Պատճառված 236.997.500 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 6.031 տոկոսը
ՀՔԾ ամփոփում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իր արածն ու չարածը
2009 թ. Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված 198 քրեական գործից 69-ն, ըստ հոդվածների, եղել է կոռուպցիոն բնույթի, որից 30-ը` 54 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Վարույթում եղած քրեական գործերն, ըստ գերատեսչությունների, վերաբերել են Ոստիկանության գործունեությանը (37), Արդարադատության նախարարությանը (13, այդ թվում` ՔԿՀ` 8, ԴԱՀԿ` 5), դատարաններին և դատական դեպարտամենտին (4), Պաշտպանության նախարարությանը (3), Պետեկամուտների կոմիտեին (3), Արտակարգ իրավիճակների նախարարությանը (3), Բնապահպանության նախարարությանը (1), Ազգային անվտանգության ծառայությանը (1), Դատախազությանը (1) և տեղական ինքնակառավարման մարմիններին (1), ոչ պետական կառույցներին («Ջեյ-Սի-Էյ Հայաստանի ոսկերչական ընկերություն») ՓԲԸ (Միկրոձեռնարկությունների զարգացման հիմնադրամին) (2):
Ըստ 2009 թ. ընթացքում ՀՀ ՀՔԾ կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքի` ավարտված քրեական գործերով պատճառված 236.997.500 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 14.293.500 դրամ կամ 6.031 տոկոսը:
Արձանագրված 236.997.500 դրամ վնասից 212.442.016 դրամը գոյացել է դատարան ուղարկված ընդամենը 3 քրեական գործերով, այդ թվում` 162.000.000 դրամը` ՀՀ ԿԱ ՊԵԿ հետախուզության վարչության օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանի ու մյուսների կողմից կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 39.914.016 դրամը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժնի նախկին աշխատակից Զաքար Զաքարյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց գույքը հափշտակելու, 11.528.000 դրամը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Երեմ Մեսրոպյանի կողմից, պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելով, գիշերային պահպանության համար տարբեր կրպակների վաճառողներից պարբերաբար գումարներ պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական գործերով:
2009 թ. ընթացքում ՀՀ ՀՔԾ կատարած աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքում նշվում է, որ փաստորեն, ինչպես նախկինում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության, գիտության և կրթության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, մշակույթի, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների, նախարարությունների, մարզպետարանների, վարչական տարածքների գործունեության հետ կապված` ՀՔԾ-ին ենթակա ոչ մի քրեական գործ չի քննվել, և կարծել, թե այդ բնագավառներում կոռուպցիոն բնույթի չարաշահումներ տեղի չեն ունեցել կամ չեն ունենում, այնքան էլ իրատեսական չէ:
«Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները շարունակում են մնալ նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում: Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, թեև 2009 թ. Հատուկ քննչական ծառայությունը որոշակի աշխատանքներ կատարել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, քննության որակի բարձրացման ուղղությամբ, սակայն առկա են որոշակի թերություններ, բացթողումներ, կա՛ն անելիքներ»,- նշված է տեղեկանքում:
Այսպես`
- քրեական գործերով այդ բնույթի հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ խորությամբ քննություն չի կատարվել, բավարար աշխատանք չի տարվել,
- այդ բնույթի հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ մյուս իրավապահ մարմինների հետ համագործակցությունը թույլ է: Ավելի մտահոգիչ է, որ այդ հանցագործությունների բացահայտումն ու կանխումը դեռևս չեն համապատասխանում դրանց տարածվածությանը և չեն ապահովվում օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահանջը:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում ՀՔԾ-ի դերը սահմանափակ է, քանզի այն` որպես քննչական մարմին, իրականացնում է միայն նախաքննություն և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի:
Չնայած սահմանափակ հնարավորություններին` ծառայությունն առանձին քրեական գործերով արձանագրել է որոշակի ձեռքբերումներ:
Այսպես`
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատրուկ Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով կատարված նախաքննությամբ ճիշտ մարտավարություն ընտրելու, նախաքննությունը պատշաճ պլանավորելու, խորացված և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ վերոհիշյալ հանցագործությանը, Սահակյանից բացի, ուղղակի և անուղղակի հանցակցություն է ունեցել ևս 9 անձ: Նրանցից 9-ի մասով գործը քրեական ՀՀ օրենսգրքի մի շարք` այդ թվում` կոռուպցիոն` 312, 313 (կաշառք տալու և կաշառքի միջնորդության) հոդվածներով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեկ այլ դեպքում Պետեկամուտների կոմիտեի աշխատակից, օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը իրականացրել է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն: Նախաքննությամբ պարզվել է, որ նա, տևական ժամանակ զբաղվելով կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ, թաքցնելով աներոջ` անհատ ձեռնարկատեր Գառնիկ Սարգսյանի մահվան հանգամանքը, վերջինիս անվամբ միայն «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին մատակարարել է 272.754.400 դրամի տարբեր տեսակի ապրանքներ: Հովիկ Հովհաննիսյանը, սակայն, որևէ հաշվետվություն կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր հարկային մարմիններին չի ներկայացրել ու խուսափել է 63.361.000 դրամի հարկեր վճարելուց:
Արդյունավետ քննության արդյունքում` 7 անձի նկատմամբ քրեական գործն ուղարկվել է դատարան, ու նրանք դատապարտվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել