HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վախի մթնոլորտ Արտաշատում

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչության մի զգալի հատվածը չի կարողանում մարել վերցրած վարկերը: Մի մասը վարկի դիմաց տունն է գրավ դրել, մյուսներն էլ` հողամասերը: Գյուղացիները չէին ցանկանում խոսել այդ մասին. դժվարությամբ, բայց մի քանիսը համաձայնվեցին պատմել, թե բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցրած վարկն ինչ նպատակով են ծախսել: Երբ Երեւան էի վերադառնում` ճանապարհին էի, նրանցից մի քանիսը զանգահարեցին ու խնդրեցին նյութերը չտպագրել: Սկզբում փորձում էին բացատրել, որ դրանք իրենց համար «անվնաս» են: Սակայն, հեռախոսի մյուս կողմում գտնվող կանայք լացակումած ասում էին, թե իրենք երեխա ունեն եւ վախենում են նրանց կյանքի  համար: Մեր զրույցի ժամանակ ընտանիքի տղամարդիկ իրենց վարկերի տակ ընկնելու մեղքը բարդեցին հանրապետության ղեկավարության, ինչպես նաեւ` իրենց մարզից ընտրված Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի վրա: Կանայք հենց վերջինից էլ վախենում էին: «Եթե երեխուս գլխից մի մազ պակասեց, քո խղճի վրա է մնալու: Իմացի` քո մայրն եմ ու խնդրում եմ քեզ` երեխեքիս մի վնասի: Ձայնագրությունն էլ ջնջի, որ դրանց ձեռքը չընկնի»,- հեռախոսով խնդրում էր Վերին արտաշատցի մի կին, ում ընտանիքը նույնպես վարկի տակ էր, իսկ ամուսինը անգործության համար մեղադրել էր Հովիկ Աբրահամյանին: Այդ կնոջը խոստացանք, որ չենք հրապարակի իրենց մասին, բայց, քանի որ Արտաշատ-Երեւան ճանապարհահատվածին գտնվելու ընթացքում մի քանի ընտանիքներից ստացանք նմանատիպ զանգեր, հրապարակում ենք նրանցից մեկի պատմությունը` առանց անունները նշելու: Գյուղացիները վախենալու եւս մեկ պատճառ ունեին: Վերին արտաշատցիների պատմելով` օրեր առաջ իրենց համագյուղացի Նվերը հեռուստաընկերություններից մեկի լրագրողին ներկայացրել է նույն դժգոհությունները ու թվարկել պաշտոնյաների անուններ: 1-2 օր հետո «անհայտ մարդիկ» ծեծի են ենթարկել Նվերին: Իհարկե, այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել եւ, բնականաբար, չի էլ հարուցվի: Մեր առաջին զրուցակիցը շատ համարձակ էր ու առանց վախենալու պատմեց, որ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից 1 միլիոն 800 հազար դրամ վարկ է վերցրել, որպեսզի 2500 մետր խաղողի այգի հիմնի: Նա այդքան խաղողի այգի էլ մի քանի տարի առաջ էր հիմնել եւ վարկի օգնությամբ ցանկացել է ընդլայնել իր տնտեսությունը: «Խաղողի այգու մեկ շպալը 1000 դրամ է, լարերն էլ թանկ էին, ու ստիպված վարկ վերցրի: 2008 թվականին շատ լավ էր, մենք երբեք չենք խեղճացել, որովհետեւ վրացիները գալիս, խաղողը տանում էին, մենք էլ մեր վարկերն էինք փակում: Մայիս ամսին 1 միլիոն դրամից ավել վարկի գումար պետք է փակեմ: Ընդհանրապես հողի վարձ չենք կարողանում տալ: Չենք հրաժարվում, բայց չենք էլ կարողանում տանք: Ամոթից գյուղամեջ էլ դուրս չենք գալիս, որ պարտքատերերին չհանդիպենք: Չեմ լացում, բայց այսօրվա դրությամբ, եթե հողի հարկ տամ, ընտանիքս չեմ կարող պահեմ»,- պատմում էր մեր զրուցակիցը: Նրա ասելով` վարձավճարների  պատճառով գյուղապետի ու հարկ հավաքողների  հետ թշնամի է դարձել: «Էլ չեմ  ասում ոռոգման ջրի վարձերի  մասին, որը նույնպես մեծ պրոբլեմ է: Գյուղապետարանում էլի զիջումներ անում են, բայց ջրային տնտեսությունը մի անբարոյական կազմակերպություն է: Ամբողջ տարվա մեջ 2 անգամ եմ այգիս ջրել, բայց ինձանից 8 անգամվա վարձ են ուզում: Ասում են` կապ չունի, թե ինչքան էս ջրել, պիտի 8 անգամվա վարձ տաս: Շաբաթը մի անգամ դատարանից թուղթ է գալիս, թե գործը մտցնում ենք դատարան: Էլ իմ ապրելն ում է պետք: Ավելի լավ չի՞` դատարանի մեջ դրանց ղեկավարին մի բան անեմ, ես էլ հետը գնամ սատկեմ, թե չէ` սա ի՞նչ ապրել է` պարտքերի պատճառով վարկաբեկված ամբողջ կյանքս պիտի ապրեմ»,- ավելացրեց Վերին Արտաշատում ապրող մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակում` նրա կնոջ խնդրանքով: Մեկ այլ զրուցակից էլ ասաց, որ գյուղացին չլինի, երեւանցիները կգոյատեւեն ընդամենը 13 օր ու դրանից հետո կսկսեն իրար միս ուտել: Նա վիրավորված էր, որ երեւանցիներն էլ գյուղացիների թիկունքին չեն կանգնում, ու իրենք ամբողջությամբ մենակ են: «Ախր մեկը չկա, որ գյուղացու թիկունքին կանգնի: Բա ապրում եմ, որ մեր դեպուտատների փորը լցնելու համար միրգ աճեցնե՞մ: Պարոն վարչապետ, պարոն նախագահ, պարոն Ազգային ժողովի նախագահ, բա ինչի՞ մեզ չեք աջակցում, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,- ավելացրեց նա: Զրուցակիցներիս նման  շատ գյուղացիներ, չկարողանալով խաղողն արտահանել Վրաստան, մինչ օրս այն պահել են սառնարաններում` հույս ունենալով, որ կառավարությունը գոնե այս հարցում կաջակցի իրենց: Վերին արտաշատցիներն  անհամբերությամբ սպասել են, որ 2 օր առաջ Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետի հետ բանակցություններ կվարվեն, որպեսզի խաղողի արտահանման խոչընդոտներ այլեւս չլինեն: «Հովիկ Աբրահամյանը կարող էր Վրաստանի վարչապետի առաջ հարց բարձրացնել, որ մեր խաղողը կարողանանք իրացնել: Ամբողջ Հայաստանը լցված է Վրաստանի մանդարինով ու զիբիլ ապրանքներով: Էդ ո՞նց է նրանց ապրանքը կգա Հայաստան, բայց մերը չեն ընդունում: Ախր մենք ամեն անգամ դոշ տված Հովիկ Աբրահամյանին ենք պաշտպանել: Ինքը պետք է հարց բարձրացներ, որ չթողեն վրացական միրգը մտնի Հայաստան: Հենց այդ պատճառով է, որ այսօր ամոթից գյուղամեջ դուրս չեմ գալիս: Սխալ բան չեմ խոսում: Հասկացանք` վարչապետը, նախագահը մեր մասին չեն մտածում, բա մեր հող ու ջրի մարդն էլ չմտածի՞»,- ասաց զրուցակիցս: Գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը մինչեւ գյուղատնտեսական աշխատանքների սկսվելը մի քանի ամսով վարկերը սառեցնի: «Տղամարդ եմ, բայց չեմ ամաչի, գարունը կբացվի, գոգնոցը կկապեմ, կգնամ դաշտերը բանջար կհավաքեմ, կտանեմ, շուկայում կծախեմ: Կոպիտ եմ ասում, բայց էլ տեղ չեն թողել: Գիտեմ, որ դուք էլ եք տանելու ջնջեք, ու ասածս տեղ չի հասնելու, բայց ասեցի` սիրտս հովացավ»,- ասաց նրանցից մեկը: Հ.Գ. Հուսով ենք` այս հրապարակումից հետո ինչ-որ զինված բանդաներ չեն գնա այդ գյուղ եւ հաշվերհարդար տեսնեն այդ գյուղացիների հետ: Միաժամանակ առաջարկում ենք ճգնաժամի դեմ «պայքարի դուրս եկած» զանազան պաշտոնյաներին այցելել այդ գյուղեր: Հավատացեք, հնարավոր է օգնել նրանց, մի թողեք մարդիկ այսչափ հուսալքվեն, դուք նրանց հաշվին եք փող աշխատում: ժամանակն է դա էլ հասկանալ,  դատարկված Հայաստանում ո՞ւմ վրա եք իշխելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter