HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գերագույն դատարանը Եհովայի վկաների հայցը բավարարել է մասնակիորեն

Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանում, դատավոր Գայանե Գրիգորյանի նախագահությամբ, քննվել է Ղարաբաղում Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպության առաջնորդ Սարգիս Ավանեսյանի հայցն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 28-ի վճռի:   Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Սարգիս Ավանեսյանի հայցը, որում նա պահանջում էր չեղյալ համարել ԼՂՀ արդարադատության նախարարության պետռեգիստրի որոշումը: Պետռեգիստրի բաժնում մերժել էին Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպության պետական գրանցումը` հիմք ընդունելով կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով բաժնի փորձագիտական բացասական եզրակացությունը: Դատական նիստի ժամանակ դատարանը պարզեց, որ Եհովայի վկաներից եւ ոչ մեկը գրավոր չի լիազորել Սարգիս Ավանեսյանին` իրենց շահերը պաշտպանել դատարանում: Միաժամանակ Սարգիս Ավանեսյանը հավաստիացրել է, որ իրեն եւ մյուս եհովականներին չեն խոչընդոտում դավանել եւ այդ առումով չեն խախտվում իրենց իրավունքները, ուղղակի ուզում են որպես կազմակերպություն գրանցվել եւ պետության հետ իրավահարաբերությունների մեջ մտնել որպես իրավաբանական անձ, ունենալ գրասենյակ, սեփականություն եւ այլն: Սարգիս Ավանեսյանի այն հարցին, թե «պետռեգիստրի բաժինն ինչու է հիմք ընդունել կեղծ փորձագիտական եզրակացությունը» պատասխանող կողմը` պետռեգիստրի բաժնի պետ Սեւակ Միքայելյանը, պատասխանեց, որ եզրակացության ստուգումն իրենց իրավասության մեջ չի մտնում եւ իրենք առաջնորդվել են օրենքով: Կողմերին լսելուց հետո դատարանը որոշեց Սարգիս Ավանեսյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, ամբողջությամբ բեկանել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը եւ վարչական գործի վարույթը կարճել: Դատավոր Շուրա Օհանյանը, պարզաբանելով վճռաբեկ բողոքի բավարարումը, նշեց, որ Գերագույն դատարանը բավարարել է Սարգիս Ավանեսյանի` առաջին ատյանի վճիռը չեղյալ հայտարարելու մասին հայցը, բայց դատարանը կարծում է, որ առաջին ատյանը չպետք է ընդուներ նրա հայցը: «Գործի վարույթը կարճվել է, հաշվի առնելով, որ կողմերը իրավասու չեն եղել դիմել վարչական դատարան` չունենալով համապատասխան լիազորագիր»,- շեշտել է Շուրա Օհանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter