HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Մոնիտորինգային ընդդիմություն Երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում փակ գաղտնի քվեարկությանբ այդ կառույցի մոնիտորինգի հանձնաժողովում որպես Հայաստանի «ընդդիմության ներկայացուցիչ»` ընտրվել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Քվեարկության արդյունքում «Ժառանգության» ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության արդեն փոխարինող կազմի անդամ Զարուհի Փոստանջյանը ստացել է 10, Ա.Ռուստամյանը` 15 ձայն: Այսպիսով, երեկ ավարտված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակությունը «լավագույնս լուծեց» իր առջև դրված գերխնդիրը` Զարուհի Փոստանջյանին մեկուսացնել ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկումներից, և արդեն կարող է կատարյալ ներդաշնակության մթնոլորտում աշխատել մեր իշխանությունների սիրելի Պրեսկոտի ու Կելումբիեի հետ: Իսկ թե ինչ գին է վճարել Հայաստանը, որ ԵԽԽՎ-ում ընդդիմության մանդատը ստանա «հատկապես կարևորագույն գործերով ընդդիմադիր» Արմեն Ռուստամյանը, պարզ կդառնա առաջիկա իրադարձություններից: Առջևում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր զարգացումներ են սպասվում: Ադրբեջանական բանակ. 6 զոհ, 2 վիրավոր Հենվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկության վրա` ադրբեջանական «Վեստի.ազ»-ը նշում է, որ հունվարի 28-ի ժամը 18-ին Ադրբեջանի բանակի «անհայտ» զորամասում 6 զինվոր է մահացել: Անհայտ պատճառներով 2 զինվոր ավտոմատից կրակ է բացել զինակիցների վրա, 4 զինվոր մահացել է, 2-ը` ծանր վիրավորվել: Հանցագործությունը կատարելուց հետո 2 «հրաձիգները» ինքնասպանություն են գործել: Ադրբեջանական «Ազադլիգ»-ը տեղեկացնում է, որ ադրբեջանական «անհայտ» զորամասը գտնվում է Դաշքեսանում, իսկ զինվորները կրակ են բացել զորամասի հրամանատարության վրա. մահացել է զորամասի հրամանատարը, շտաբի պետը ծանր վիրավորվել է: «Ազադլիգ»-ը շարունակում է. «Զինվորներն այնքան են շահագործվել ու ստորացվել հրամանատարության կողմից, որ դիմել են նման քայլի»: Այնուամենայնիվ, բանակում կարևորը զորքի որակն ու թարմությունը չէ, այլ հոգեբանական վիճակը. դա է մարտունակության միակ գրավականը: Հատկանշական է, որ ադրբեջանական բանակի իրական դեմքը ևս մեկ անգամ պարզ դարձավ այն օրը, երբ ողջ հայությունը նշում էր հայոց հաղթանակած բանակի օրը: Քուշկյանի պորտֆելն է ուզում Ընդամենը մի քանի ամիս առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես հայտարարեց, թե դադարում է ճանաչել Հայաստանի Հանրապետության Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Թե ինչն էր պատճառը, որ մեր հարևան հանրապետությունը նման որոշում կայացրեց, այն ժամանակ որևէ մեկն այդպես էլ չփորձեց բացատրություն տալ: Օրերս թերթը տեղեկացավ, թե որն է եղել Իրանի կառավարության որոշման դրդապատճառը: Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետություն է հրավիրվել բժշկականի ռեկտորը` տխրահռչակ Գոհար Քյալյանը: Բավական ներկայացուցչական գիտաժողովի ժամանակ վերջինս ամբիոնից սկսել է ապացուցել, որ պարսիկ բժիշկ Ավիցենան հայկական ծագում ունի, և որ նրա նախնիները հայ են եղել: Այս անգրագիտությունից վրդովված` Իրանի համապատասխասխան գերատեսչությունները որոշում են կայացրել իրենց հանրապետության տարածքում այլևս չճանաչել մեր բժշկականի դիպլոմը: Ի դեպ, կտրուկ նվազել է իրանցի ուսանողների հոսքը բժշկական համալսարան: Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ հերթը հնդիկներինն է: Ի դեպ, իշխանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները փախնցում են, որ բժշկական համալսարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների արդյունքում սրվել են Գոհար Քյալյանի և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հարաբերությունները, որոնք մինչ այդ էլ առանձնապես լավ չէին: Ասում են, որ Քյալյանն ամեն ինչ անում է, որ կարողանա ձեռք գցել Քուշկյանի աթոռը, այսինքն` դառնալ ՀՀ առողջապահության նախարար: Կաշառակե՞րը Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Աշխատանքի տեսչության պետ Արթուր Պետրոսյանը, ով ԲՀԿ քվոտայով նշանակվելու է Սպորտի նախարար, բավականին հետաքրքիր անցյալ ունի: Թերթի տեղեկություններով` նոր նախարարը 1995 թվականին մեղադրվել է կաշառակերության մեջ, հարուցված է եղել քրեական գործ, եւ նա փախել է Բուլղարիա: Սա երեւում է անգամ նրա կենսագրությունից, որտեղ նշվում է, թե Ա. Պետրոսյանը 1991-1995 թթ. եղել է ՀՀ հարկային տեսչության օպերատիվ վարչության պետ, պետի տեղակալ, առաջին օգնական: Իսկ ահա 1995-1998 թթ-ի մասին նշված է, որ նա ապրել է Բուլղարիայում: Իշխանափոխությունից հետո նա վերադարձել  է ՀՀ, 1999-2003 թթ. եղել է ԱԺ նախագահի խորհրդական, ՄԱԿ-ի ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր, 2009-ի փետրվարից դարձել է ԲՀԿ-ական, 2009-ի հուլիսին նշանակվել Աշխատանքի տեսչության պետ: Ճանաչեք հայ եկեղեցու իրավունքները Թուրքիայում ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին բանաձեւ ընդունեց Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունների խղճի ազատության եւ մարդու այլ իրավունքների մասին: Բանաձեւի 19.2 կետի համաձայն` Վեհաժողովը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին. «Իրավաբանական անձ ճանաչել Ստամբուլի էկումենիկ ուղղափառ պատրիարքարանը, Ստամբուլի Հայ Կաթողիկե եկեղեցին» եւ այլն: Ըստ ԵԽԽՎ այս բանաձեւի` «Իրավաբանական անձի կարգավիճակի բացակայությունը, որն անդրադառնում է բոլոր համայնքների վրա, անմիջական հետեւանքներ ունի սեփականության իրավունքի եւ գույքի կառավարման առումով»: Հանում են «Արարատ» բառը Թուրքիայի կրթության նախարարությունը գրաքննության է ենթարկել այդ երկրի միջնակարգ դպրոցների աշխարհագրության դասագրքերը: Բոլոր դասագրքերում «Արարատ» բառը պարտադիր կերպով պետք է փոխարինվի «Աղրը դաղ» անվանումով: Սահմանափակել սահմանափակը Երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգում կատարված փոփոխությունը` դատապարտյալներին եւ կալանավորվածներին այսուհետեւ արգելվում է լուսանկարվել, տեսանկարահանվել կամ ձայնագրվել խցերում: Դա կարելի է անել միայն հատուկ սենյակներում: Սա նշանակում է, որ լրագրողները, իրավապաշտպանները, ՀԿ-ները եւ այլ կազմակերպություններ, անգամ ազատազրկված անձանց համաձայնությունն ունենալով, իրավունք չունեն ֆիքսել ազատազրկվածների պահպանման պայմանները, ցույց տալ, թե ինչ կենցաղ ունեն այս մարդիկ: Մերոնք որոշում են աղբը տնից չհանել, սահմանափակել սահմանափակը եւ բոլոր պայմանները ստեղծել ՀՀ կալանավայրերում օպերների բեսպրեդելի եւ ծաղկուն կաշառակերության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter