HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի պարզաբանումը «Հետքի» հրապարակման առիթով

«Հետք» պարբերականում տպագրված «Փոքր  ձեռնարկատերերը` հարկայինի թիրախ» հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ համապատասխան ուսումնասիրություններից պարզվել է, որ հոդվածում թվարկված հինգ քաղաքացիներն, իսկապես, իրականացնում են գյուղմթերքների մանրածախ վաճառք` կրպակներից /ՀՏ-ից մոտ 50 մ. հեռավորության վրա/: Հարկային տեսուչների բազմաթիվ նախազգուշացումներից հետո, Թումանյանի ՏՀՏ-ի կողմից կատարված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ստուգումներով արձանագրված գումարների վերականգման նպատակով հայցադիմումներ են ներկայացվել վարչական դատարան:  Մեկ քաղաքացի իրականացնում է տաքսի ծառայություն /փաստը արձանագրվել է ՊԱՏ-ի հետ համատեղ իրականացված միջոցառման ժամանակ/ և ևս մեկ քաղաքացի իրականացրել է ավտոտեխսպասարկման գործունեություն: Քաղաքացիները, հակընդդեմ հայցով դիմել են վարչական  դատարան` հարկային մարմնի կողմից կազմված ակտերն անվավեր ճանաչելու խնդրանքով, քանի որ, ըստ նրանց հայտարարության, իրենք ձեռնարկատիրական գործունեություն չեն իրականացնում, այլ պարզապես վաճառում են իրենց աճեցրած գյուղմթերքները, մինչդեռ, վաճառքը իրականացվում է գյուղատնտեսական շուկայի տարածքից դուրս և վաճառվում են նաև արևադարձային պտուղներ, որոնք տվյալ կլիմայական գոտում չեն աճում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այդ քաղաքացիները տեսչության անմիջական հարևանությամբ զբաղվելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, խաթարում են հարկային կարգապահությունն ամբողջ քաղաքում` առաջացնելով օրինական դաշտում գործող հարկատուների արդարացի դժգոհությունը: Նշենք նաև, որ հունվարի 26-ի դրությամբ հոդվածում հիշատակված 7 քաղաքացիներից 6-ը հրաժարվել են հակընդդեմ հայցից և պարտավորվել սահմանված կարգով հաշվառման կանգնել հարկային մարմիններում: Նույն էլեկտրոնային թերթի «Նորիկ Այվազյանը անզիջում հարկահավաքություն է իրականացնում  անպաշտպան և փոքր առևտրականների նկատմամբ» հրապարակման առիթով էլ տեղեկացնում ենք, որ հոդվածում նշված այն պնդումը, թե քաղաքապետին պատկանող «Կատա» խանութների ցանցը հարկեր չի վճարում և գտնվում է ստվերային դաշտում, չի համապատասխանում իրականությանը: «Կատա առևտրի տուն» ՍՊԸ-ն 2009թ. երկրորդ կիսամյակի ընթացքում պետբյուջե է վճարել մոտ 1.3 մլն. դրամ` առևտրի սրահում տեղակայված ունենալով 8 ՀԴՄ-ներ: Բացի այդ, 2009թ. ընթացքում ՏՀՏ-ի կողմից հսկողական գործառույթների իրականացման շրջանակներում կատարվող` ՀԴՄ-ների կիրառման կարգի պահպանման ստուգումների ժամանակ արձանագրվել է «Կատա առևտրի տուն» ՍՊԸ-ի կողմից թույլ տրված խախտում: Ինչ վերաբերվում է առանձին հարկ վճարողների արտոնյալ կարգավիճակով գործելու մասին հոդվածի անդրադարձին, ապա հարկ է նշել, որ 2009թ. միայն նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում ՏՀՏ-ի կողմից չկատարված հարկային պարտավորությունների դիմաց արգելադրումներ են իրականացվել տեսչությունում հաշվառված 8 ընկերություններում, ընդհանուր 33.1 մլն. դրամ  գումարի չափով, թվով 16 հայցադիմում է ներկայացվել դատարան` վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ` ընդհանուր 3.5 մլն. դրամ գումարով, ինչպես նաև դատարանի վճռով բավարարվել է 12 հայցադիմում 11.6 մլն. դրամ գումարով և դատաքննության փուլում են գտնվում 15 հայցադիմում` 18.4 մլն. դրամ գումարով: «Հետք». Նշենք, որ մեր թղթակիցը բազմիցս փորձել է Ալավերդու հարկային տեսչության պետից ստանալ պարզաբանումներ, սակայն այդպես էլ որևէ պատասխան չի ստացել: ՊԵԿ-ի գրությունը չի անդրադարձել նաև այն հարցին, թե «Գրանդ Քենդին» իր ապրանքները խանութներին ինչու է տալիս առանց հաշիվ-ապրանքագրերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter