HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանին հաստատեց բնապահպանական ծրագրերի մասով համայնքի բյուջեն

Հունվարի 29-ին Ալավերդու քաղաքապետարանի ավագանին քննարկեց և  հաստատեց համայնքի բյուջեին` Պետբյուջեից հատկացվելիք բնապահպանական մասհանումներով քաղաքի 2011թ.-ի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրերը: Ծրագիրը ավագանու քննարկմանը ներկայացրեց քաղաքապետ Արթուր Նալբանդյանը. «Սա առաջին տարին չէ, որ բնապահպանական ծրագրեր ենք քննարկում: Զգուշացնեմ, որ սա նախնական քննարկում է, որը ներկայացնում ենք Ձեր հաստատմանը, քննարկվելուց հետո դեռ բնապահպանության, առողջապահության և ֆինանսների նախարարությունները պետք է վերջնական հաստատեն այս ծրագրերը, ըստ այդմ, մենք հաստատված ծրագրերը նորից կներկայացնենք Ձեր քննարկմանը»,- ավագանու անդամներին տեղեկացրեց քաղաքապետը: Նա նշեց, որ բնապահպանական ծրագրերի նախորդ տարիների  քննարկումը ավագանին կատարել է օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, այժմ կատարվող շուտափույթ քննարկումը նախարարությունների պահանջով է. «Նախարարությունների պահանջով քննարկումը կատարում ենք փետրվար ամսին»,- ասաց նա: Քաղաքապետն իր զեկուցման մեջ նաև հայտնեց, որ քանի որ իրենք էլ շատ ժամանակ չեն ունեցել, փորձել են հաշվի առնել նաև բնակչության կարծիքը. «Փորձել ենք հաշվի առնել այն ծրագրերը, որոնք բնակչության և մեր կողմից, էսպես ասած` առաջնային ենք համարել, և ներկայացված ծրագրերը` սկսած թվերից, վերջացրած ծրագրերից պայմանական են»,- ասաց նա: Ավելացնենք, որ քաղաքապետի կողմից ավագանու անդամներին ներկայացված 2011թ.-ի բնապահպանական ծրագրերին Ալավերդու բնակչությունն իրականում չի տեղեկացվել: Թե ինչպե՞ս է նա հաշվի առել բնակչության կարծիքը, մնաց անհասկանալի: Դա ներկայացնելու կարիք հազիվ թե առաջանար, քանի որ 2011թ.-ի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ներկայացված ծրագրերը հիմնականում Արթուր Նալբանդյանի կողմից նախկին տարիներին հեղինակած ծրագրերի կրկնությունն էր, բացառությամբ քաղաքի աղբավայրի կառուցման համար հատկացված, պահանջված գումարից մի քանի անգամ նվազ` 50 մլն դրամի հատկացումը: Այդուհանդերձ, քաղաքապետ Արթուր Նալբանդյանը զեկուցեց. «Բնապահպանական ծրագրերը, ինչպես գիտեք, բաժանվում են 2 մասի` բնապահպանության գծով և առողջապահության գծով` 70:30 տոկոս հարաբերությամբ: Համայնքի կողմից ընդունվել է ու ներկայացնում ենք Ձեզ, որ Ալավերդի համայնքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի կառուցման համար նախատեսված է 50 մլն դրամ, քաղաքի կանաչապատ և անտառային տարածքների վերականգնման աշխատանքների համար հատկացվել է 4,5 մլն դրամ, Ս./Սարահարթի և ներքևի հատվածի փողոցների ասֆալտապատ ծածկույթի վերանորոգման համար նախատեսվել է 28 մլն. դրամ, (հիշեցնենք, որ 2010թ.-ի համար այս նույն փողոցների ասֆալտապատ ծածկույթների վերանորոգման համար հատկացվել է 26 մլն դրամ) Ս./Սարահարթ թաղամասի 2-բ շենքի մանկական հրապարակի նորոգման համար նախատեսվել է 4,2 մլն. դրամ, համայնքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի կառուցման հետազոտական, նաև փորձագիտական հաշվարկային փաստաթղթերը  կազմելու համար նախատեսվել է 3,7 մլն դրամ: Սա նախատեսել ենք բնապահպանական մասով»,- զեկուցեց քաղաքապետը: Ապա նա առաջարկեց ներկայացնել առողջապահական մասով հատկացումները, և անցնել քննարկման: «Համայնքի 6 մանկապարտեզների, շուրջ 440 երեխաների լրացուցիչ սննդի ապահովման համար հատկացնել 6,7 մլն դրամ, առողջության ամրպնդման նպատակով թվով 75 երեխայի համար ճամբարների ուղեգրերի ձեռք բերման համար` 6 մլն դրամ, 300 հղիների լրացուցիչ սննդի համար` 7,3 մլն. դրամ, համայնքի 90 տոբերկուլյոզով հիվանդների լրացուցիչ սննդի տրամադրման համար` 5,263 մլն դրամ, առողջության ամրապնդման նպատակով համայնքի բնակիչներից 50 հոգի առողջարան ուղարկելու համար ուղեգրերի  հատկացման նպատակով` 9 մլն դրամ, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների դեռատիզացիայի համար նախատեսել 4,6 մլն դրամ: Սրանք այն ծրագրերն են, որ քաղաքապետարանը նախնական կազմել է և ներկայացնում է Ձեր քննարկման»,- իր զեկուցում ավարտեց պրն Նալբանդյանը` ավագանուն հիշեցնելով, որ համայնքի այս տարվա բնապահպանական մասհանումները կազմում են 37մլն. դրամ: Արթուր Նալբանդյանը ավագանու անդամներին հավաստիացրեց, որ նախարարությունների կողմից ծրագրերի ֆինանսական մասը հաստատելուց հետո, այն կներկայացնի ՀԿ-ների քննարկմանը: «Փորձելու ենք բոլորի կարծիքը հաշվի առնել»,- հավաստիացրեց Արթուր Նալբանդյանը: Նշենք, որ քաղաքապետարանը, անցած տարիներին բնապահպանական մասհանումների նույն տողերով նախատեսված  միջոցների փաստացի ծախսումների մասին որպես կանոն բնակչությանը բաց տեղեկատվություն չի հաղորդում: Իսկ նախատեսված գնումների կատարումը տարիներ շարունակ  հանդիսանում է քաղաքապետին պատկանող խանութների մենաշնորհը: Ավագանու անդամներից ոմանք ծրագրերը համարեցին նախնական և առաջարկեցին քննարկում չծավալել: Սակայն ավագանու անդամ Գագիկ Էվոյանը քաղաքապետին հարցրեց. «Առողջապահական ծրագրով մանկապարտեզներին հատկացված լրացուցիչ սնունդը ո՞նց հասկանանք»: Քաղաքապետը փորձեց լրացուցիչ սննդի իր բացատրությունները ներկայացնել աագանու անդամին:  «Եթե ցանկը հետաքրքիր է, Դավիթը մանրամասն կասի, ինչ լրացուցիչ սնունդ ենք տալիս, առողջապահության նախարարությունն է ցանկը տալիս: Կալորիականությունով բարձր է տրվում»,- ասաց քաղաքապետը: «Ասենք` էս մարդիկ ինչ-որ կալորիա կա, որ դրանով պետք է սնվեն, անընդհատ ավելացնելով կլինի՞, ինչքան կարելի ա, էդքան բարձր սննդով չի կարելի ծանրաբեռնել էդ երեխանցը:  Ասենք տրամադրված ա էսքան գումար, ամեն տարի էս նույն բանը գրվում ա: էդ երեխանց համար լավ չի»,- քաղաքապետի ծրագրին հակադրվելու փորձ կատարեց ավագանու անդամ Արմեն Կարապետյանը: «2010-ի համար էլ էինք այս թիվը նախատեսել, բայց թիվը նվազել ա»,- հակադարձեց քաղաքապետը: Ա. Կարապետյանն էլ քաղաքապետին բացատրեց. «Ես էդ չեմ ասում, ասենք ամեն տարի էդ սննդի գումարը 2 մլն դրամ ավելացրիք, երեխաների թիվն էլ ա բարձրանում, ենթադրենք չավելացավ, ուր  ա գնալու էդ գումարը»: «Դա չի կրկնվում, դա ամեն տարի նույն թիվն ա գրվում»,- ավագանու անդամին փորձեց բացատրել քաղաքապետարանի ֆինբաժնի վարիչը,  որից հետո նիստին ներկա քաղաքապետարանի անձնակազմի յուրաքանչյուր անդամ ջանաց իր իմացածի չափով զորակցել  քաղաքապետին: Նիստում առաջացավ ժխոր, որին հաջորդեց ծրագրերի քվեարկումը:  Այս անգամ էլ Ալավերդու ավագանին միաձայն հաստատեց նիստի օրակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter