HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հաստատել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որը միտված է իրավական, ֆինանսական եւ կազմակերպչական համապատասխան ներդրման միջոցով պետական աջակցություն ցույց տալու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։ Տ. Սարգսյանը կարեւորել է որոշումը` նշելով, որ խնդիրը ներառված է  նախագահի նախընտրական ծրագրում։ Համաձայն ԿԲ հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի վերաֆինանսավորմանը` վարկի 10 մլն դրամ միջին գումարի եւ 10 տարի ժամկետի դեպքում։ Վարչապետը հավելել է, որ նշված գումարը չբավարարելու դեպքում գործի կդրվեն լրացուցիչ ռեզերվներ։ Նախնական հաշվարկները վկայում են, որ ծրագրից կարող են օգտվել հազարավոր ընտանիքներ։ Գործադիրը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին որոշումներից մեկը եւ պետբյուջեից հատկացրել 22,871.9 հազար դրամ` «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու համար։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել Գյումրի, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաեւ Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակշինարարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության եւ արդյունքում բնակարանների (բնակելի տների) հատկացման ու վիճակահանությամբ բաշխման գործընթացների իրականացումը։ Այս գործընթացի վերահսկողությունը նույնպես կատարվելու է նախագահի հանձնարարությամբ։ Կառավարությունը որոշել է Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող «Սեւան» ազգային պարկի» տնտեսական գոտու տարածքում` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան» ծրագրով նոր պոմպակայան կառուցելու նպատակով առանց մրցույթի, անհատույց, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 0,56 հա հողամաս։ Հաջորդ որոշմամբ գործադիրը «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգերի վերականգնման նպատակով բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչել Արարատի եւ Արմավիրի մարզերի մի շարք հողատարածքներում։ Հաջորդ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 55.0 մլն դրամ է հատկացրել «Արփա-Սեւան» թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակում կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի անկախ միջազգային փորձաքննության եւ առաջարկությունների ներկայացման ծառայությունների` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մեկ անձից գնման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter