Էդվարդ Նալբանդյանը` Նորվեգիայում
Նախօրեին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Նախարարներն ընդգծել են Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, մասնավորապես բարձրաստիճան այցերի կազմակերպումը, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում փոխանակումների ակտիվացումը:
Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը աշխուժացնելու հնարավորությունը եւ պայմանավորվել են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նախարար Շտյորեն ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություները, սկանդինավյան երկրների համագործակցության փորձը` նշելով, որ այն կարող է կիրառվել նաեւ այլ տարածաշրջանների համար: Այս ենթատեքստում Է. Նալբանդյանն ընգծել է, որ ածխաջրածնային պաշարներով աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող եւ աշխարհի ամենախաղաղ երկիրը համարվող Նորվեգիայի քաղաքականությունը եւ միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործունեությունը կարող են օրինակելի լինել նման պաշարներ ունեցող այլ երկրների համար:
Է. Նալբանդյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ՀՀ նախագահի նախաձեռնությունը եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Նախարարներ Նալբանդյանն ու Շտյորեն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ օրակարգային հարցերին:
Է. Նալբանդյանն ու Յոնաս Գահր Շտյորեն ստորագրել են Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հայտարարություն:
Նույն օրը արտգործնախարարը հյուրըկալվել է Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, որին ներկա են եղել Օսլոյում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ: Ելույթից հետո Է. Նալբանդյանը պատասխանել է ներկաների, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանների հարցերին:
Օսլոյում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի տանը տեղակայված Նանսենի ինստիտուտ, ուր ծանոթացել է նրա աշխատանքներին, հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության հետ: Վերջինս ներկայացրել է Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի միջացառումների նախապատրաստական աշխատանքները: Է. Նալբանդյանն առաջարկել է ինստիտուտին Նանսենի հոբելյանին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում: Նախարարը ծաղկեպսակ է դրել Նանսենի շիրմաքարին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Հայաստանի արտգործնախարարի Օսլո այցի ծրագիրը ներառում էր նաեւ տնտեսական բաղադրիչ` երեկ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նորվեգացի գործարարների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում նոր տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Նախարար Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույցներ է տվել Նորվեգիայի պետական “NRK” հեռուստաընկերությանը եւ առաջատար “Aftenposten” թերթին:
Այսօր վաղ առավոտյան Է. Նալբանդյանն ուղեւորվել է Երեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել