Է. Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին եւ ՄԹ Եվրոպական հարցերով նախարարին
Նախօրեին Լոնդոնում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ունեցել է երկկողմ երկկողմ հանդիպումներ: Կայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը:
Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:
ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ջանքերին: Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին` ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը եւ իրագործմանը:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Սահմանադրությանը արձանագրությունների համապատասխանելիության մասին եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հետ Է. Նալբանդյանի հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը:
Զրուցակիցներն ընդգծել են բարձրաստիճան այցելությունների կարեւորությունը երկկողմ համագործակցության խթանման համար:
Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման առնչությամբ, մտքեր փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիս Բրայանն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հյուսիսային Իռլանդիայում ընթացող գործընթացներին:
Նախարարներն արծարծել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Բրայանը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել