«Ջուրը գյուղացուն հողի հետ կապող ամենաամուր օղակն է»
ՀՀՀ-ն և Արցախի կառավարությունը Սոս գյուղում իրականացնում են խմելու ջրի ծրագիր
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2009 թ. հոկտեմբերից սկսել է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ չգործող հին ջրամբարի վերանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համատեղ հովանավորությամբ: Այս մասին նշվում է հիմնադրամի այսօր տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Արդեն պատրաստ է 7,6 կիլոմետր երկարությամբ ներքին ցանցը, իսկ փետրվարին կսկսվեն հին ջրամբարի վերանորոգման ու բաժանարար հորերի կառուցման աշխատանքները:
Սոս համայնքի ղեկավար Իգոր Ղահրամյանի խոսքերով` հնամյա գյուղի բնակիչներն օգտվում են համայնքի միակ ջրհորից, որը քարուքանդ վիճակում է, իսկ ջուրը պիտանի չէ խմելու համար: «Ջուրը գյուղացուն հողի հետ կապող ամենաամուր օղակն է, եւ միայն ջուր լինելու դեպքում գյուղացին կարող է մտածել կենցաղային իր մյուս խնդիրների մասին»,- նշել է գյուղապետը:
«Բազմաթիվ համայնքներ Հայաստանում եւ Արցախում, ցավոք, մինչ օրս ջրի խնդիր ունեն: Ուրախալի է, որ ավարտին հասցնելով այս ծրագիրը` եւս մեկով կպակասի նման խնդիր ունեցող գյուղերի թիվը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի խոսքերով` իրենք հատուկ ուշադրություն են դարձնում համայնքների ջրամատակարարմանն ու երեխաներին առնչվող ծրագրերին:
2009 թ. հիմնադրամը ջրամատակարարում է ապահովել շրջանի Բերդաշեն եւ Սպիտակաշեն գյուղերում:
Դպրոցաշինական ոլորտում ընթացքում են Գիշի եւ Ճարտար գյուղերի դպրոցների կառուցման աշխատանքները: Վերջերս շահագործման է հանձնվել Սպիտակաշենի նոր դպրոցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել