
Խաչիկ Պ. Աստվածատուրյանի ծննդյան 165 ամյակը` Հոնկոնգում
2011 թվականի սեպտեմբերի 8-ին` մեծանուն բարերար Խաչիկ Պողոս Աստվա-ծատուրյանի (Պոլ Չաթերի) ծննդյան օրը, 165-ամյակի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մար-դասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վրդ. Հովհաննիսյանը և Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչությունը այցելեցին Հոնկոնգ, ուր իր հավիտենական հանգիստն է գտել նվիրյալ հայորդին ու մեծ երախտավորը:
Այցելուներն աղոթեցին Խ. Աստվածատուրյանի հոգու խաղաղության ու հանգստության համար, խնկարկեցին մեծ հայի անմահ հիշատակը, նրա շիրմին Հայր Խորենը կատարեց հոգեհանգստյան արարողություն: Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և խոնարհվեցին Խաչիկ Պողոս Աստվածատուրյանի հիշատակի առջև:
Խաչիկ Աստվածատուրյանը ծնվել է 1846 թվականի սեպտեմբերի 8-ին Կալկաթայում (Հնդկաստան), մկրտվել տեղի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում: 18 տարեկանում հաստատվել է Հոնկոնգում ու անդուլ աշխատասիրությամբ ձեռք բերել մեծ հարստություն, դարձել Հոնկոնգի ժամանակի ամենաազդեցիկ մարդը: Շուրջ հիսուն տարի` 1876-1926-ը, ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, ավելի քան 40 տարի եղել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի խորհրդականը, կղզու գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ…
1902 թվականին Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ից ստացել է ասպետի կոչում: Խաչիկ Պողոս Աստվածատուրյանի առջև բաց են եղել Բեքինգեմյան պալատի դռները:
Աստվածատուրյանը եղել է հնդկահայ համայնքի խոշոր բարերարը, նյութական օգնություն է ցույց տվել Հնդկաստանի հայ եկեղեցիներին, կառուցել է Կալկաթայի հայկական ծերանոցը, Մեծ եղեռնից մազապուրծ եղած հայերին օգնելու նպատակով Բրիտանիայում հիմնել է «Հայ գաղթականների բարեգործական հիմնադրամը»:
Խաչիկ Պողոս Աստվածատուրյանը մահացել է 1926 թվականին: Նրա կշիռն ու ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ մահվանից հետո ամիսներ շարունակ ցնցումներ են գրանցվել արժեթղթերի միջազգային շուկայում:
Հոնկոնգում այսօր էլ մեծ երախտավորի անունով կան բազում կառույցներ, մետրոյի կայարան, «Չաթերի այգի», «Չաթերի պողոտա», «Խաչիկի փողոց» և այլն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել