«Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված չէր, բայց Փաշինյանի դիմումի քննությունը հետաձգեց»
Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից` պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննության նշանակման օրվան, ասաց, որ դա բացահայտ օրենքի խախտում էր. «Դատարանը դիմումը պետք է քններ մեկ ամսվա ընթացքում, սակայն նշանակել է մարտի 5-ին` փաստորեն 43-րդ օրը, եւ դա պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ, սակայն նման գործերով ծանրաբեռնվածություն դատարանն ընդհանրապես չունի»:
Անահիտ Սարգսյանը նշեց, որ ընտրական գործընթացների վերաբերյալ Սահմանադրակա դատարանն ընդամենը մեկ դիմում է ստացել եւ համեմատեց 2003 եւ 2007 թվականների խորհրդարանական մեծամասնական ընտրություններից հետո ՍԴ-ի ստացած դիմումների քանակի հետ:
«2003 թվականի ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը մեկ ամսվա ընթացքում քննել է 12 գործ, որոնցով վիճարկում էին մեծամասնական ընտրությունները` չհաշված, որ այլ գործեր էլ է ունեցել: 2007 թվականին մեկ ամսվա ընթացքում 7 գործ է քննել` չհաշված մյուս գործերը: Իսկ հիմա ՍԴ-ն ունի ընտրությունների վերաբերյալ ընդամենը մեկ դիմում եւ 3 դիմում` այլ գործերով: Ստացվում է, որ դատարանը ծանրաբեռնված չէ»,- ասաց Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավարը:
Անահիտ Սարգսյանը 2 վարկած ուներ Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունն ուշացնելու վերաբերյալ. «Տարբերակներից մեկը կարող է այն լինել, որ սպասում են, որ Նիկոլ Փաշինյանի քրեական գործով դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, որ նրա դիմումը այլեւս չքննեն: Որպես ընդամենը վարկած կարող եմ ասել, որ մարտի 5-ին է նշանակել դիմումի քննությունը, որպեսզի ընդդիմությունը մարտի 1-ի հանրահավաքին շատ չսրի` հույս ունենալով, որ Սահմանադրական դատարանը Փաշինյանի օգտին որոշում կկայացնի: Բայց թե իրականում որն է պատճառը` կերեւա հետագայում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել