HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն անդրադարձել է մի շարք հարցերի

Այսօր կայացած նիստում կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանում, տեսանկարահանում կամ հարցազրույց իրականացնելիս ապահովել ԶԼՄ ներկայացուցչի անվտանգությունը, բացառել կալանավորված անձի կամ դատապարտյալի փախուստի հնարավորությունը եւ նկատի առնելով վերջինների անձնական կյանքը հարգելու սահմանադրական դրույթը` բացառել նրանց տեսանկարահանումը եւ լուսանկարահանումը խցերում կամ բնակության այլ վայրերում։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում եղել են ոչ համարժեք մեկնաբանություններ` վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է լրացուցիչ պարզաբանում տալ ընդունված որոշմանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման հայեցակարգին եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր 2009թ. օգոստոսի 27-ի նիստի N 35 արձանագրային որոշման մեջ։ Մասնավորապես փոփոխվել են առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի որոշ կետեր, պետական պատվեր ակնկալող բուժհաստատությունները պարտավորեցվել են իրենց ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող տեղեկություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն, քայլեր են նախատեսվել 100 տոկոս պետական մասնակցությամբ բուժհաստատությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ եւ այլն։ Կառավարության հավանությունն է ստացել ՄԱԿ-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ ՀՀ երկրորդ եւ երրորդ համատեղ պարբերական զեկույցը։ Գործադրի հավանությանն է արժանացել Երեւան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների (աղբահանության) կառավարման հայեցակարգը, որի մշակման հիմք է հանդիսացել գերմանական «Ֆիխտներ» ընկերության կողմից իրականացված Երեւանի աղբահանության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հայեցակարգի իրականացման ժամկետով, որը, նրա կարծիքով, չպետք է ուշանա, ինչպես նաեւ խնդրի լուծման եղանակը հանրապետության մյուս քաղաքներում եւ բնակավայրերում կիրառելու հնարավորությամբ։ Իր նիստում կառավարությունը քննության է առել ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Գործադիրը տեղին է համարում պատգամավորի մտահոգությունը եւ ընդունում է խնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը։ Սակայն կառավարությունը գտնում է, որ պարտադիր դրոշմապիտակավորման պետք է ենթարկվեն ոչ միայն տեսաձայնային կրիչները, ուստի մշակվել է համապատասխան օրինագիծ, որը կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով, եւ նախաձեռնության հեղինակը հնարավորություն կունենա համագործակցել կառավարության հետ նախագծերը միավորելու եւ այդ նպատակով լրամշակելու ուղղությամբ։ Օրինագիծը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter