HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են պաշտոնից հեռացնել Վոլոդյա Բադալյանին

Ազգային նոր պահպանողական շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որը տեղի ունեցավ ս/թ հունվարի 26-ին Երևանում, իր բովանդակությամբ այնքան էլ չտարբերվեց հայ-վրացական նախորդ պաշտոնական հանդիպումներից: Ավելին, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ներկա` թվով 8-րդ նիստի արդյունքները, գոնե` ձևական-փաստաթղթային առումով, ավելի խղճուկ էին, քան դրանք առկա էին նախորդ նիստերում: Այնուամենայնիվ` բոլոր նիստերը ունեն մեկ ընդհանուր նմանություն. ՀՀ-ի համար ռազմավարական և բարոյական մեծ նշանակություն ունեցող Ջավախք տարածաշրջանի հարցը չի դառնում օրակարգային հարց: Ելնելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքից ու գրանցված արդյունքներից, ինչպես նաև Ջավախքի ոտնահարված շահերից` մենք գտնում ենք, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում կնքված երկու պայմանագրերը բնավ չեն արտացոլում երկու պետությունների միջև առկա խնդիրները, մասնավորաբար` Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վերանորոգումը չի հանդիսանում միջպետական խնդիր, այն պատկանում է Վիրահայոց թեմի սեփականությանը, և վերջինիս վերանորոգումը կարող է իրականացնել ցանկացած հայ գործարար: Այս խնդրի լուծումը բնավ կարիք չուներ պայմանագրի, այն էլ` միջպետական: Միանգամայն այլ խնդիր է, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս այս և բոլոր մնացած եկեղեցիների` Վիրահայոց թեմի սեփականությանը պատկանելը ձևակերպել  իրավաբանորեն: Նախորդ նիստերում քննարկված և այդպես էլ չհամաձայնեցված հարցի, այն է` 110 կվ լարման «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գծի իրավական ձևակերպման խնդրի առկայության պայմաններում բնավ կարիք չկար նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման` այն դեպքում, երբ Ջավախքում հայոց լեզվի իրավական կարգավիճակի բացակայությունը փոթորկում է հայության խաղաղ ու մշակութաստեղծ կյանքը, երբ դեպի Ջավախք գիրք-գրականության և մշակութային իրերի անցկացման թողտվության բացակայությունը օր-օրի խորացնում է ճգնաժամն այդ տարածաշրջանում, երբ տնտեսական ներդրումների բացակայությունը դառնում է Ջավախքի զանգվածային հայաթափման առիթ, նման հարցերում հանձնաժողովի ցուցաբերած անտարբերությունը միանգամայն դատապարտելի է: Ջավախքի հարցը համահայաստանյան, նաև` համահայկական խնդիր է, և հանձնաժողովում վերջինիս փոխարեն օրակարգում ներառել եկեղեցու վերանորոգման խնդիր և «քաջաբար հասնել» վերջինիս վերանորոգման «թույլտվությանը», ոչ միայն դատապարտելի, այլև` զավեշտական է: Հաշվի առնելով վերոբերյալ մտահոգությունները, պահանջում ենք` իր անարդյունավետ գործունեության, Ջավախքի հարցում նման անլուրջ մոտեցում դրսևորելու համար իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանին։ Նման գործելաոճը, ինչպիսին Վոլոդյա Բադալյանինն է, հատուկ է կամ ոչ կոմպետենտ, կամ կաշառված գործչին: Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստերի` ինչպես նախապատրաստական, այնպես էլ` օրակարգային հարցերի առաջնային կետ դարձնել Ջավախքի խնդիրն` իր բոլոր ուղղություններով: Իր անվանը համահունչ կերպով («Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիա») և մշակված հայեցակարգի համաձայն դեպի Ջավախք ուղղորդել մի շարք հայկական գործարարների և ներդրողների: Հայ-վրացական միջպետական բոլոր հարաբերություններում որպես հիմք ընդունել Վրաստանի իշխանությունների` տվյալ ժամանակահատվածում Ջավախքի հանդեպ դրսևորած քաղաքականությունը, իսկ միջպետական պայմանագրերը կնքել` հաշվի առնելով ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ջավախքի իրական շահերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter