HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քաղաքացին մտածում է պիտի գա դատարան, նայենք իր աչքերին` հարցը լուծենք ու գնա»

«Հետքի» հարցերին պատասխանում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը Մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ Արագածոտնի մարզում հաճախակի են դարձել արագացված դատաքննությունները: Այդ դեպքում, ինչքանո՞վ է արդյունավետ պաշտպանի մասնակցությունը գործին: Օրենքով նախատեսված է արագացված դատավարության կարգը: Նախատեսված են նաեւ այն դեպքերը, երբ գործին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Բոլոր դեպքերում էլ դատարանը ամբաստանյալին բացատրում է իր իրավունքները, եւ նա է որոշում` արագացվա՞ծ դատավարություն է ընտրում, թե՞ ոչ: Եթե արագացված է ուզում, դատարանը ամբաստանյալին հնարավորություն է տալիս, որպեսզի դատաքննության ժամանակ ապահովվի պաշտպանի մասնակցությունը: Եթե ամբաստանյալը պատճառաբանում է, որ պաշտպան չունենալը պայմանավորված է իր ֆինանսական վիճակով, դատարանն իրավունք ունի ապահովել հանրային պաշտպանի մասնակցությունը: Այդ դեպքում էլ պաշտպանին ժամանակ է տրվում, որպեսզի ծանոթանա գործին: Ինչ վերաբերում է արագացված դատավարությունների ժամանակ պաշտպանի մասնակցության արդյունավետությանը, հստակ չեմ կարող պատասխանել, որ նա խորությամբ չի կարողանում ծանոթանալ գործին: Դա արդեն պաշտպանի խնդիրն է: Եթե նա մասնակցել է գործի նախաքննությանը, ուրեմն ծանոթ է գործին: Եթե դատաքննության ընթացքում պաշտպանը նոր է գործին ծանոթանում, ապա պաշտպանն է միջնորդում, որպեսզի գործի նյութերին ծանոթանալու համար իրեն ժամանակ տրվի: Պաշտպանը պետք է որոշի, թե ինչքան ժամկետ է իրեն պետք: Եթե պաշտպանը հնարավորություն ունի գործի նյութերին ծանոթանալ 1-2 ժամվա ընթացքում, եւ դատարանն էլ հնարավորություն ունի այդ ժամանակահատվածից հետո վերսկսել գործի քննությունը, ինչու՞ պետք է դատարանն ասի` ոչ, դու այդ ժամանակահատվածում ի վիճակի չես ծանոթանալ գործի նյութերին: Արագածոտնի մարզում դեպքեր ենք արձանագրել, երբ ամբաստանյալը մինչեւ վերջ էլ չի իմացել իր պաշտպանի անունը եւ կարողացել է միայն նկարագրել նրա արտաքին տեսքը, քանի որ նրա հետ չի շփվել եւ հանդիպել են դատարանում: Այդ մասին ի՞նչ կասեք: Ինձ համար ծիծաղելի է այդ վիճակը: Եթե նկարագրել են փաստաբանին, դա նշանակում է, որ գործին փաստաբան մասնակցել է, գուցե նրա անունն է մոռացել: Հետաքրքիր է, իսկ ձեզ հանդիպած քաղաքացին հասկացե՞լ է, թե ինչի համար է դատապարտվել: Այսինքն` գործ եք ունեցել մի մարդու հետ, որի իրավագիտակցությունը զրո մակարդակի վրա է: Շատ հնարավոր է, որ այդ մարդը չի էլ հասկացել կամ ճիշտ չի ըմբռնել, թե ինչու է եկել դատարան: Հնարավոր է, որ այդ մարդը պաշտպանի անունն էլ չհիշեր, բայց դա չի նշանակում, որ պաշտպանը գործի նյութերին չի ծանոթացել: Քրեական գործերի գերակշիռ մասով մեղադրյալը նախաքննության ժամանակ հրաժարվում է պաշտպանից, սակայն դատարանում ցանկանում է պաշտպան ունենալ: Ինչու՞ են նախաքննության ժամանակ հրաժարվում պաշտպանից: Դժվարանում եմ ասել պատճառը որն է, բայց դա ամբաստանյալի դիրքորոշումն է: Չեմ կարող ասել, թե ինչու են հրաժարվում: Երեւի ամբաստանյալները պետք է իմանան իրենց իրավունքները, քանի որ նրանց բացատրվում է: Քրեական օրենսգիրքը նախատեսել է այնպիսի պայմաններ, որ քննիչները չեն կարող մեղադրյալներին չբացատրել նրանց իրավունքների մասին: Ամեն դեպքում, եթե մեղադրյալը չի զլանում եւ ծանոթանում է իր իրավունքներին եւ պարտականություններին, ինքը տեղյակ կլինի դրա մասին: Պարոն Մնոյան, շատ դեպքերում ամբաստանյալներն ասում են, որ իրենք առանց իմանալու են քննիչի տված թղթի տակ ստորագրել, որ հրաժարվում են պաշտպանից, քանի որ քննիչներն են ասել, թե պաշտպանից հրաժարվելը կօգնի գործի հեշտ լուծմանը: Բնակչության իրավագիտակցությունը գտնվում է դեռ այդ մակարդակին, որ քննիչն ասում է ստորագրի ու քո վիճակը հեշտ կլինի` նա էլ ստորագրում է: Այդպես չի լինում: Գրագետ մարդը արդյո՞ք նման ձեւով կվարվի: Ես կարծում եմ, որ գրագետ մարդը կծանոթանա իր իրավունքներին եւ ինքը կորոշի` կարո՞ղ է իրականացնել իր պաշտպանությունը, թե՞ ոչ: Ես միշտ կողմնակից եմ եղել, որ գործերի քննությանը պարտադիր պաշտպաններ մասնակցեն: Շատ երկրներում նույնիսկ քաղաքացիական դատավարությունների ընթացքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Կարծում եմ` մենք էլ կհասնենք դրան, որ գործերի քննությանը պաշտպանի մասնակցությունը պարտադիր կլինի: Դա դատարանի համար լավ է նրանով, որ գործ կունենանք իրավաբանի հետ: Իսկ իրավաբանի հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է, քան իրավաբանությունից հեռու մարդու հետ: Դատաքննության ընթացքում բավականին խնդիրներ առաջանում են, երբ կողմն անգրագետ է լինում, եւ դատարանը ստիպված է լինում որոշակի բացատրական աշխատանք տանել: Այն աշխատանքը, որը պետք է տանի պաշտպանը: Հաճախ է լինում, երբ կողմը քաղաքացիական դատավարության ժամանակ չի իմանում, թե ինչ վարքագիծ պետք է դրսեւորի: Շատ է լինում, որ քաղաքացիական գործերով դատավարության են գալիս ու դահլիճում ասում են` դատավոր ջան, իմ հարցը լուծի, ես գնամ: Ասում եմ` ներկայացեք, նորից են ասում` իմ հարցը լուծեք, ես գնամ: Նույնիսկ իրենց համար անհասկանալի է «ներկայացեք» արտահայտությունը: Իրավաբանությունից հեռու քաղաքացին մտածում է` պիտի գա դատարան, նայենք իր սիրուն աչքերին, հարցը լուծենք ու գնա: Կամ էլ գալիս են դատարան, ասում են` այդ թուղթը տուր, տանեմ ներկայացնեմ այս ինչ տեղը: Նման դեպքերում մի տեսակ դատարանի նկատմամբ հարգանքը կորում է: Դատարանը ստիպված է լինում բացատրել, թե ինչ է նշանակում «ներկայացեք» արտահայտությունը, կամ ինչ իրավունքներ ունեն դատարանում: Երբեմն էլ սկսում ենք բացատրել, թե այդ իրավունքն ինչ է նշանակում եւ այլն: Դա բավականին բարդություններ է ստեղծում մեզ համար: Դրա համար եմ ասում, որ պաշտպանի մասնակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ դատարանի գործն է հեշտանում: Ձեր կարծիքով, երբ ընդհանուր իրավասության դատարանն ակնհայտ սխալ վճիռ է կայացնում, իսկ վերաքննիչ դատարանը բեկանում է վճիռը, սխալ վճիռ կայացրած դատավորին պե՞տք է ենթարկել պատասխանատվության, թե՞ ոչ: Եթե խախտումն էական է, ապա կարծում եմ, որ դրա համար դատավորը պետք է ենթարկվի պատասխանատվության: Հակառակ դեպքում, իմ կարծիքով, դատավորը չպետք է ենթարկվի պատասխանատվության: Իսկ ո՞վ է ասել, որ 100 տոկոսով արդարադատություն հնարավոր է իրականացնել: Եթե նման բան լիներ, վերաքննիչ դատարան չէինք ունենա: Հենց այդ դատարանն էլ վերացնում է ընդհանուր իրավասության դատարանի թույլ տված սխալը: Մենք պարտադիր նայում ենք Վճռաբեկ դատարանի բոլոր ակտերը, որպեսզի հետագայում սխալներ թույլ չտանք: Այնպես որ, դա բնական բան է, եւ դրա համար դատավորին չպետք է ենթարկել պատասխանատվության: Բացի դա, միշտ էլ մի կողմը դատարանից դժգոհ է լինում եւ դատարանից դուրս գալով ասում է, թե արդար վճիռ չկայացրին, իբր մյուս կողմը ծանոթներ ուներ, դրա համար հաղթեց եւ այլն: Ոչ մի դեպքում կողմերն իրենց սխալը չեն ասում, թեեւ համոզված են, որ սխալ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter