«Արձանագրություները կվավերացվեն ոչ ուշ, քան ապրիլի 23-ը»
«Այս պահի դրությամբ հայ-թուրքական արձանագրությունների բանակցության արդյունքում վեր է հանվել 2 հարց` սահմանների բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ն իր որոշման մեջ նշում է, որ այդ արձանագրության դրույթները չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը»,- այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նրա ասելով` ՍԴ այս որոշմամբ յուրաքանչյուր պաշտոնյայի համար սահմանվում է իր գործողությունների շրջանակը: Բացի դրանից` ՍԴ-ի այս որոշումը, ըստ նրա, բխում է նրա իրավասություններից եւ համապատասխանում է փատաթղթերի հարցադրումներին, ինչպես նաեւ ճանապարհ է բացում ԱԺ-ում այդ արձանագրությունների` առանց վերապահումների ընդունման համար:
Խ. Հարությունյանը անդրադարձավ նաեւ Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններին. «Նախապայմանների մասին խոսել է ոչ թե հայկական կողմը, այլ` թուրքական: Սկզբնական փուլում միայն Ցեղասպանության խնդիրն էր, ապա Ղարաբաղի մասին սկսեցին խոսել: Ընդ որում` այս վերջին հարցի մասին արձանագրություններում որեւէ կետ, խոսք չկա: Փաստաթղթերում նման բան չկա գրված»:
Նա ասաց նաեւ, որ այս գործընթացի միջազգային աջակիցները հստակ փաստում են` չի կարելի Արցախի հարցը եւ հայ-թուրքական արձանագրությունները իրար կապել: «Պայմանավորել մեկը մյուսով նշանակում է ձախողել ողջ գործընթացը: Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել այս 2 գործընթացները միացնելու մասին հայտարարությունները»: Խոսրով Հարությունյանն այն կարծիքին է, որ բանակցությունների ձախողման դեպքում պատասխանատվությունը կկրի Թուրքիան:
Խոսելով արձանագրությունների վավերացման ժամկետների մասին` նա ասաց. «Ողջամիտ ժամկետներն արդեն ուրվագծվում են: Արձանագրություններն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն եւ 2 երկրների ԱԺ-ների կողմից կվավերացվեն ոչ ուշ, քան ապրիլի 23-ին»,- ասաց նա, ապա ավելացրեց, - սա կարեւոր է հատկապես տարածաշրջանային առումով, որովհետեւ այս գլոբալիզացման շրջանում միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել փակ սահմաններ, հատկապես երբ այս հարաբերություններն ունեն տարածաշրջանային նշանակություն»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել