«Դաշնակցությունը ձայնակցում է Թուրքիայի իշխանություններին»
«Հայաստանի պաշտոնատար դեմքերից ոչ մեկը չփորձեց Թուրքիայի իշխանությունների ուշադրությանը հրավիրել այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին չէ, որ ՍԴ-ի որոշումը վերջնական է, ենթակա չէ որեւէ փոփոխության»,- այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Հայաստանի որոշ քաղաքական ուժեր փորձում են արդարացնել, հաստատել Թուրքիայի պնդումները:
«Օրինակ` Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը լիովին բխում էր Սերժ Սարգսյանի ուղերձից, որով նա դիմեց մեր ազգաբնակչությանը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրյակին: Ստացվում է, որ ՀՀ նախագահի ելույթը նույն ազդեցությունն ունեցավ Սահմանադրական դատարանի վրա, ինչպիսի ազդեցություն էր ունենում խորհրդային հանրապետության տարիներին կենտկոմի առաջին քարտուղարի ելույթը գլխավոր դատախազի համար»,- ասաց քաղաքագետների միության նախագահը:
Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` Արտաշես Գեղամյանն ավելի քիչ կվնասեր Հայաստանի իմիջին, եթե կրկներ իր նախկին մեղադրանքները Սերժ Սարգսյանի հասցեին, թե նա սերիական մարդասպան է, մսխում է պետության միջոցները կազինոներում, քան թե հայտարարեր, որ ՍԴ որշումը բխում է Սարգսյանի ելույթից:
Քաղաքագետը նաեւ նշեց, որ դաշնակցությունը եւս ձայնակցում է Թուրքիայի իշխանությանը: «Դաշնակցության կարկառուն ղեկավարներից մեկը` Հրայր Կարապետյանը, օրեր առաջ հայտարարեց, թե թող որեւէ մեկը չմտածի, որ Սահմանադրական դատարանի որոշումը իրավաբանների մտքի արգասիք է, սա քաղաքական որոշում է: Սա նշանակում է բացահայտ ձայնակցել Թուրքիայի ղեկավարությանը, որը ասում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է հրաժարվի Սահմանադրական դատարանի որոշումից»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Թուրքիան այդպիսով անուղղակիորեն պնդում է, որ Հայաստանում գոյություն չունի սահմանադրական կարգ եւ անկախ դատական համակարգ: Քաղաքագետը այս իրավիճակը վտանգավոր գնահատեց մեր պետության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել