HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտերկիր ցանկանում է գնալ դպրոցականների 70 %-ը

People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ իրականացվող Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում դպրոցների բարձր դասարանների սովորողների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում: Հարցումներն իրականացվել են Երևանի թիվ 132 և թիվ 20 միջնակարգ դպրոցներում: Հարցումներին մասնակցել են 14-16 տարեկան 96 բարձր դասարանների աշակերտներ, որոնցից 41 տոկոսը տղաներ են, 59 տակոսը` աղջիկներ: Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն հարցվածները արտերկիր մեկնելու վերաբերյալ, հիմնականում տրվել են դրական պատասխաններ /70 տոկոս/ և միայն 18 տոկոսն է գտնում, որ դա բացասական երևույթ է, և ամեն ոք պետք է ապրի իր երկրում: Դա այն դեպքում, երբ հարցվածների 96 տոկոսը արտերկրում բնակվող ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ չեն ունեցել: Կցանկանայի՞ն մեկնել այլ երկիր: Հարցվածների 88 տոկոսը տվել է դրական և միայն 6 տոկոսը` բացասական պատասխան: Հետաքրքիր է, որ նրանք հիմնականում նախընտրել են Եվրոպան /58 տոկոս/, իսկ եվրոպական երկրներից նախապատվությունը տրված է Ֆրանսիային, ապա` Իտալիային /Եվրոպան նախընտրածների համապատասխանաբար 36 և 22.4 տոկոսը/: Արտերկրներից մյուսը հարցվածները նշել են ԱՄՆ-ը /26 տոկոս/: Ռուսաստանի Դաշնությունը ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված նմանատիպ հարցումների, այս ուսումնասիրության մեջ հիշատակված է ընդամենը 2 տոկոսով: «Միանշանակ և հստակ երևում է, որ հարցվածները կողմնորոշված են դեպի արևմտյան զարգացած ժողովրդավարական քաղաքակրթությունները: Առաջին հայացքից կարող է մտահոգիչ թվալ, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնում մեկնել արտերկիր, սակայն երբ անդրադառնում ենք այն հարցին, թե ի՞նչ նպատակով են նրանք ցանկանում մեկնել արտերկիր, ապա պարզ կդառնա, որ այդ մտահոգությունը միանգամայն անտեղի է»,- ասում է վելուծության հեղինակ սոցիոլոգ Գասպար Ավագյանը և հավելում, որ հարցվածների պատասխանների 29.3 տոկոսը վերաբերում է արտերկրում կրթություն ստանալուն, 46.6 տոկոսը` շրջագայությանը կամ հանգստանալուն, 12.5 տոկոսը` աշխատելուն, իսկ 11.3 տոկոսը` մշտապես այնտեղ բնակվելուն: Ինչ մնում է այն խնրին, թե որքանո՞վ են հարցվածները իրազեկված արտերկիր մեկնելու կարգին, ըստ Գ. Ավագյանի հարցման արդյունքներով նրանք հիմնականում համարում են, որ տեղյակ են այդ կարգին /մոտ 68 տոկոս/: Միայն 16.8 տոկոսն է խոստովանում, որ ինքն անտեղյակ է արտերկիր մեկնելու կարգին, իսկ 15.3 տոկոսը դժվարանում է պատասխանել: Ու՞մ կդիմեին հարցվածները արտերկրում դժվարին կացության պարագայում. 17.6 տոկոս /նախկինում` 13.6 տոկոս/ ոստիկանությանը, 43 տոկոս /նախկինում` 36.4 տոկոս /ՀՀ դեսպանատուն, 26.4 տոկոս /նախկինում` 20.3 տոկոս/ միջազգային կազմակերպություններին, 2.2 տոկոս /նախկինում` 15.3 տոկոս /ՀԿ-ներին և 11 տոկոս /նախկինում` 13.6 տոկոս/ տեղական իշխանություններին և միայն 1 տոկոսը` անծանոթ մարդկանց: Ուշագրավ  են այն հարցին տրված պատասխանները, թե ինչպե՞ս են պատկերացնում հարցման  մասնակիցները իրենց ապագան հինգ տարի անց հարցվածների 65.6 տոկոսը` Բուհ-ում սովորելիս, 17.7 տոկոսը` ընտանիք կազմած /ամուսնացած/, 12.5 տոկոսը` աշխատելիս, 4.2 տոկոսը` զինվորական ծառայության մեջ, 3 տոկոսը` արտերկրում: Իսկ, թե ինչպես են պատկերացնում իրենց ապագան 10 տարի անց, նրանց 48 տոկոսը հույս է հայտնել որ կունենա աշխատանք, 17.7 տոկոսը` ընտանիք կազմած, 12.5 տոկոսը` արտերկրում /սովորելիս, աշխատելիս և շրջագայելիս/, իսկ 12.5 տոկոսը դժվարացել է պատասխանել: Փորձելով  պարզել հարցման մասնակիցների հանդուրժողականությունը տարբեր ազգերի նկատմամբ, պարզվել է, որ ընդհանուր առմամբ անհանդուրժողականությունը 1.3 անգամ գերակշռում է հանդուրժողականությանը: Հիշատակված 11 ազգությունների շարքում հարցվածներն առավել հանդուրժողական են անգլիացիների ու ֆրանսիացիների հանդեպ /համապատասխանաբար` 72 և 62.5 տոկոս/, առավել անհանդուրժողական` հրեաների, եզդիների, պարսիկների, թուրքերի հանդեպ /72-ից 60 տոկոս/: Այս մասին տեղեկացնում են People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter