HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսական ճգնաժամի՞, թե՞ ոստիկանության լավ աշխատանքի արդյունքում են հանցագործության դեպքերն աճել

2009 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է` 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 9 ամիսների տվյալներով` Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել 10719 դեպք: 2008 թվականի նույն ժամանակահատվածում հանցագործությունները կազմում էին ընդամենը 6825 դեպք: 18 դեպքով աճել է նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը եւ կազմել 383 դեպք: 2008-ի նույն ժամանակահատվածում դրանք 365-ն են եղել: 9 ամսվա կտրվածքով ավելացել է նաեւ անչափահասների մասնակցությամբ հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը: 2009-ին այն կազմել է 106 դեպք, իսկ 2008 թվականին` 92: Ոստիկանությունը հանցագործությունների կտրուկ աճը բացատրում է այն հանգամանքով, որ նախկինում հանցագործությունների որոշ մասը թաքցվում էր հաշվառումից, ուստի ներկայացվող տվյալները չէին համապատասխանում հանցագործությունների իրական թվին: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանն էլ «Հետքին» փոխանցեց, որ դատարանում վերջին ամիսներին բավականաչափ աճ է գրանցվել ինչպես քաղաքացիական գործերով, այնպես էլ` քրեական: «Իհարկե, քաղաքացիական գործերն անհամեմատ գերակշռում են: Գործերի քանակը շատ է, դատարանը ծանրաբեռնված է աշխատում»,- ավելացրեց դատարանի նախագահը: Նա քրեական գործերի թվի աճը մի քանի պատճառներով է բացատրում: Առաջին հերթին` ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչի հետեւանքով էլ հանցագործությունների բացահայտումն է ավելացել: Բացի այդ, ընդհանուր առմամբ աճել են հանցագործությունների կատարման դեպքերը, ինչին նպաստել է նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «Մեր մարզում գողություններն ու ընտանիքում կատարվող հանցագործություններն են շատացել: Սոցիալական ապահովվածության հետ կապված խնդիրները կարող են դրդել որոշակի հանցագործությունների: Դրա համար սոցիոլոգիական լուրջ ուսումնասիրություն է պետք, բայց իմ կարծիքով` հանցագործությունների աճը կապ ունի ճգնաժամի հետ»,- ավելացրեց Սուրեն Մնոյանը: Ֆինանսական ճգնաժամի եւ հանցագործությունների կապի մասին զրուցեցինք նաեւ հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ: Նրա կարծիքով` ցանկացած ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամ անպայման հանգեցնում է սոցիալ-հոգեբանական ճգնաժամային երեւույթների առաջացման, որովհետեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի կրողը, վերջին հաշվով, մարդն է: «Անխուսափելիորեն ճգնաժամն իր դրսեւորումներն ունենում է մարդկանց վրա եւ կարող է տարբեր խորությամբ ազդել: Յուրաքանչյուր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց վարքագծում ունեն քրեական հակումներ: Նման մարդիկ ֆինանսական, տնտեսական խնդիրները լուծելու համար կարող են սոցիալական բնույթի հանցագործություններ կատարել` գողություն, թալան եւ այլն: Այսինքն` ճգնաժամը «բարենպաստ» պայմաններ է ստեղծում այն մարդկանց համար, որոնք ներքուստ պատրաստ են հանցագործություններ կատարել»,- ասում է Կ. Նալչաջյանը: Հոգեբանի կարծիքով` նույն վիճակում հայտնված ոչ բոլոր մարդիկ կարող են հանցագործություններ կատարել: Հոգեբանական տեսակետից ճգնաժամ-հանցագործություն կապին Կ. Նալչաջյանը նորմալ է վերաբերվում: «Քանի որ ճգնաժամը մարդու մոտ նաեւ հոգեբանական ճգնաժամ է առաջացնում, այն կարող է նաեւ չերեւացող դրսեւորումներ էլ ունենալ: Հատկապես տղամարդիկ, երբ լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ են կանգնում, կարող են ինքնասպանության դիմել: Իհարկե, պարտադիր չէ, բայց հնարավոր է մարդը հարցի լուծումը գտնի իր կյանքին վերջ տալու մեջ: Մարդկանց մի մասն էլ կարող է ագրեսիվ դառնալ, նախանձել, եսասեր դառնալ: Այսինքն` առաջանում են բացասական հոգեբանական փոփոխություններ»,- ասում է հոգեբանը: Թեեւ ճգնաժամը բացասական երեւույթ է, բայց հոգեբանի կարծիքով` մարդուն այն կարող է «հավաքել», բերել սթափ վիճակի` խնդիրներից ելք գտնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter