HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունները «հատուկ» վերաբերմունք ունեն Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ

Այսօր «Սիլ Կոնցեռնը» հայտարարություն է տարածել սնանկության վարույթում գտնվող «Բջնի հանքային ջրերի գործարանի» վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը: «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին իշխանությունների կողմից Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ունեցած «հատուկ» վերաբերմունքի մասին: Իշխանությունները սնանկության վարույթում գտնվող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը (այսուհետև` Ընկերություն) հասցրին իրենց ուզած հանգրվանին: 25.12.2009 թ. ընկերությանը պատկանող անշարժ, շարժական գույքը, հանքային իրավունքների և այլ գույքային իրավունքների, որպես մեկ ամբողջություն, վաճառվեց «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը: Հարկ ենք համարում նշել, այս դեպքում նույնպես, ինչպես և 2009 թվականի փետրվար ամսին ընկերությանը պատկանող ամբողջ գույքի վաճառքը, կրկին նույն անձին, իրականացվել է օրենսդրական լուրջ խախտումներով, որոնք միանշանակորեն թույլ են տալիս փաստելու, որ կնքված գործարքն անվավեր է: Իշխանությունները թույլ են տվել հետևյալ կոպիտ խախտումները. 1. Ընկերությանը անօրինական և անհիմն կերպով պարտադրեցին վճարել ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ իբր բնօգտագործման վճարի գծով թույլ տված խախտումների համար` հաշվարկի մեջ մտցնելով գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալը` տույժերով հանդերձ: Այս խախտումը թույլ է տվել գործադիր մարմինը: 2. ՀՀ վարչական դատարանը անհիմն և անօրինական կերպով Ընկերության հայցը` վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել է, իսկ ՀՀ ՊԵԿ-ի հակընդդեմ հայցը` գումարը բռնագանձելու վերաբերյալ, բավարարել: Դատարանն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել այն փաստարկը, որ Ընկերությունում բնապահպանական և հարկային ստուգումներ են կատարվել նաև 2005-2006 թթ., և այդ ընթացքում որևէ խախտում բնօգտագործման վճարի մասով չի հայտնաբերվել: Մինչդեռ, Ընկերությանը մեղադրում էին այն խախտման մեջ, որ բնապահպանական տեսուչի կողմից 2005 թ. ապրիլին տեղադրված հաշվիչը ճիշտ չէր տեղադրվել: Դատարանը չպետք է անտեսեր այն փաստը, որ 2005 թ. դեկտեմբերին հարկային ծառայությունը ստուգում կատարելիս տեսել է նույն 2005 թ. ապրիլին տեղադրված հաշվիչը և դա չի համարել խախտում: Այս խախտումը թույլ է տվել դատական մարմինը: 3. Ընկերության գույքն օրենքի խախտումներով դրվել է աճուրդի և 2009 թ. փետրվարին վաճառվել «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը, իսկ վերջինես էլ իբր կանխիկ վճարել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ` խախտելով գործող նորմերի պահանջները` այդ գործարքն անկանխիկ կատարելու վերաբերյալ: Աճուրդի ժամանակ վճարված գումարների վճարման փաստը վիճարկող Ընկերության և զանգվածային լրատվամիջոցների ճնշման ներքո, իշխանությունները որոշեցին այլ կերպ հարցը լուծել. ձևականորեն բավարարելով Ընկերության հայցը` աճուրդն անվավեր ճանաչեցին և չսպասելով այդ վճռի օրինական ուժի մեջ մտնելուն` ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամը կանխիկ վերադարձրին: Այս խախտումը թույլ է տվել գործադիր մարմինը: 4. ՀՀ Ոստիկանության և դատախազության մարմինները մեծ անտարբերության են մատնել Ընկերության` կեղծիքներ կատարելու վերաբերյալ հաղորդումները` առանց պատշաճ քննություն իրականացնելու: Այս խախտումը թույլ են տվել գործադիր և դատախազական մարմինները: 5. Չսպասելով վարչական դատարանի` աճուրդն անվավեր ճանաչելու վճռի օրինական ուժի մեջ մտնելուն` հարկադիր կատարողը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանն էլ վճռել է Ընկերությանը սնանկ ճանաչել: Այս խախտումը թույլ են տվել գործադիր և դատական մարմինները: 6. Սնանկության գործընթացում դատարանը չի թույլատրել Ընկերությանը վաճառել գետը հոսող հանքային ջուրը, որի վաճառքի համար արտադրական անհրաժեշտություն չկար: Այս խախտումը թույլ է տվել դատական մարմինը: 7. Սնանկության գործընթացում Ընկերության տնօրենին և բաժնետերերին արհեստականորեն դուրս են մղել Ընկերությունից` նրանց օրինական վերահսկողությունից փաստացի զրկելով: Դա կատարվել է Ընկերության տնօրենին անօրինական կերպով հեռացնելու (այդպիսի իրավունք կառավարիչը չունի) և պարտատեր-Սուքիասյաններին առաջին ժողովին չթույլատրելու միջոցով: Այս խախտումը թույլ են տվել դատական մարմինը և նրա հսկողության տակ գտնվող կառավարիչը: 8. Սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ընկերության գույքն աճուրդով վաճառելու մասին, և այն չի ուղարկել բաժնետեր-պարտատերերին` զրկելով նրանց իրենց մեկնարկային գինը թելադրելու հնարավորությունից: Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշել է Ընկերության գույքը աճուրդի միջոցով 5.184.000.000 ՀՀ մեկնարկային գնով վաճառել: Այս խախտումը թույլ են տվել դատական մարմինը և նրա հսկողության տակ գտնվող կառավարիչը: 9. Կառավարիչն առաջին աճուրդն անցկացնելուց հետո, առանց աճուրդով գույքը վաճառելու գործընթացի ընդհատման մասին դատարանի որոշման` միջնորդություն է ներկայացրել դատարան` 4.300.000.000 ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) գույքը մինչև 2014 թ. փետրվարի 2-ը տարաժամկետ վճարելու պայմանով ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ: Ընդ որում, պետք է Ընկերության գույքը վաճառվեր նույն «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը: Մինչ այդ` 24.12.2009 թ., կառավարիչը պարտատերերի ժողով է անցկացրել` ՀՀ ՊԵԿ-ի և մեկ այլ պարտատիրոջ մասնակցությամբ, որոնք որոշել են թույլատրել այդ գործարքը: Դատարանն անօրինական և անհիմն որոշմամբ թույլատրել է նշված գործարքը: Այս խախտումը թույլ են տվել գործադիր և դատական մարմինները, ինչպես նաև դատական մարմնի հսկողության տակ գտնվող կառավարիչը: «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ի հետ տարաժամկետ վճարման պայմանով պայմանագիր կնքելն ուղղակիորեն գալիս է վկայելու այն փաստը, որ վերջինս այն ժամանակ իրականում չի ունեցել համապատասխան դրամական միջոցներ, իսկ իշխանություններն էլ որոշել են նվիրել ընկերությանը պատկանող գույքը գնորդին: Բոլոր դեպքերում, թե իրավաբանորեն, և թե մարդկայնորեն «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն բարեխիղճ ձեռքբերող չէ: «Սիլ Կոնցեռնը» առավել քան վստահ է, որ կգա ժամանակը, երբ կվերադարձվի ընկերության գույքը իրական տիրոջը` վերջինիս  կրած վնասների փոխհատուցմամբ հանդերձ, որովհետև գույքը սեփականատիրոջից վերցված է ապօրինի ճանապարհով, ոստիկանության, դատախազության, ԴԱՀԿ-ի, բնապահպանության ու հարկային մարմինների ճնշումների, ապօրինի ակտերի և խոշտանգումների միջոցով: «Սիլ Կոնցեռնի» լրատվական և իրավաբանական ծառայություններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter