HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ի՞նչ սեւ կատու էր բռնում Սոչիի «մութ գիշերներում» Մոսկվան

Հունվարի 25-ին Սոչիում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց: Եւ չնայած դրան` ռուսական կողմը հայտարարեց բանակցությունների արդյունքում որոշակի ձեռքբերումների մասին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախագահների հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասը: «Այսօրվա գլխավոր արդյունքը ձեռք բերված համաձայնությունն է, որ թեեւ կան փաստաթղթի որոշ հատվածներ, որոնք կողմերի համաձայնության առարկա դեռ չեն հանդիսանում, բայց այդ հատվածների վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարները, ձեւակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստում»,- նշել էր Լավրովը։ «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով բանակցություններին «մոտ կանգնած» բարձրաստիճան ինչ-որ աղբյուրի, նաեւ տեղեկացրեց, թե երեք երկրների նախագահների հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի ներածական մասում ամրագրվել է հետագա բանակցություններին հենց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հրամայականը, ինչպես նաեւ հատուկ ձեւով քննարկվել է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Նկատելի է, որ Սոչիում կայացած բանակցությունների հանգամանքների մասին տեղեկատվական արտահոսքը թույլ է տալիս բացառապես Մոսկվան։ Հանդիպումից հետո ո՛չ Երեւանը, ո՛չ էլ Բաքուն որեւէ պաշտոնական հայտարարությամբ, մեկնաբանությամբ հանդես չեկան։ Այս փաստը վկայում է ընդամենը Ռուսաստանի մեծագույն ցանկության մասին՝ ցույց տալ, որ մասնավորապես Սոչիի հանդիպումը տվել է շատ որոշակի արդյունք, իսկ ընդհանրապես՝ որ եթե անգամ բանակցային գործընթացում կա առաջընթաց, ապա դա տեղի է ունենում հատկապես Ռուսաստանի նախաձեռնությունների արդյունքում։ Սակայն պրոցեսում առաջընթաց տեսնելը մի բան է, կոնկրետ առաջընթաց գրանցելը՝ բոլորովին այլ բան, որը չափում ու գնահատում են բանակցող կողմերը։ Մինչդեռ այս դեպքում վերջիններս «համեստորեն» լռում են։ Ո՞րն է պատճառը։ Մեծ հաշվով, «հակամարտության կարգավորման փաստաթղթի ներածական մասի» շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնության գալու մասին Լավրովի հայտարարությունը որեւէ գործնական նշանակություն չունի։ Բացարձակապես անհասկանալի է, թե խոսքը հակամարտության կարգավորման ո՞ր փաստաթղթի մասին է. Մադրիդյան հի՞ն, նո՞ր կամ նորացվա՞ծ սկզբունքների, թե՞ հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի։ Ռուսական կողմն այս հարցում որեւէ հստակություն չի մտցնում։ Կարելի է ընդամենը ենթադրել, որ խոսքը վերաբերում է կարգավորման հիմնարար սկզբունքներն ամրագրող փաստաթղթին, այն պարզ պատճառով, որ ըստ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի պաշտոնական մոտեցումների` շրջանակային համաձայնագիրը պետք է համաձայնեցվի միայն կարգավորման սկզբունքները համաձայնեցնելուց հետո։ Սակայն հարց է առաջանում, թե խոսքն ի՞նչ «ներածական մասին» է ընդհանրապես վերաբերում։ 2009 թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների համատեղ Լաքվիլայի հայտնի հայտարարության մեջ, որով հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները, որեւէ խոսք, ակնարկ չկար ոչ միայն կոնկրետ փաստաթղթի առկայության, այլեւ դրա «ներածական մասի» վերաբերյալ։ Այս իրողությունը վկայում է, որ կամ ռուսական կողմը չափազանցնում է այդ փաստաթղթի «ներածական մասի» վերաբերյալ խոսելիս, կամ եթե այն իսկապես գոյություն ունի, ապա ներառում է ընդամենը հռչակագրային բնույթի, շատ ընդհանրական ձեւակերպումներ։ Մինչդեռ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ փաստաթղթում դեռեւս առկա են հատվածներ, որոնց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, հստակ ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում կողմերը որեւէ էական առաջընթաց չեն արձանագրել եւ ուղղակի պատրաստ չեն մոտ ապագայում որեւէ փաստաթուղթ ստորագրել։ Սակայն շատ ավելի ուշագրավ է «Ռեգնում» գործակալության տարածած անհասցե տեղեկատվությունը։ Հայաստանում եւ Ադրբեջանում քննարկումների հիմնական առանցքը սկսում է ձեւավորվել հենց այս տեղեկատվության շուրջ։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ այն ուղղակիորեն շոշափում է կողմերի անմիջական հետաքրքրություններն ու ստրատեգիական դիրքորշումները եւ ինչ-որ իմաստով խոսում ռուսական կողմի քաղաքական ուղեգծի նրբությունների մասին։ Առաջին անգամ տեղեկատվական արտահոսք է տեղի ունենում այն մասին, որ հակամարտության կարգավորման որեւէ փաստաթղթում ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավվելու գաղափարը։ Սա կարող էր լուրջ ձեռքբերում համարվել, եթե չլինեին երկու նուրբ, բայց էական խնդիրներ։ Ռուսական ինտերնետային տեղեկատվական կայքը խոսում է ոչ թե այդ եթերային փաստաթղթում ԼՂ` որպես հակամարտության կողմի ներգրավման շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, այլ ընդամենը ` փաստաթղթում դրա հրամայականի ամրագրման։ Այսինքն՝ ընդունվում կամ արձանագրվում է ոչ թե կոնկրետ իրողությունը, այլ ընդամենը գաղափարը։ Մի բան, որ իրենց տարածաշրջանային այցելությունների ընթացքում մշտապես անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավվելու գաղափարը երբեք չի վիճարկվել միջնորդների կողմից։ Սակայն նրանք երբեք չեն հստակեցրել, թե ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում դա իրականություն կդառնա։ Նույնը չի արվում նաեւ այս դեպքում։ Հետեւաբար, տեղեկատվությունն այս իմաստով որեւէ նոր բան մինչեւ հիմա եղածին ոչ ավելացնում է եւ ոչ էլ պակասեցնում: Երկրորդ՝ այս անգամ խոսքը ոչ թե Ղարաբաղի հայկական համայնքի մասին է, ինչպես նախկինում, այլ Լեռնային Ղարաբաղի։ Արդյո՞ք այս բառակապակցության ներքո նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ոչ ոք չի կարող պնդել, որ՝ այո։ Այստեղ խոսքը վերաբերում է միայն աշխարհագրական տարածքին, այլ ոչ թե պետությանը։ Հետեւաբար, նման ձեւակերպմամբ առկա տարընթերցումները մնում են ուժի մեջ։ Նույնը վերաբերում է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը «հատուկ ձեւով» Սոչիում քննարկման առարկա դարձնելու մասին տեղեկատվությանը։ Որեւէ մեկը բարձրաձայն չի վիճարկել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հիմնված է լինելու տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։ Բանակցող կողմերի նախորդ բոլոր հանդիպումներից հետո Երեւանից եւ Բաքվից հնչող պաշտոնական հայտարարությունները վկայում էին, որ բանակցություններում քննարկվող հիմնական խնդիրն այս սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն տալու կամ դրանց համադրման հնարավորություններ գտնելու մեջ է։ Հետեւաբար, որեւէ արտառոց բան չկա նրանում, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հատուկ քննարկման առարկա է դարձել։ Հակառակը, տարօրինակը հենց այն կլիներ, որ այդ հարցը բանակցությունների օրակարգում չլիներ։ Այլ կլիներ իրավիճակը, եթե որոշակիություն մտցվեր, թե այդ սկզբունքի կիրառման ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Եթե Հայաստանը համարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ սկզբունքի հիման վրա, ապա Ադրբեջանը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը դիտարկում է իր տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եթե հստակություն չկա, թե որքանով է հաջողվել իրար մոտեցնել այս երկու` սկզբունքորեն միմյանց հակասող մոտեցումները, նշանակում է որեւէ իրական տեղաշարժ բանակցություններում չի եղել։ Սակայն այս ամենից զատ շատ ավելի հետաքրքրական է, թե ինչու՞ է Ռուսաստանը նման տեղեկատվական արտահոսք թողնում, որը նկատելիորեն հակասում է Ադրբեջանի շահերին։ Սա առանձին նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter