HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի սովորական պատմություն

Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ Մարիետա Միքայելյանը մեզ հետ իր զրույցը սկսեց արդեն 6 ամիս Ղարաբաղի Մարտունի թիվ 3 զորամասում ծառայող որդու` Արթուր Միքայելյանի բանակ մեկնելու պատմությամբ: Որդին 10-րդ դասարանում սովորելուն զուգընթաց մասնավոր պարապել է` Զինվորական ակադեմիա ընդունվելու համար: Ընդունելության քննությունների փաստաթղթերը ներկայացնելիս Ալավերդու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի տված փաստաթղթով տղան առողջական խնդիրներ չի ունեցել, սակայն Զինվորական ակադեմիայում նրան բժշկական զննության ենթարկելուց հետո պարզվել է, որ հարթաթաթ է, ծնկի վնասվածքի խնդիրներ ունի, եւ փաստաթղթերը չեն ընդունել: «Եթե հարթաթաթության համար տղայիս չէր կարելի սովորել Զինվորական ակադեմիայում, այդ ինչպե՞ս եղավ, որ նրան պիտանի գտան բանակում ծառայելու համար, էսօրվա դրությամբ իմ տղան պոստերում կանգնած է լինում եւ չի բողոքում իր ծառայությունից, հեռախոսով մեզ հետ զրուցելիս էլ ասում է, որ սննդից ու ծառայությունից գոհ է: Իրան տված էր ոչ շարային ծառայություն, բայց իմ էրեխեն այսօր ամեն ինչ էլ անում է»,- տարակուսանքով ասաց զինվորի մայրը: Նա հպարտությամբ ցույց տվեց բանակում ծառայող որդու միջնակարգ կրթության վկայականը, որտեղ հիմնականում գերազանց գնահատականներ էին: Ի տարբերություն ավագ որդու` Մարիետայի միջնեկ տղան` Հովհաննեսը, դպրոցում լավ չի սովորում: «Էն մեկս շատ լավ սովորող էր»,- կրկին զինվոր որդով պարծեցավ մայրը: Մարիետան նաեւ պատմեց, որ զինվոր որդուն Նոր տարվա համար ուտելիք ու տաք հագուստ է ուղարկել: «Վանաձորից մարշուտնի կա, կիլոն 500 դրամով վեշն ուղարկում եմ երեխին: Եթե ստեղ Նոր տարվա ուտելիք մենք չունենանք` ոչինչ, կարեւորը երեխի վեշն ա: Ուղարկել եմ տաք հագուստ, հաջորդը, հա, կանֆետ եմ ուղարկել երեխին, չարազ եմ ուղարկել, չրեր եմ ուղարկելու, թխվածք եմ ուղարկում: Էրեխեն ասում ա` ուտելիքից էստեղ ապահով եմ, մամ ջան, պրոբլեմ չկա, միայն քաղցրավենիք եմ ուզում»,- հուզված ասաց Մարիետան: Տիգրան Միքայելյանի 5 անձից կազմված ընտանիքը բնակվում է նկուղային հարկում: Բնակարանը խոնավ է, զուրկ կոմունալ տարրական հարմարություններից: Բնակարանի բոլոր պատերը թաց են: «Տան խոնավությունը մեր ընտանիքի անդամների առողջության վրա շատ վատ է ազդում, սաղ տարին հիվանդ ենք լինում»,- ասում է կինը: Ընտանիքի բյուջեն ամուսնու 30 հազար դրամ աշխատավարձն է: «Անգործներումն էլ նոր ենք գրանցվել, առաջին նպաստն էլ դեկտեմբերին ենք ստացել, 18 հազար դրամ: Արթուրս դարձավ 18 տարեկան` նպաստը կտրեցին: Ասին` էլ չի հասնում, ինչքան դիմեցի, ասին` զինկոմիսարիատից թուղթ բերեք, տեղեկացրեք, որ ինքը ծառայության մեջ ա, բալը բրձրանում ա, էտ էլ չտվեցին, նույն վիճակի մեջ ենք: «Փարոս»-ում մեզ պատասխանում են` չկա, չի հասնում, բալը չի բավականացնում ու վսյո»,- ասաց նա: Մարիետան ասաց, որ խանութին միշտ պարտք են ունենում: Միքայելյանների բնակարանը գազիֆիկացված է, սակայն ընտանիքն այդ ծառայությունից չի օգտվում` վճարել չեն կարող: Տունը տաքացնում են փայտե վառարանով: «Գազի պարտք շատ ունեմ, բայց չգիտեմ ու չեմ էլ հարցրել, թե ինչքան է պարտքը, որովհետեւ սպասեցի, ասացի` թղթերը սարքեմ, նպաստը ստանամ, կտամ, էն էլ նպաստը չստացանք: Աղբի վարձը չեմ տվել, ջրի վարձը եսիմ երբ եմ տվել` մի 1000 դրամ, ինչքան ժամանակ է էլի չեմ տվել, տան վարձը չեմ տվել: Տունն էլ սեփականացրած չի, պետական տուն ա, երկու սենյակ ունենք, կոմունալ ոչ մի հարմարություն չկա: Եղածն էլ սկեսրայրս է մի քանի տարի առաջ մի բան հարմարեցրել: Էս վիճակում ապրող ընտանիք ենք»,- պատմեց Մարիետան: Տղայի բանակ մեկնելուց հետո ընտանիքը զրկվել է սոցիալական նպաստից: Իր ընտանիքի գոյությունը պահպանելու համար խիստ անհրաժեշտ նպաստից չզրկվելու համար Տիգրան Միքայելյանը փորձել է թաքցնել իր աշխատելու փաստը: «Տիգրան Միքայելյանը մեզնից թաքցրել էր իր աշխատելու փաստը: Սոցիալական ծառայության ինֆորմացիոն կենտրոնում է պարզվել, որ նա աշխատում է եւ 30 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Ավագ տղայի բանակ մեկնելուց հետո ընտանիքի սոցիալական միավորը փոխվել է, ներկայումս 30-ի փոխարեն այն կազմում է 28,9 միավոր: Ես գիտեմ, որ այդ ընտանիքը վատ է ապրում: Մենք այդ պատճառով էլ նրանց ընդգրկել ենք միանվագ նպաստների եռամսյակային ցուցակում, մինչեւ տեսնենք, թե ինչ ենք անում: Բացի այդ, երբ պարզեցինք, որ նրա տղան մեկնել է զինվորական ծառայության, պահանջեցինք տեղեկանք ներկայացնել զինկոմիսարիատից: Զինվորական ծառայության ընթացքում, քանի որ նրա ընտանիքը պետության խնամքի տակ է գտնվում, նրա բացակայությունը դիտվում է հարգելի, եւ նպաստի միավորը պահպանվում է: Սակայն քանի որ ընտանիքը նաեւ գործազուրկի կարգավիճակի 18 հազար դրամ նպաստ է ստանում, այդ գումարն էլ խանգարեց, որ նրանք սոցիալական նպաստ ստանան: Եթե այս ընտանիքը ունենար գործազուրկի կարգավիճակ առանց նպաստի, մեզ մոտ նրա նպաստի միավորը բարձր կլիներ եւ նպաստ կստանար: Երբ մեր պահանջով գործազուրկի կարգավիճակի տեղեկանք բերեց, գործում փոփոխություն կատարվեց, բայց Զբաղվածության կենտրոնից ստացվող գումարը փոշիացրեց միավորները: Երբ ավարտվի այդ վճարումը, գործազուրկի նրա կարգավիճակը կպահպանվի, այն ժամանակ էլ նա մեր ծառայությունից կստանա նպաստ»,- ասաց Ալավերդու «Փարոս» ծառայության պետ Արմեն Գեւորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter