Հովիկ Աբրահամյանը Չավուշօղլուին կոչ է արել ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ: Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ եւ հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մ. Չավուշօղլուն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, որ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մ.Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ի կայքէջը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ: Զրուցակիցները նաեւ քննարկեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել