Ղարաբաղը պատրաստվում է պատերազմի
ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ «ՉԻ» հետ զրույցում խոսելով Արցախի հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցությունների ընթացքում ազատրագրված տարածքների վերադրաձի հարցի քննարկման մասին, ասել է, որ «Պաշտպանության բանակի հրամանատարը չի զբաղվում բանակցություններով»:

Հարցին, թե` Դուք տեսնո՞ւմ եք այդ հեռանկարը, որ կարող ենք կորցնել ազատագրված տարածքները, նախարարը պատասխանել է. «Ոչ ցանկանում եմ, ոչ էլ ուզում եմ տեսնել»: Իսկ եթե հանկարծ նման հեռանկար լինի, ի՞նչ է անելու Ղարաբաղի բանակը հարցին էլ ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատարը շատ կարճ է պատասխանել. «Ղարաբաղի բանակը պատրաստվում է պատերազմի»:
Հակոբյանը թերթի թղթակցին նաև ասել է, որ օրերս սպանված երիտասարդ զինծառայող Նարեկը զոհվել է դիպուկահարի կրակոցից:
Որպես մարդկային էլիտար
«Քյառն ու քոռը մենակ չեն ուզենա լավ հարևաններ ունենան: Կյանք ա: Բայց նայած ինչ պայմանով: Սահման կուզեն բացեն, բայց ոչ թե ցեղասպանություն ուրանան, հազար հատ խնդիրներ կան: Մենք էլ ենք կողմ` սաղի հետ լավ հարաբերությունների, բայց ոչ թե իրենց պահանջներով կամ իրենց դրդառիթներով: Որպես մարդկային էլիտար, կարելի ա, բայց դե մնացած բաներով` ոչ մի հատ»,- երեկ Եռաբլուրում պատասխանելով հարցին` ի՞նչ է մտածում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու, սահմանի բացման մասին, հայտարարեց գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Այս տարվա ընթացքում Ղարաբաղի խնդրի լուծման հավանականության մասին հարցին ևս «էլիտարոտ» պատասխան տվեց: Երբ լրագրողները տեղեկացրին` ասում են, Ղարաբաղի հարցը այս տարի լուծվելու է, գեներալը զայրացավ. «Ղալաթ են անում` ասողն էլ, լսողն էլ, խոսացողն էլ»:
Բազազը Կոնգրեսում
Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ է ներխուժել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը` հայտնի Բազազ մականունով, և սկսել է վրդովված ինչ-որ անհասկանալի բաներ ասել:
Երբ նրան խնդրել են հոդաբաշխ բացատրել, թե ինչ է ցանկանում ասել և ինչու է այցելել Կոնգրեսի գրասենյակ, իսկ հակառակ դեպքում` հեռանալ, Բազազն այնքան բորբոքված է եղել, որ ընտրել է երկորդ տարբերակն ու դուրս եկել գրասենյակից: Կոնգրեսում ներկա գտնվողներին հասկանալի է դարձել միայն այն, որ Ռոբերտ Մելքոնյանը բողոքել է, թե ինչ-որ երիտասարդներ սուլել են այն ժամանակ, երբ Կորյուն փողոցով (այստեղ է գտնվում Կոնգրեսի գրասենյակը) անցնելիս է եղել Սերժ Սարգսյանի կորտեժը:
Երեկ, երբ Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանից թերթը փորձեց ճշտել, թե ինչ սուլոցների մասին է խոսքը, նա ասաց, որ տեղյակ չէ նման միջադեպի մասին: Երևանի փողոցներում, իհարկե, Ս. Սարգսյանի կորտեժի հետևից շատ հաճախ կարելի է լսել անեծքներ, «քաղցր խոսքեր», արդեն նաև` սուլոցներ, ու եթե դա նրան դուր չի գալիս, պետք է շրջի ուղղաթիռով:
Նախարարը հրաժարական է տվել
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարականի դիում է ներկայացրել: Այդ մասին տեղեկությունը հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Խ. Գալստյանը նաև տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կուսակցությունը կառաջադրի Աշխատանքի տեսչության պետ Արթուր Պետրոսյանի թեկնածությունը:
Հրահանգ կա գործը չկոծկել
Թերթին հասած տեղեկություններով` ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատը և գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ տարին է, ստուգում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի գործունեությունը: Ապօրինի շինարարությունների հետ կապված որոշ գործարքներ են քննվում, որոնք կասկածելի են և առաջացրել են որոշ քաղաքացիների դժգոհությունն ու բողոք-դիմումների տեղիք տվել: Ի դեպ, Հայկ Ասատրյանը Երվանդ Զախարյանի կադրերից է, և «Հրապարակի» տեղեկություններով` հրահանգ կա այս դեպքում գործը չկոծկել:
Ուելսի նախարարապետը ճանարում է Հայոց ցեղասպանությունը
Հունվարի 27-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրումից ճիշտ երկու տարի հետո, նոր նախարարապետ (առաջին նախարար) Կարուին Ջոնզը ծաղկեպսակ է զետեղել նույն հուշարձանին` այս անգամ հրեական Հոլոքոսթի օրվա առթիվ: Տեղի հայկական համայնքի կողմից դա համարվում է կարևոր քայլ Հայոց ցեղասպանության ընդունման ճանապարհին, որն այստեղ սկիզբ եր առել 2001թ. ապրիլի 24-ին, երբ այն ժամանակվա նախարարապետ Ռոդրի Մորգանը հարգանք էր մատուցել 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նույն օրը` ավելի ուշ, տեղի հայերը, ասորիները, քաղդեացիներն ու սիրիակները նույնպես ծաղկեսպակ են զետեղել Հայոց ցեղասպանության հուշարձանին, որը գտնվում է քաղաքի Խաղաղության տաճարի հետևում: Հայ եկեղեցու հովիվ հայր Շնորհք Բաղդասարյանը աղոթք է մատուցել խաչքարի առջև, Հոլոքոսթի արարողություններին մասնակցելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել