HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Կռվի դաշտում կարևորը համարձակությունն է, ոչ թե ուժը»

«Ցեղասպանություն տեսած ժողովրդի արյան մեջ միշտ կա ցասում, ընդվզում, ես միշտ ասում եմ` հավ ե՞նք, որ մեզ մորթեն: Այդ ոգին էր, որ մեզ բոլորիս ոտքի հանեց»,- այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Ազատամարտի վետերանների միության նախագահ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր Համլետ Հովսեփյանը: Նա պատմեց, որ արցախյան ազատամարտի օրերին թողել է իրավաբանի գործը և գնացել կռվի դաշտ: Բաքվի, Սումգայիթի դեպքերից հետո, երբ հավաքագրում էին մարդկանց, մեծ հանրահավաք էր հրավիրվել, ասում էին` պետք է զենքի դիմել: Դրանից հետո Համլետ Հովսեփյանը ձեռնամուխ է եղել հասարակական կազմակերպության ստեղծմանը`հույս ունենալով, որ կարող են նաև զինել մարդկանց: «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիրը նշում է, որ օր օրի կամավորները շատանում էին: «Սասունցի Դավիթ» ջոկատի 20 ամյակը լրացավ հունվարի 13-ին: «Միգուցե մենք այն ժամանակ հնարավորություն ունեինք Նախիջևանը ետ բերելու: Հերոսական ազգային ոգի կար»,- պատմում է Համլետ Հովսեփյանը: Մյուս բանախոսը` «Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» հ/կ-ի նախագահ Մանվել Եղիազարյանը, պատմում է, որ դեռ մանկուց սիրում էր ընթերցել հայ ժողովրդի պատմությունը և անընդհատ իրեն հարց էր տալիս` համարձակությո՞ւնն է կարևոր, թե՞ ուժը` հաղթանակի հասնելու համար: «Ես վստահեցնում եմ, որ 1915թ մենք երևի համարձակություն չենք ունեցել:Մենք պարտավոր էինք ապացուցելու, որ մեր ժողովրդին ոչ ոք չի կարող ծեծել և սպանել: Ու սկսեցինք ջոկատներ կազմել»,- պատմում է «Արաբո» ջոկատի հրամանատարը: Ջոկատներ կազմելով և կամավորներ հավաքելով` ազատամարտիկները սկսում են իրենց կռիվները: «Հետո մենք հասկացանք, որ կռվի դաշտում կարևորը համարձակությունն է և ոչ թե ուժը: Այդ համարձակությունը մեր մեջ ամրապնդվեց, և մենք ապացուցեցինք, որ մենք մորթվող ժողովուրդ չենք, այլ հաղթող»: «Արաբո» ջոկատը ամենամեծն էր` ավելի քան 1780 կամավոր, որոնցից զոհվեց 100-ը: «Սասունցի Դավիթ» ջոկատի զինվոր Աշոտ Աբրահամյանը հիշեց իրենց ջոկատի կազմավորումը և պատմեց, որ բոլորը ճանաչում էին Համլետ Հովսեփյանին և «բոլորը կանգնեցին նրա մեջքին, հավաքվեցին ու գնացին պայքարի»: Աշոտ Աբրահամյանը նշեց, որ եթե մարդը մտածելով է գնում, իր համար հետաքրքիր չէ` ով ինչ է շահում, ինչ կորցնում. «Ես եղել եմ սվարչիկ և մինչև հիմա էլ ես իմ գործն են անում ու քիթս ուրիշի գործերի մեջ չեմ մտցրել, ոչ թե ելնեն կանգնեն, գոռան, դոշ ծեծեն, թե ես եմ արել»,- նշեց «Սասունցի Դավիթ» ջոկատի կամավորը: «Աշոտը քայլող հերոս է մեր կողքին, և ունենք այդպիսի շատ տղաներ, որոնց ձայնը ոչ մի անգամ չեք լսի»,- նշեց Համլետ Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter