HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գործարարները ստիպված են մեկ վարկը չմարած` մտածել հաջորդը վերցնելու

«Եթե մեր կառավարությունը չվարեր ճիշտ քաղաքականություն, տնտեսական ճգնաժամը կբերեր ֆինանսական ճգնաժամի,- ասում է Գյումրիի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի ղեկավար Արթուր Զաքարյանը,- դրա համար էլ, որքան էլ որ տարօրինակ է հնչում, հենց ճգնաժամային տարում մեր շահառուների թիվն ավելացավ 3-ով:

Եթե 2008-ին ունեինք պետական վարկից օգտվող 12 ձեռնարկատեր, եւ վարկային փաթեթն էլ կազմում էր 80 մլն դրամ, ապա 2009-ին ձեռնարկատերերի թիվը հասավ 15-ի, ապահովեցինք 90մլն-ի վարկային փաթեթ»: Ներդրումների եւ բիզնեսի տեսանկյունից ռիսկային գոտի համարվող Շիրակի մարզում կենտրոնի գործունեությունը գնահատվում է արդյունավետ, հավաստում են պատասխանատուները: Եթե վարկային փաթեթից օգտվողների թիվը սակավ է, ապա խորհրդատվական աջակցությունից օգտվողների թիվն անցնում է 100-ը: Կենտրոնը դասընթացներ է կազմակերպում նաեւ սկսնակ բիզնեսմենների համար, որպեսզի վերջիններս կարողանան գրագետ կազմակերպել հիմնելիք ապագա գործը: Փաստորեն, Շիրակի մարզում սեփական բիզնեսով զբաղվողների կամ բիզնես սկսելու ցանկություն հայտնողների թիվն այնքան էլ քիչ չէ, այդ դեպքում ինչու՞ է այդքան քիչ վարկառուների թիվը: Արթուր Զաքարյանն ասում է, որ 2009-ին իրենք ստացել են 30 հայտ, սակայն ներկայացված ծրագրերից ընդամենը 15-ն է ֆինանսավորվել: «Ծրագրերը եւս պիտի իրատեսական լինեն, դրանք բավական մանրակրկիտ ուսումնասիրվում են, որպեսզի տված գումարներն էլ նպատակային լինեն»,-ասում է Արթուր Զաքարյանը: Մարալիկի կաթի գործարանը գործարկելու նպատակով ներկայացված ծրագիրը, որը ենթադրում էր 15 մլն դրամ վարկի տրամադրում, մերժվել է ոչ թե կենտրոնի, այլ բանկի կողմից: «Մենք տրամադրելու էինք 10 մլն-ը, իսկ 5 մլն դրամը տրամադրելու էր բանկը,- ասում է Ա. Զաքարյանը,- բանկն ուղղակի ռիսկային համարեց գումարի տրամադրումը, այդ պատճառով տվյալ գործարարի հայտը մերժվեց: Կարծում եմ, որ այս պարագայում մերժումը գործարարի օգտին էր, քանի որ դա մի շրջան էր, երբ հսկայական քանակությամբ հանրապետություն կաթի փոշի էր ներկրվել, այս ոլորտում գործող նույնատիպ կազմակերպություններն իրենք էլ ունեին խնդիրներ, չափազանց ռիսկային էր ու հնարավոր է` գումարի ետ վերադարձման խնդիրներ առաջանային: Ամեն դեպքում, տուժողը լինելու էր գործարարը»: Պետության կողմից տրամադրվող վարկային փաթեթն առաջարկվում է 12-ից 17 տոկոսով, 3 տարի մարման ժամկետով: Կենտրոնի ղեկավարը պնդում է, որ հենց սա էլ ապահովում է գումարների վերադարձելիությունը: «Մինչեւ օրս մենք վարկերի մարման առումով խնդիրներ չենք ունեցել,- ասում է Արթուր Զաքարյանը,- թեպետ իրականում դա բանկի խնդիրն է, ամեն դեպքում, դեռ ոչ մի դատական գործ Շիրակի մարզում չի եղել, որեւէ վարկառուի մենք կամ բանկը դատի չի տվել»: Կենտրոնին դիմել են նաեւ ստվերում գործող ձեռնարկատերեր, ովքեր իրավական դաշտ տեղափոխելով իրենց գործունեությունը` հնարավորություն են ստացել օգտվելու Կառավարության կողմից տրամադրվող վարկային փաթեթից, բնականաբար համապատասխան ծրագիր ներկայացնելով: Անհատ ձեռնարկատեր Կարուշ Ալեքսանյանը «Նուգա» տեսակի կոնֆետների արտադրությամբ զբաղվել է վաղուց, սակայն մինչեւ անցած տարի որեւէ տեսակի վարկավորումից չի օգտվել: Կարուշ Ալեքսանյանը 2009 թ. կարողացել է օգտվել Կառավարության վարկային փաթեթից: Դրա համար գործարարը մասնակցել է ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած դասընթացներին, պատրաստել ծրագիր, որի հիման վրա էլ վարկավորվել է: «Վարկավորվել եմ 2009 թ. սեպտեմբերին,- հեռախոսազրույցի ժամանակ պատմեց Կարուշ Ալեքսանյանը,- 1մլն 500 հազար դրամ է գումարը, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով: Գոհ եմ, դժգոհ չեմ, ուղղակի վատն էն է, որ վարկը ստանալու հաջորդ ամսից արդեն պիտի բանկին գումար փակվես: Սեպտեմբերին ստացել եմ, հոկտեմբերին արդեն 50 հազար դրամ փոխանցեցի բանկին, բայց հլա գործն էլ նորմալ չէի սկսել»: Գործարարի կարծիքով` նման մեխանիզմը կարող է օգուտ բերել բանկին, բայց ոչ` վարկառուին: Ինքը արտադրանք սկսել է տալ միայն դեկտեմբերին, իսկ սպառման խնդրով զբաղվել միայն այս տարվա սկզբից. խանգարել են ամանորյա տոները: «Փաստորեն, հըլը արտադրանք չտված` ես էդ գումարից արդեն 100 հազար վերադարձրեցի բանկին: Ռուսաստանում էդպես չէ, նախ` 2 տոկոսով են վարկը տալիս մեզ նման փոքր բիզնեսով զբաղվողներին, հետո` առաջին 3 տարին տոկոս էլ չեն վերցնում»,- դժգոհում է գործարարը: Վերցրած վարկով Կարուշ Ալեքսանյանը սարքավորումներ է գնել արտադրամասի համար: Աշխատանքներն ընդլայնվել են, ստեղծել է 4 աշխատատեղ: Փոքր բիզնեսով զբաղվող մեկ այլ գործարար` Վազգեն Գեւորգյանը, պետության կողմից տրամադրվող վարկային միջոցների վերաբերյալ այլ կարծիք ունի: 2009 թ. նա դիմել է Գյումրիի ՓՄՁ ԶԱԿ` խեցեգործության եւ բրուտագործության զարգացման համար վարկ ստանալու նպատակով: «Պետության այս աջակցությունը շատ դրական եմ գնահատում, նախ` որ վարկը տալիս են առանց գրավի առարկայի, հետո էլ` տոկոսադրույքներն են ցածր: Ես ստացել եմ վարկ 1մլն 480 հազար դրամ, 3 տարի մարման ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով»,- ասում է Վազգեն Գեւորգյանը: Վերջինս կենտրոնին դիմել է 2009 թ. մարտին, ապրիլին մասնակցել է սկսնակ բիզնեսմենների համար կազմակերպվող դասընթացներին: Գործարարը պատմեց, որ դասընթացներին մասնակից 20 սկսնակներից 19-ը վերջում ինքնուրույն կարողացել են բիզնես պլան գրել, իսկ դա արդեն մեծ բան է: Միակ թերացումը տրամադրվող վարկի ուշացումն է: Վազգեն Գեւորգյանը ծրագրի հաստատմանը սպասել է 3 ամիս եւ միայն 2009 թ. օգոստոսին վարկավորվել: Ստացած վարկային գումարը հիմնականում ծախսվել է արտադրամասի համար սարքավորումների, կավի ձեռքբերման վրա, դրանից հետո անցել է սեփական միջոցներին: Դեռ բուն աշխատանքները չեն սկսվել, եւ ստեղծված նոր աշխատատեղերի մասին Վազգեն Գեւորգյանը որեւէ բան չկարողացավ ասել, քանի որ մասնագետներ է փնտրում, հավանաբար փետրվարից նոր կսկսի արտադրանք տալ: Նրա հավաստմամբ՝ իրացման շուկան կա, պահանջարկ կա, բնականաբար, առանց նոր աշխատակիցների անհնար կլինի արտադրամասի գործարկումը: Կենտրոնի կողմից փոքր բիզնեսի համար հատկացվող գումարը չպիտի գերազանցի 2 մլն դրամը: «Ես էլ սկզբում որոշել էի 2 մլն-ի հայտ ներկայացնել, բայց հաշվարկներ արեցի, որպեսզի հասկանամ` արդյոք կարողանալու՞ եմ վերադարձնել, հետո՞ ինչ, որ տոկոսադրույքները ցածր են,- պարզաբանում է Վազգեն Գեւորգյանը,- հաշվարկեցի եւ որոշեցի դիմել 1մլն 480 հազարի համար, այսինքն` վստահ էի, որ այդ գումարն անպայման կփակեմ: Հետո իմ հետ վարկավորվածների մի մասն իրենք իրենց գրած գումարներն իրենց կամքով պակասեցրին, մյուսներին էլ ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները խորհուրդ տվեցին ռիսկի չգնալ ու չուզել ավելին, քան կարող են վերադարձնել»: Գործարար Ռոստոմ Սուքիասյանը վարկը վերցնելիս ռիսկային համարում է դոլար-դրամ փոխհարաբերությունը: Հատկապես, եթե պահանջվող ապրանքը ներկրվում է դոլարով կամ եվրոյով, իսկ վարկը հաշվարկվում է տվյալ պահին առկա դոլարի կուրսին համարժեք: Պարոն Սուքիասյանը պատմեց, որ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությունը սկսվել է 2007 թ. հոկտեմբերից, ստացել է 19 մլն վարկ «Անելիք» բանկից, 15 տոկոս տոկոսադրույքով: Դոլար-դրամ հարաբերությունը գործարարը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Ես զբաղվում եմ ձվարտադրությամբ, թռչնակերի արտադրամաս ունեմ, թռչուն, թռչնակերը ներկրում եմ արտերկրից, միայն գարին ու ցորենն եմ տեղում ձեռք բերում,- ասում է Ռոստոմ Սուքիասյանը,- երբ վարկ էի ստանում, դոլարի կուրսը 307 էր, հիմի տեսեք` ուր է հասել: Վերցրածս վարկի գումարը վաղուց եմ սպառել եւ հիմա անցել եմ անձնական միջոցներին: Այսինքն` վարկը փակելուց հետո փոքր ու միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցը կանգնում է զրոյի վրա»: Ռոստոմ Սուքիասյանը դժգոհեց բանկերի, պատկերավոր ասած «չոր» վերաբերմունքից: «Իրենք իրենց փողի տերն են, ճգնաժամ է, թե լիություն, իրենց հետաքրքիր չէ, պիտի ամիս-ամիս փողը հետ տաս: 2009 թ. սկսված ճգնաժամի աժիոտաժը կարծես մենակ մեզ համար էր, ոչ մի զիջումների բանկերը չգնացին, իրենք ունեն իրենց քաղաքականությունը ու դրանից չեն շեղվում»,- ասաց Ռ. Սուքիսայանը: «Ամասիայի գլխավոր պանրի գործարան» ՍՊԸ-ն ՓՄՁ ԶԱԿ-ի օժանդակությամբ, առաջին անգամ պետական վարկից օգտվել է 2004 թ.: Տնօրեն Նորիկ Շաբոյանը ներկայացրել էր 15 մլն դրամի ծրագիր: Պանրագործարանի դեպքում 10մլն վարկը պիտի տրամադրեր ԱԳԲԱ բանկը, իսկ 5մլն դրամը` ՓՄՁ ԶԱԿ-ը: Բանկը գործարանը գնահատել է 10մլն դրամ, որից հետո ծրագիրը հաստատվել է: Նորիկ Շաբոյանը ստացել է 15 մլն դրամ վարկ` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով: «Այդ տարին, որ ես վարկ եմ վերցրել ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով, գոհ եմ մնացել, դա 2004-2007 թթ. էին: Միակ թերությունն այն է, որ ծրագրի հաստատումը տեւում է մեկ ամիս: Ես դիմել էի հունվարին, վարկը ստացել եմ մարտ ամսին,- ասում է Նորիկ Շաբոյանը,- իսկ դա նշանակում է աշխատանքների ձգձգում: 2007 թ. վարկն ամբողջությամբ փակեցի եւ ուզում էի կրկին դիմել, ավելի ճիշտ` դիմեցի ու հենց էդտեղ էլ ունեցա խնդիրներ»: Այս անգամ ԱԳԲԱ-ն նույն գործարանը գնահատել է 32մլն դրամ` դրանով գործարանատիրոջը զրկելով պետական վարկ ստանալու հնարավորությունից: Նորիկ Շաբոյանը փորձել է ցածր տոկոսադրույքով առեւտրային վարկ վերցնել «Ինեկոբանկից», եւ այն պահին, երբ ընդամենը մեկ ստորագրությամբ պիտի հաստատվեր վարկը, պարոն Շաբոյանին հայտնել են, որ իրեն չեն կարող վարկավորել, եւ ինքը պիտի վարկ ստանա այն բանկից, որի հետ նախորդ տարիներին աշխատել է: «Եվ ես ստիպված եղա 2007 թ. առեւտրային վարկ վերցնել ԱԳԲԱ բանկից` արդեն 22 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հիմա մնացել է 1մլն դրամ, այդ գումարն էլ մինչեւ էս հունվարի վերջ կփակեմ, որպեսզի նոր վարկ վերցնեմ: Փաստորեն, ճգնաժամային տարում ես վարկ եմ փակել բավական բարձր տոկոսադրույքներով,- պատմում է Նորիկ Շաբոյանը,- 2010 թ. վարկ ստանալու համար դիմել եմ «Հայբիզնեսբանկ»-ին, տեսնենք, եթե էլի անակնկալներ չլինեն, ամենայն հավանականության այդ վարկը կստանամ»: «Հայբիզնեսբանկը» գործարանը գնահատել է 40 մլն դրամ եւ պատրաստվում է 15 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով 15 մլն դրամ տրամադրել Ամասիայի պանրագործարանին: Զրույցին ներկա էր նաեւ Ախուրյանի ««Վիկտորիա» կաթի գործարան» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Մաթեւոսյանը: Նա դժգոհ բանկերի կողմից գրավի առարկայի ցածր գնահատումից: «Չափազանց ցածր են գնահատում, մինչեւ կես գին, իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ վարկի մեծ գումարներ ստանալ: Օրինակ` 300 հազար արժեցող իմ գործարանը բանկը գնահատում է 50 հազար դոլար»,- ասաց տնօրենը: Նույն դժգոհությունն ունեին նաեւ Մեղրաշատի կաթի հավաքման եւ սառեցման գործով զբաղվող գործարարները: Մեղրաշատ գյուղում հիմնված «Մեղրաշատկաթ» ընկերության տնօրեն Գեւորգ Հակոբյանը ՓՄՁ ԶԱԿ-ին դիմել է հենց ճգնաժամային տարում: Տարիներ շարունակ կաթի մթերումը ամռան ամիսներին խնդիր է եղել գյուղում: Նախ` կաթ հավաքող կազմակերպությունները գինը իջեցնում են մինչեւ 70 դրամ, շատ ժամանակ չեն էլ տանում, քանի որ այդ ամիսներին կաթն առատ է, հումքը` ավելի էժան, եւ վերամշակող ձեռնարկությունները կաթի փոշին են օգտագործում: 2009 թ. ապրիլին Գեւորգ Հակոբյանը մասնակցել է կենտրոնի կազմակերպած դասընթացներին, այնուհետեւ ներկայացրել ծրագիր, որը հաստատվել է հունիսին, իսկ վարկը ստացել է օգոստոսին: Գրավի առարկա հանդիսացել է 3 մլն 600 հազար դրամ արժեքով սառնարանը, որը ձեռք է բերվել Շիրակի մրցունակության կենտրոնի իրականացրած վարկային ծրագրով: Գեւորգ Հակոբյանի ներկայացմամբ` պետությունից ինքը ստացել է 1մլն 300 հազար դրամ վարկ` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով: «Կոնկրետ մեր ծրագրի նպատակն ի՞նչ է` հավաքել գյուղացիներից կաթը, սառեցնել եւ կաթ մշակող ձեռնարկություններին վաճառել աշնանն ու ձմռանը, երբ խիստ պակասում է կաթի մթերումը, բայց, փաստորեն, ճգնաժամի պատճառով մեր սառեցրած կաթը չիրացվեց, ստիպված եղանք 2800 լիտր կաթ թափել,- ասում է «Մեղրաշատկաթի» տնօրենը,- էս պահին ծրագիրը կարելի է ձախողված համարել, բայց դե կիսատ հո չենք թողնելու»: Հատկապես գյուղատնտեսության ոլորտում գործող ձեռներեցները պնդում են, որ 3 տարով վարկի տրամադրումը չափազանց կարճ ժամկետ է: Ճիշտ է, համեմատած առեւտրային կամ բիզնես վարկերի հետ` պետության կողմից տրամադրվող վարկի տոկոսադրույքները ցածր են, սակայն գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվողների համար էլի լայն հեռանկարներ չեն բացվում, մարդիկ չեն կարողանում շահույթ ստանալ եւ ստիպված են մեկ վարկը դեռ չմարած` մտածել հաջորդը վերցնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter