փորձագետների անդամներից Սեյրան Մարտիրոսյանը նկատեց, որ օրենքի տառին ոչ բոլոր դեպքերում հետամուտ կառույցն այս անգամ նախանձելի հետեւողականություն է ցուցաբերել` շտապելով Օրհուսի համադասողին փոխարինել իրենց աշխատակիցներով, մի բան, որ չի արել նախորդ տարի: «Եթե մարզպետարանն այդքան սկզբունքային է, ապա ինչո՞ւ է զլացել հետեւել օրենքի մյուս կետերին եւս,- զարմացավ Գեւորգ Պետրոսյանը,- հուշագրում ներառված կետերից ինչո՞ւ մինչեւ այժմ չի կատարել հետեւյալը. չի տրամադրել անհրաժետ տարածք եւ չի հոգացել էլեկտրաէներգիայի, ընթացիկ ջեռուցման ծախսերը: Մի բան, որ արդեն երկրորդ տարին է` չի անում»:
Մարզպետարանի ներկայացուցիչ Մարտին Տոնոյանը հորդորեց սպասել մինչեւ ԵԱՀԿ-ն կֆինանսավորի կառույցը եւ կկնքվի նոր պայմանագիր: «Ասպարեզ» լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ առաջարկեց չսպասել այդ ֆինանսավորմանը. ինքը պատրաստ է մեկ ժամից տրամադրել պահանջվող գումարը կենտրոնի գործունեությունը վերսկսելու համար: «Իսկ ով ասեց, որ կենտրոնը փակ է եղել,- հակադարձեց Մարտին Տոնոյանը,-մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցները կենտրոնում են եղել, կենտորնը 4-5 ժամով բաց է եղել, ուղղակի վատն էն էր, որ այցելուներին չէինք կարողանում հարկավոր նյութերը տրամադրել. տեղերը չգիտեինք»: Փորձագետների խորհրդի շատ անդամներ անակնկալի եկան: Փաստորեն, կենտրոնը գործել է, իսկ իրենք տեղյակ չեն եղել: Այս լուրը զայրացրեց փորձագետ Սեյրան Մարտիրոսյանին, ով շեշտեց, որ այդ քայլով մարզպետարանը խախտել է օրենքը, օգտագործելով տարածքը` առանց խորհրդին տեղյակ պահելու: Իսկ մեկ այլ փորձագետ Սերգեյ Նազարեթյանն էլ նկատեց, որ, փաստորեն, իրենց բուն աշխատանքային ժամերին մարզպետարանի աշխատակիցները եղել են կենտրոնում, միթե դա նույնպես օրենքի խախտում չէ՞, եթե այստեղ հարցը օրենքի տառի պահպանումն է, որին կոչ է անում տիկին Նանյանը, ու ամբողջ նիստի ժամանակ անընդհատ պնդում մարզպետարանի ներկայացուցիչը: Սեյրան Մարտիրոսյանն առաջարկեց կենտրոնի աշխատանքը չխաթարելու նպատակով Գեւորգ Պետրոսյանին հասարակական կարգով ընտրել Գյումրու Օրհուս կենտրոնի համադասողի ժամանակավոր պաշտոնակատար: Խորհրդի 10 անդամներից նիստին ներկա 6-ը միաձայն կողմ քվեարկեցին առաջարկին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել