Ամասիայում հիվանդանալուց առաջ պետք է լուրջ մտածել
Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում ձմռան խստաշունչ ամիսներից խորհրդային տարիներին երբեք չեն դժգոհել: Եթե անգամ ձյան տեղումները մեկ մետրի էին հասնում, ճանապարհները երբեք փակ չէին մնում: Հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանում բնակվողներն այդ տարիներին իրենց լքված ու մոռացված չէին զգում, կար աշխատատեղ, աշխատանքից հետո գոնե կինոթատրոն հաճախելու հնարավորություն, համերգ, թատրոն, ջեռուցվող բնակարաններ, լուսավոր փողոցներ:
50-ամյա Հովիկ Կարապետյանը լավ է հիշում այդ տարիները: Ամասիայում կենտրոնացված ջեռուցման շրջանը սկսվում էր նոյեմբերի 15-ից ու ավարտվում ապրիլի վերջին, եթե սառնամանիքները երկարում էին, համապատասխանաբար երկարում էր նաեւ ջեռուցման շրջանը: «Մենք շենք կապրեինք, պառերին ձեռք տալ չէր էղնի, էնքան որ տաք էին, անցան էդ տարիները: 20 տարի փետ ու աթար վառեցինք, մինչեւ պառադը մեր դռնով էլ անցավ, այսինքն` գազ ունեցանք»,-հիշում է Հովիկ Կարապետյանը: Դեկտեմբերի 26-ին գազը մուտք գործեց Կարապետյանների տուն: Հիմա նրանք շատերի նման ձեռքի մի շարժումով են տան ջերմությունը կարգավորում:
«Վերջապես պրծանք էդ մրից ու կեղտից, հիմի արածդ մաքրությունն էլ է երեւում, տաք ու սառ ջուրն էլ կա, էլ ի՞նչ է պետք տանտիկնոջը երջանիկ լինելու համար,- կատակում է տիկին Նվարդը,- մենակ վատն էն է, որ տան ջեռուցման համակարգը քաշելու համար ստիպված եղանք վարկ վերցնել»: ԻՖԱԴ-ի ծրագրով Ամասիայում գազիֆիկացման ծրագիրը սկսվեց 2009 թ. մայիսին: Համայնքի ամբողջ տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, խողովակները հասցված են բնակարաններ, սակայն 400 բնակարանից միայն 52-ում են օգտագործում կապույտ վառելիքը: Համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի հավաստմամբ` աշխատանքների ձգձգումները կապ չունեն ֆինանսների հետ, պարզապես միաժամանակ սկսված լայնածավալ աշխատանքը հնարավոր չէր միաժամանակ էլ ավարտել:
«Առանձնատներում խնդիրն ավելի հեշտ է, քան բազմաբնակարաններում, թեպետ երկու դեպքում էլ միացումները պետք է միաժամանակ արվեն: Նշված 52 տունը մեկ թաղամասում է, այնտեղ աշխատանքներն ավելի շուտ էին ավարտվել, դրա համար էլ այդ թաղամասի բնակիչները 2010-ը գազիֆիկացված բնակարաններում դիմավորեցին: Մնացած հատվածներում էլ տոներից հետո հաշվիչների տեղադրման աշխատանքները վերսկսվել են: Կարծում եմ` մեկ ամսից համայնքի ողջ բնակչությունը կօգտվի գազից»,- ասում է Աղասի Ամիրյանը: Համայնքապետը պնդում է, որ եթե չլիներ բարերարների օգնությունը, դժվար թե Ամասիան գազիֆիկացվեր: «Ավելի ճիշտ` կգազիֆիկացվեր, բայց երեւի մաս-մաս, գումարների հետ կապված, 2-3 տարվա ընթացքում, որովհետեւ ԻՖԱԴ-ի ծրագրերին մասնակցելու համար պետք է 10 տոկոս ներդրում ապահովել: Համայնքից պահանջվող 3 մլն դրամից 2 մլն դրամը տվեց «Մաքուր երկաթ» ԲԲԸ տնօրեն Բենիկ Կարապետյանը, պահանջվող 7000 մետր խողովակից 500 մետր խողովակն էլ ապահովեց մեր տարածաշրջանից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը,- ասում է համայանքապետը,- սեփական եկամուտներից մենք ընդամենը 1 մլն դրամ ենք ներդրել եւ մնացած 6,500 մետր տարբեր տրամաչափի խողովակներն ենք հայթայթել: Փաստորեն, այս աշխատանքների համար բնակիչներից ոչ մի հավելյալ լումա չի հավաքվել, որը, փաստորեն, շատ մեծ նվեր է աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Ամասիայի համար»: Արտագաղթի ամենամեծ ցուցանիշն ունեցող համայնքից վերջին տարիներին արտագաղթողներ չկան: Ասում են` գնացել են նրանք, ովքեր ինքնաթիռի տոմս կամ այլ քաղաքներում տուն գնելու հնարավորություն ունեին, մնացողներն էլ գումար չունեն, այլապես վաղուց կլքեին Ամասիան: Իրավիճակը համայնքում կտրուկ փոխվեց 2009 թ.: «Գազիֆիկացման ծրագիրն ահագին դրական տեղաշարժ էր մեր համայնքի կյանքում,- ասում է Աղասի Ամիրյանը,- մարդկանց մեջ հույս արթնացավ, սկսեցին ավելի լավատեսորեն նայել ապագային: Եթե տարիներ շարունակ մենք սեփական եկամուտների հավաքագրման գծով մշտապես ցուցակի պոչում էինք ու 17-20 տոկոսից վեր չէինք բարձրանում, անցնող 2009 թվականը Ամասիան բյուջեն կատարել է 98 տոկոսով: Կառավարության` հողի հարկի նախորդ տարիների կուտակած տույժն ու տուգանքները զիջելու որոշումը շատ դրական ազդեց գումարների հավաքագրման վրա»: Սակայն 98 տոկոս ցուցանիշը դեռեւս չի նշանակում, թե հյուսիսային այս համայնքի կյանքը լիովին բարելավվել է: Ամասիայում չկա տիպային դպրոցական շենք, մանկապարտեզ, 2008 թ. դադարել է գործել շտապօգնության ծառայությունը, հիվանդանոցն էլ փակվելու եզրին է: «Երկրաշարժից Ամասիայի գրեթե 60-70 տոկոսն ավերվել էր: Վարչական նշանակության շատ շենքեր եւս վնասվել էին: Դպրոցն արդեն 20 տարի է գործում է արհեստագործական ուսումնարանի շենքում, իր սեփականը չունի: Նույն պատճառով համայնքն արդեն 20 տարի է մանկապարտեզ չունի: 2010 թ. որոշել ենք դիմել Սոցներդրումների հիմնադրամին, որպեսզի նախկին գործկոմի շենքը դարձնենք մանկապարտեզ,- ասում է համայնքապետը,- բայց շատ խնդիրներ էլ կան, որոնց լուծումները մեր իրավասություններից դուրս են, օրինակ` առողջապահության ոլորտի»: Ամասիայում հիվանդանալուց առաջ պետք է շատ լուրջ մտածել, 10 չափել ու մեկ կտրել, անգամ կասկածել` արժե՞ հիվանդանալ: Որովհետեւ նախ տեղում քեզ լուրջ բուժօգնություն չեն կարող ցույց տալ` մասնագետներ չկան, հետո էլ` չեն կարողանա շտապ տեղափոխել մեկ այլ մասնագիտացված հիվանդանոց, որովհետեւ շտապբուժօգնության մեքենա չկա: Հիվանդանոցում կա ծնարան, սակայն չկան մասնագետներ, եւ հղիներին ուղարկում են Գյումրի: «Խորհրդային տարիներին քաղաքում աշխատող բժիշկը ստանում էր 120 ռուբլի, հեռավոր շրջկենտրոններում աշխատողները` 300 ռուբլի,- պարզաբանում է Աղասի Ամիրյանը,- հիմի հակառակն է, փոխանակ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ գան աշխատեն, մեր ստեղծած պայմաններն էլ այլ նպատակի են ծառայեցնում, ծառայողական բնակարանը վերցնում, տալիս են տեղի բնակչին»: Պարզվում է, որ Ամասիա գյուղի 12ա բնակելի շենքից «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին համայնքի հատկացրած ծառայողական 3 սենյականոց բնակարանը նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը հատկացրել է կենտրոնի տնօրենին, ով Ամասիայի բնակիչ է եւ անօթեւանի կարգավիճակ չունի, սակայն լինելով նույն կուսակցությունից, ինչ նախկին մարզպետը, առավելագույնս շահել է: Իսկ գյումրեցի թերապեւտը գիշերում է հիվանդանոցում, որովհետեւ համայնքը չի կարող նրան բնակարանով ապահովել: Եթե ապրելու տեղ չկա, ինչպե՞ս մասնագետներ պահանջեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել