HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գազալցակայանի սեփականատերը վարկի պատճառով տունն է կորցնում

Կառավարության կայքէջում (www.gov.am) տեղադրված` ՀՀ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրագործման գործընթացի ամփոփ հաշվետվության մեջ գրված է, որ ՌԴ-ից ստացված միջպետական 500 մլն դոլար վարկի գումարի ներքո հաստատվել է տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլրդ դրամ (250 մլն դոլար): Այն բաղկացած է երեք բաղադրիչից: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորմանը: Այս բաղադրիչի վարկառուն «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոն»-ի կողմից հիմնադրված, լիցենզավորված վարկային կազմակերպությունն է, որի նպատակը ՓՄՁ վարկավորման գործընթացն առավել արդյունավետ դարձնելն է: Բաղադրիչի ֆինանսական հատկացման չափը 6.4 մլրդ դրամ է: «Մերուժան-Ալեն» ՍՊԸ-ի տնօրեն Մերուժան Մամբրեյանն իրեն համարում է միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատեր, սակայն պետության տրամադրած վարկավորման գործընթացից անմասն է մնացել: Մ. Մամբրեյանը 2009 թ. գազալցակայան է կառուցել Լոռու մարզի Ջրաշեն գյուղում: Գազալցակայանը շահագործման է հանձնվել դեկտեմբերի 5-ին, սակայն 2 ամիս անց սեփականատերն այլեւս ի վիճակի չէ այն շահագործել, քանի որ մեծ վնասներ է կրում: Գազալցակայանի կառուցման համար Մ. Մամբրեյանը «Ագբա-Կրեդիդ Ագրիկոլ Բանկ»-ից տարբեր չափերի 3 վարկ է վերցրել, որի ընդհանուր գումարը կազմում է 11 միլիոն 940 հազար 884 դրամ: Վարկի դիմաց ՍՊԸ-ի սեփականատերը գրավ է դրել Երեւանում գտնվող իր 4 սենյականոց բնակարանը: Մի քանի ամիս հետո, ըստ պարտավորության, Մ. Մամբրեյանը պետք է փակի վարկի ամբողջ գումարը: Նա արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ բնակարանը վարկի դիմաց թողնելու է բանկին: Բայց հույս ունի, որ Կառավարությունն իրեն այս հարցում կաջակցի: Մերուժան Մամբրեյանը հունվարի 14-ին գրավոր նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի Կառավարությունն օգնի իրեն` 3 ամսով ազատելով հարկերից: Նշենք, որ վնասով աշխատող գազալցակայանն այժմ մեծ հարկեր է վճարում: Սահմանված է, որ ամսական 45 հազար խմ-ից ավել գազ օգտագործող գազալցակայանները հարկվում են 1խմ-ի համար 17 դրամով, իսկ մինչեւ 45 հազար խմ օգտագործողները պարտավոր են հարկային ծառայությանը վճարել ամսական 900 հազար դրամ: Մերուժան Մամբրեյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ճգնաժամի պատճառով գյուղացիները քիչ են օգտվում գազալցակայանից, եւ իրենք չեն կարող հարկերը վճարել, միեւնույն ժամանակ փակել վարկի գումարը: «Գարնանը լավ կլինի: Գյուղացիները վաճառելու բան կունենան, ու գազալցակայանից օգտվողները շատ կլինեն: Եթե Կառավարությունը հիմա մեզ օգնի, կկարողանանք ճգնաժամից դուրս գալ»,- համոզված է «Մերուժան-Ալեն» ՍՊԸ-ի տնօրենը: Նա տեղեկացել է, որ վարչապետին հասցեագրած իր դիմումն այժմ գտնվում է Ֆինանսների նախարարությունում եւ անհամբեր սպասում է պատասխանի: Գազալցակայանն այժմ ունի 10 աշխատող: Ըստ Մ. Մամբրեյանի` Լոռու մարզում նույնիսկ այդ 10 աշխատատեղն էլ մեծ բան է, քանի որ գործազուրկները շատ են: «Թող հարկայինից գան, ստուգեն, թե ինչքան քիչ են օգտվում գազալցակայանից: Մենք չենք բողոքում, պարզապես գազալցակայանն իրեն չի արդարացնում եւ ակնկալում ենք Կառավարության օգնությունը»,- ավելացրեց Մ. Մամբրեյանը: Նշված գազալցակայանում օրական լիցքավորվում է մոտ 35 ավտոմեքենա, սակայն ՍՊԸ-ի տնօրենի հաշվարկներով` օրական պետք է սպասարկեն 100 ավտոմեքենայի, որպեսզի շահույթ ունենան: Նրա ասելով` իր գազալցակայանի ճանապարհահատվածում տնտեսական ճգնաժամի պատճառով արդեն 2 գազալցակայան դադարեցրել է իր գործունեությունը, եւ հիմա նույն բանն իրեն է սպառնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter